«ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին». Նիկոլ Փաշինյան
107
Այսօր, 12:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ: Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված: Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի: Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել՝ փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա: Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել: Եվրոմիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռքբերել: Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և խորանում: Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել: Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»: