«Վերադարձը՝ կեղծ օրակարգ կամ ընկեր ջան, գինի լից, դուխով». Հարութ Ուլոյան
124
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 00:24
Օգտատեր Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերադարձը՝ կեղծ օրակարգ կամ ընկեր ջան, գինի լից, դուխով Եթե մեր քաղուժերին թվում է, թե փաշինյանական ուրացող քաղաքականությանը «վերադարձ Արցախ» կարգախոսով հակադրվելու դեպքում հնարավոր է լինելու «հաջողության» հասնել, ապա նրանք հերթական «մոլորության» մեջ են: Իրականում դա մոլորություն էլ չի, այլ ամոթալի դեմագոգիկ դրսևորում, քանի որ եթե նման կարգախոսներով հնարավոր էլ լինի Հայաստանում տրամադրություններ գեներացնել, միևնույնն է, այդ կարգախոսն այդպես էլ շարունակելու է մնալ որպես կարգախոս: Մի բան է, երբ խոսքը գնում է արցախահայերի հիմնարար իրավունքների բռնի ոտնահարման, սեփականությունից զրկելու, մշակույթի պղծման կամ ոչնչացման, ու նմանատիպ խնդիրների բարձրաձայնման մասին, լրիվ այլ բան է, երբ փորձ է արվում օրակարգային դարձնել Ղարաբաղ վերադառնալու հարցը, այն էլ՝ ինքնավարության պայմանով, այն էլ՝ դրա հնարավորությունը ներկայացնելով՝ որպես ընդամենը տեխնիկական հարց: Քննադատելով նոր պատերազմներով վախեցնելու՝ Փաշինյանի փորձված պրակտիկան, «վերադարձ Արցախ» կենաց ասողներն այդպես էլ չեն ներկայացնում, առանց պատերազմի, այդ կարգախոսն իրականություն դարձնելու քայլերի հաջորդականությունը: Կենացների կենացը, որքան էլ տարօրինակ է, շարադրված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որում ոչ ավել, ոչ պակաս, հայտարարվում է հետևյալը՝ «Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը»: Այսինքն, ըստ Սարգսյանի, ով ստեղծված իրավիճակում անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը Ղարաբաղ, նա ազգի դավաճան է, իսկ ով գոչում է՝ «վերադարձ Արցախ», ուրեմն ազգի հերոս է: Ու հենց այս նույն մոտեցումն էր նաև մինչև 44-օրյա պատերազմը: Ես չգիտեմ, թե աշխարհում եղել է նման մի դեպք, երբ բռնի տեղահանված ողջ ժողովուրդն ինքնակամ վերադառնա ու բնակվի իրեն բռնի տեղահանածների մշտական սպառնալիքի տակ, բայց, ներկայումս, վստահաբար, ոչ մի արցախցի նման սցենարի չի համաձայնելու: Ո´չ Ռուսաստանը, ո´չ արևմուտքը, ո´չ էլ, առավել ևս, Ադրբեջանը երբևէ ո´չ նպաստելու են արցախցիների վերադարձին, ո´չ անվտանգություն են երաշխավորելու, ո´չ էլ, առավել ևս, ինքնավարություն են շնորհելու: ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՆ ինչ նրանք անելու են, հայտարարելու են, որ էթնիկ հայերը կարող են վերադառնալ Ադրբեջանի իրենց նախկին բնակավայրեր՝ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, և Ադրբեջանը պարտավոր է էթնիկ տարբերակում չմտցնել էթնիկ հայերին ինտեգրելու գործընթացում: Առավել ֆանտաստիկ իրավիճակի պայմաններում, կարող են նաև հավելել, որ իրենք, Ադրբեջանի հետ նախապես համաձայնության գալու դեպքերում, երբեմն առաքելություններ կուղարկեն՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Եթե «վերադարձ Արցախ» ասողներն ու ներկայումս դա իրատեսական համարողները սա նկատի ունեն, ապա թող այդպես էլ արտահայտվեն: Իսկ եթե նկատի ունեն վերադարձ նախկին՝ 12.000 քկմ մակերես զբաղեցնող ԼՂՀ, կամ, թեկուզ, 4.400 քկմ ԼՂԻՄ, ապա նույնիսկ եփած ու անգլուխ հավի համար էլ է հասկանալի, որ նման բան հնարավոր է միայն պատերազմով հաղթանակ տանելու պարագայում: Չեք բացառո՞ւմ: Իսկ մի՞թե բացառել-չբացառելու խնդիր է: Ու եթե այսօր դրա հնարավորությունը ակնհայտորեն չկա, այդ որքանո՞վ է ողջամիտ ու բարոյական նման խնդիր ձևակերպելն ու այն քաղաքական առաջնահերթ օրակարգ սահմանելը: Ու, ըստ այդմ, որքանո՞վ են նման անիրատեսական ու ժամանակավրեպ (մեղմ եմ ասում) օրակարգերը տարբերվում փաշինյանական ուրացման քաղաքականությունից: Քանի դեռ Փաշինյանի դեմ պայքարում նման կեղծ օրակարգեր են առաջ քաշվելու, Փաշինյանը մշտապես +1 արդյունքով հաղթող է դուրս գալու, քանի որ ինչպես մի առիթով գրել էի՝ «...Փաշինյանն ասողի դերում է, իսկ մյուսները՝ պատասխանողի։ Ու երբ պարզ մարդը տեսնում է, որ հրամցվող մանիպուլյացիային մյուս կողմը մեծամասամբ ստով է արձագանքում, այդ մարդը, բնականաբար, նախընտրելու է ասողին, ոչ թե պատասխանողին, քանի որ եթե ստի պատասխանը մեկ այլ սուտն է, ապա առաջին սուտն ինքնստինքյան «անմեղության կանխավարկածի» տակ է հայտնվում»»: