Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

Կուրսկի մարզում ևս մեկ քաղաքի բնակիչների կոչ են արել տարհանվել

530
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 18:06
Կուրսկի մարզում ևս մեկ քաղաքի բնակիչների կոչ են արել տարհանվել

Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ռոման Ալյոխինը սահմանամերձ Ռիլսկ քաղաքի բնակիչներին կոչ է արել տարհանվել «քանի դեռ կա հնարավորություն»։ «Մի սպասեք մինչև վերջին րոպեն, ինչպես Սուջան, Կորենևո Գլուշկովոն: Ձեր և ձեր հարազատների կյանքն ավելի թանկ է, քան շան կյանքը»,- ասել է նա։

Ռիլսկը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Ալյոխինը ընդգծել է, որ խաղաղ բնակչությանը շտապ անհրաժեշտ է լքել քաղաքը, քանի դեռ այն անվտանգ է։ «Հեռանալու որոշումը հետաձգելով՝ դուք հարվածի տակ եք դնում ոչ միայն ձեզ, այլ նաև նրանց, ովքեր այնուհետև վտանգի են ենթարկելու իրենց կյանքը՝ ձեզ տարհանելու համար»,- բացատրել է նա:

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի (ԶՈՒ) հարձակման սկզբից մինչև օգոստոսի 22-ը շրջանի սահմանամերձ շրջաններից տարհանվել է 133 հազար բնակիչ, մնացել է մոտ 20 հազարը։ Միաժամանակ Կուրսկի բնակիչները իշխանություններին մեղադրում են մարդկանց տարհանման կազմակերպված միջոցառումների բացակայության մեջ։ Նրանց խոսքով՝ տարհանման ավտոբուսները Սուդժա, Լգով, Ռիլսկ և Կուրչատով են գնացել ընդամենը մեկ օրով, և այժմ բնակիչներն ստիպված են ինքնուրույն դուրս գալ այնտեղից։

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ներխուժել են Կուրսկի շրջան։ Նրանք ներկայում վերահսկում են գրեթե 1300 կմ² տարածք: Օպերացիան շարունակվում է։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական զինված ուժերը, բացի արդեն օկուպացված 93-ից, գրավել են ևս մեկ բնակավայր, ինչպես նաև նոր գերիներ են վեցրել։

Մինչդեռ ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ ուկրաինական ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում դադարեցվել է։ Մասնավորապես, այս մասին պարբերաբար հայտարարում է գերատեսչության ռազմաքաղաքական աշխատանքի գլխավոր տնօրինության պետի տեղակալ, չեչնիայի «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։ Նա նախ խոսել է օգոստոսի 9-ին տարածաշրջանում ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը «կասեցնելու» մասին, իսկ հետո նույնը կրկնել առնվազն ևս հինգ անգամ։

Միաժամանակ Ալաուդինովը խոստովանել է, որ Ռուսաստանի տարածքում մարտերը կարող են շարունակվել ևս մի քանի ամիս։ Կուրսկում արդեն սկսվել է հրետանային գնդակոծությունից երկաթբետոնե ապաստարանների տեղադրումը, ասել է նահանգապետի պաշտոնակատարը։ Ապաստանների տեղադրման հիմնական վայրերը կլինեն այն վայրերը, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ կան: Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվում Ժելեզնոգորսկում, ինչպես նաև Կուրչատովում, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, որի անվտանգությունը կասկածի տակ է դրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ռուսաստանի ղեկավարության համար Կուրսկի շրջանի ազատագրումը կարող է երկրորդական նպատակ լինել Դոնեցկում առաջխաղացման համեմատ։ Մոսկվայում մեծ խուճապ չկա Ուկրաինայի զինված ուժերի գործողության հետ կապված, ասում է Կարնեգի հիմնադրամի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Տատյանա Ստանովայան։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի համար ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է գրավել ամբողջ Դոնեցկի շրջանը և, ի վերջո, հասնել Ուկրաինայի կառավարության տապալմանը, քան պաշտպանել իր երկրի բնակչությանը։