Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Ավարտվեց COP29-ը․ ո՞վ շահեց, ո՞վ տուժեց»․ Տիգրան Աբրահամյան

57
Այսօր, 10:18
«Ավարտվեց COP29-ը․ ո՞վ շահեց, ո՞վ տուժեց»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, ապա փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց:
Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիվ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցություններում կվերադառնար կառուցողական հուն և հնարավոր կլիներ նվազագույն կորուստներով ընդհանուր մոտեցումներում ըմբռնում ապահովել:
Երկրորդ, և՛ ներսում և՛ դրսում ակնկալիք էր ձևավորվել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապես հետո, Ադրբեջանը որպես բարի կամքի դրսևորում, ազատ կարձակի Բաքվի բանտերում պահվող գերիների, ռազմագերին առնվազն մի մասին:
Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընթարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ:
Ավելին, նույն COP-29-ի օրերին, Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դեմ, իսկ գերիների թեման այդպես էլ մնաց առկախված:
Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:
ԱՄՆ նախագահը նույնիսկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ Նախարարն ադրբեջանական իշխանությունների «երեսը լվանալով» հանդիպեց, այսպես կոչված, ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ, ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան հայտարարության շրջանառման՝ կոչ անելով Բաքվին, հետևել միջազգային կոնվենցիաների պահանջներին և ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի հետ կապված մի շարք առաջնահերթությունների:
Սակայն խորհրդարանի՝ իշխանությունը ներկայացնող հատվածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնությունը, այլ դրանով, ըստ էության, նաև աջակցեց ադրբեջանական իշխանություններին, թեման այլ հարթակներում արգելափակելու համար»: