Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

«Ահա այդ հարցում է Փաշինյանի գլխավոր պատասխանատվությունը». Հակոբ Բադալյան

64
Երեկ, 22:18
«Ահա այդ հարցում է Փաշինյանի գլխավոր պատասխանատվությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մեզանում կա մի մտայնություն, ըստ իս՝ որոշակի մոլորություն, որ 2020 թվականի պատերազմին Թուրքիան ներգրավվել է, որովհետեւ Հայաստանը մինչ այդ չի դրսեւորել Թուրքիայի հանդեպ բավարար բարյացկամություն, եւ ավելին, անգամ իրեն թույլ է տվել հայտարարություններ, որոնք դուր չէին գա Անկարային:
Այլ կերպ ասած, Հայաստանը չի պահել իրեն այնպես, որ այդ վարքագիծը դուր գա Անկարային եւ Անկարան Բաքվին չտա պատերազմի հրաման: Իսկ վիճարկել, որ Բաքվին 44-օրյա պատերազմի հրամանը տվել է Անկարան, եւ այդ պատերազմը իրականացվել է Անկարայի լիակատար հրամանատարությամբ, չի կարող կասկած հարուցել այդ պատերազմի ընթացքից շատ, թե քիչ տեղյակ, եւ ընդհանրապես դրա քաղաքական բնույթն ու էությունը պատկերացնող որեւէ մարդու մոտ:
Այդպիսով, Հայաստանը բավարար ջանք չի գործադրել Թուրքիային «դուր գալու» համար: Սա է տարբեր կերպ արտահայտվող մտայնության համառոտ տողատակը:
Ընդհանրապես, 44-օրյա պատերազմի առնչությամբ այս ինքնարախազան մոտեցումը մեր հանրությունում ունի լուրջ թե քաղաքական, թե առավել եւս սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության կարիք:
Շատ քիչ է մնում, որ ասվի, թե խեղճ Թուրքիան ու Ադրբեջանը ամբողջ ուժով ձգտում էին փոխզիջումային կարգավորման, եւ միայն տգետ Հայաստանն էր, որ կառչել էր «ոչմմիթիզականությունից» եւ այդպես ստիպեց, ուղղակի դրդեց այդ խեղճերին հարձակվել Արցախի ու իր վրա:
Պետք է արձանագրել հետեւյալը՝ մենք համարո՞ւմ ենք, որ Թուրքիա պետությունը իր առաջ դրել է Կովկաս մտնելու եւ այդ կերպ դեպի Կենտրոնական Ասիա ձգվելու ռազմավարական խնդիր՝ որպես թուրքական պետականության ապագա կենսունակության գրավական, թե՞ ոչ: Սա ելակետային է: Եթե մարդիկ գնահատում են, որ չի եղել ու չկա այդպիսի նպատակ, որ Թուրքիան իր համար, շատ համեստ, հանգիստ մի պետություն էր, որին պարզապես պետք չէր բարկացնել եւ հանել հունից, սա իհարկե մի բան է, թեեւ պարզ չէ, թե որքան իրատեսական ու ռացիոնալ մի բան:
Ինձ համար անկասկած է, որ Թուրքիայի համար Կովկաս մտնելը եղել է ռազմավարական խնդիր, որը մի շարք հանգամանքների բերումով կարող էր լուծել միայն պատերազմի միջոցով: Խաղաղ, դիվանագիտական ճանապարհով Թուրքիան չուներ դա անելու իրատեսական հնարավորություն: Եթե ունենար, եթե տեսներ այդպիսի հնարավորություն, ապա կարող ենք լինել թերեւս վստահ, որ Էրդողանը չէր կասեցնի ֆուտբոլային դիվանագիտությունը:
Նա կասեցրել է դա, որովհետեւ դրա շարունակությունը Թուրքիային զրկելու էր պատերազմի հնարավորությունից:
Եթե Հայաստանի իշխանությունը մինչեւ 2020 թվականի պատերազմն առավոտից երեկո խմեր Էրդողանի կենացը, միայն Էրդողանի քաղաքական անմեղսունակության եւ Թուրքիայի դատարկապետության կանխավարկածի դեպքում կարող ենք մտածել, թե դրանով «թակարդն» էինք գցելու նրան ու կապելու էինք ձեռքերը:
Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Սիրիայի նախագահ Ասադի հետ Էրդողանի գրեթե ընտանեկան մտերմությունը չխանգարեց նրան ներխուժել Սիրիա, երբ պետք էր, իսկ հիմա նորից քննարկել Ասադի հետ հանդիպման հնարավորություն, երբ հարկ է:
Կարծում եմ՝ քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ ոչ ռոմանտիկ, ոչ իռացիոնալ, սառը պատկերացումը հասկանալի կդարձնի այն, որ, եթե դիմացի կողմը չի ուզում, անկախ նրանից՝ դու նրանից մեծ, թե փոքր պետություն ես, չես կարող ի հեճուկս նրա ցանկության նետվել գիրկն ու չպոկվել նրանից:
Կրկնեմ, այո, Հայաստանն իր անկախության երեք տասնամյակում, ըստ էության, չի կարողացել լուծել Թուրքիայի խնդիրը: Այդ խնդիրը հայկական պետականության համար հիմնարար խնդիրներից է:
Բայց այստեղ խնդիրը դիտարկել՝ չնկատելով Թուրքիային իր ռազմավարությամբ եւ հավակնություններով, չնկատել Թուրքիայի թիկունքում կանգնած մյուս փղին՝ ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ իր ռազմավարական դիմակայությամբ եւ հաշվարկներով, կարծում եմ՝ մոլորություն է կամ սխալ:
Այդ դեպքում բնականաբար առաջանում է հարց, իսկ ի՞նչ աներ Հայաստանը, դատապարտվա՞ծ էր: Անկեղծ ասեմ, ես չունեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ բոլոր հարցերի պատասխանը ունենալու համար պետք է անձամբ լինել բանակցային առաջնագծում: Այն էլ հարց է, թե այդ դեպքում հնարավո՞ր է ունենալ բոլոր հարցերին ճշգրիտ պատասխան, թե ոչ, հաշվի առնելով մեր երկրի տրամաչափը:
Բայց ունեմ ներքին համոզում, որ մեր տապալումները սկսել են ներսում, շարունակվել են ներսում, եւ 2018-ից հետո էլ չեն դադարել հենց ներսում: Դրսում, որպես կանոն՝ մենք ընդամենը բախվել ենք ներսի տապալումների ավելի ու ավելի ծանրացող հետեւանքին: Իսկ այդ՝ ավելի ու ավելի ծանրանալու պատճառների մի զգալի մասը, բնականաբար, պայմանավորված է եղել միջազգային իրավիճակի աստիճանական ծանրացմամբ:
Սա նշանակում է, որ մեր առաջին դեմքերը, եւ ներկայիս առաջին դեմքը պատասխանատու են հենց ներքին տապալումների համար: Եվ ներկայումս կառավարող առաջին դեմքի գլխավոր տապալումն էլ ներքին է: 2018-ից հետո նա ներսում է ձախողել քաղաքականությունը, ներսում: Որովհետեւ ներսը կարգի բերելն էր 18-ի գլխավոր իմաստը, անելիքը: Եվ դա շատ բարդ անելիք էր, բայց որի հաջողության կամ գոնե համեմատական արդյունավետության դեպքում միայն մենք կարող էինք բարձրացնել արտաքին կենսունակությունը: Բայց մենք այդ համեմատական բարդ անելիքը հասցրինք նախկին-ներկա, թավիշ-չթավիշ պրիմիտիվության: Ահա այդ հարցում է Փաշինյանի գլխավոր պատասխանատվությունը: Գերբևեռների սեղմվող աշխարհում Հայաստանի դիմադրունակությունը կախված էր լինելու ներքին բյուրեղացման հեռանկարից, որը ձախողվել է հետեւողականորեն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան