Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան

86
Այսօր, 22:24
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել Medialub.am–ում, որը վերնագրել է. «ԵՄ անդամակցության պատրանքը»։

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«ԵՄ անդամակցության ճանապարհը և Ռուսաստանից կախվածության խորացման վտանգը

Օրերս լրահոսում նկատեցի, որ Սահմանադրական խորհրուրդը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Սահամանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։ Արամ Սարգսյանն էլ իր հարցազրույցներից մեկում, անունս չտալով, բայց ակնհայտորեն անդրադառնալով իմ հարցազրույցին, զարմանում է, թե ինչպես կարող է նախկին բարձրաստիճան պաշտոնյան Եվրամիությունից կախվածությունը համեմատել Ռուսաստանից կախվածության հետ։ Իմ նախկին գործընկերնեից ոչ մեկի համար գաղտնիք չի այս հարցի վերաբերյալ իմ տեսակետը։ Ու քանի որ թեման արդեն բացվել է, մտածեցի՝ արժե մի քիչ ավելի հանգամանորեն խոսել այդ մասին։

Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարն առաջին հայացքից գրավիչ է թվում։ Ավելին՝ շատերի համար այն Հայաստանի քաղաքակրթական ընտրության բնական շարունակությունն է։ Բայց ես կարծում եմ, որ այս հարցում մենք հաճախ ցանկալին շփոթում ենք հնարավորի հետ։

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական։ Եվ այստեղ է իմ հիմնական մտահոգությունը. ի՞նչ է տեղի ունենալու, երբ Հայաստանը շարունակի հետապնդել մի նպատակ, որի իրագործման իրական հնարավորությունները, ըստ էության, բացակայում են։ Իմ համոզմամբ՝ այդ ճանապարհով արված յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

Հայաստանի նորագույն պատմությանը նայելիս մի շատ հստակ և դաժան օրինաչափություն է երևում. ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։

1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ մերձենալու փորձերն ավարտվեցին ՀԱՊԿ-ի անդամակցությամբ և 1997 թվականին Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրմամբ՝ ամրապնդելով Հայաստանի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ։
2010-ականներին Սերժ Սարգսյանի իշխանության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փորձն ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշմամբ, որին հաջորդեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Այսօր այս նույն պատմությունը կարծես կրկնվում է, բայց շատ ավելի վտանգավոր սցենարով։ ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին և քայլերին զուգահեռ՝ ես տեսնում եմ Հայաստանը ռուս-բելառուսական «Միութենական պետության» մեջ ներքաշելու սպառնալիքի մեծացում։

Ես ինքս տեսել եմ, թե որքան ազատություն ունեինք Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու հարցում մինչև ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումը, և ինչպես են այդ հնարավորությունները սահմանափակվել դրանից հետո։

Այն ժամանակ, երբ ռուս սահմանապահները դուրս էին գալիս Հայաստան-Ադրբեջան սահմանների 17 կետերից, ՌԴ ԱԴԾ զորքերը դուրս էին գալիս Զվարթնոցի անցակետից, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա անցակետերից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվում էին Հայաստան-Ադրբեջան սահմաններին, երբ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում էր խաղաղության գործիքը, երբ Հայաստանը ԵՄ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն էր սկսում, երբ մեկնարկեց ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, երբ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը, որի արդյունքում Հայաստանը 270 մլն եվրո աջակցություն ստացավ դիմակայունության ծրագրերի համար, երբ Հայաստանը ԱՄՆ-ի հետ մեկնարկեց «Արծիվ գործընկերներ» զորավարժությունները և ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթղթերը, այդ ամենի ընթացքում Հայաստանը չուներ ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենք։

Սակայն այդ օրենքի բացակայությունը չէր խանգարում Հայաստանին իրական քայլերով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և խորացնել համագործակցությունն մյուս գործընկերների հետ։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ ԵՄ անդամակցության մասին օրենքն ընդունելուց հետո։

Հայաստանում սկսեց ավելի տեսանելի դառնալ Ռուսաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական ներկայությունը։ Ռուսամետ քաղաքական ուժերին տրված ձայների թիվը 330 հազարից հասավ 546 հազարի, «Ռոսսոտրուդնիչեստվոն» նախաձեռնեց նոր «Ռուսական տների» բացումը Հայաստանի մարզերում, նոր ատոմակայանի կառուցման հարցում այլևս չի բացառվում ռուսական տարբերակը, իսկ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն արդեն քննարկվում է։ Այս ամենի խորհրդանշական, բայց շատ խոսուն արտահայտությունն այն է, որ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը հայտնվեց ռուսամետ ուժի ձեռքում։

Երբ որ Հայաստանի հանրությունը քննարկում է որևէ համայնքում դպրոց կառուցել, թե՞ հիվանդանոց, թե՞ ճանապարհ Ռուսաստանը գրեթե շանս չի ունենում այդ քննարկումանը մասնակցելու, իսկ երբ սկսում է քննարկել ԵՄ-ին անդամակցության հարցը, ապա դրանով հրավիրում է ՌԴ-ին մասնակցելու այդ հարցի քննարկմանը և արդյունքներն էլ ակնհայտ են։

Սա պատահականություն չէ: ԵՄ անդամակցության մասին հայտարարություններն ու քայլերը կտրուկ սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանի կոշտ և ագրեսիվ հակազդեցության պայմաններում Հայաստանի պետական իմունային համակարգը պարզապես ի վիճակի չէ դիմակայելու Մոսկվայի տնտեսական, քաղաքական և հիբրիդային ճնշումներին: Արդյունքում, չունենալով Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքները՝ Հայաստանը ոչ միայն չի կարողանում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, այլև ավելի խոցելի է դառնում նրա ճնշումների նկատմամբ։

Արտաքին հովանավորի վրա հույս դնելու ձախողված փորձը

Հայաստանն արդեն իսկ ունի պատմական փորձ. եղել է Խորհրդային Միության կազմում, ապա փորձել է Ռուսաստանի հետ կառուցել ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Սակայն այս մոդելը ցույց տվեց իր անարդյունավետությունն ու ձախողվեց: ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը, իմ համոզմամբ, Հայաստանին կրկին մղում է դեպի այդ նույն փակուղին՝ ստիպելով վերադառնալ կախվածության այն ձևաչափերին, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց անկենսունակությունը մեզ համար:

Ինչպես ժամանակին մտածում էինք, որ Ռուսաստանը լուծելու է մեր անվտանգային խնդիրները, այնպես էլ հիմա նույն սխալ ակնկալիքն ունենք, թե ԵՄ-ն լուծելու է տնտեսական խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ անդամակցության ճանապարհին: Սակայն վտանգն այն է, որ Հայաստանը կարող է կրկին բախվել նույն դաժան իրողությանը, որին բախվեց 44-օրյա պատերազմից սկսած. արտաքին գործընկերը կարող է չստանձնել այն խնդիրների լուծումը, որոնք մենք վերագրում ենք նրան։

Տարածաշրջայնացումն ընդդեմ եվրաինտեգրման. Աշխարհաքաղաքական հավասարակշռության խաթարումը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող կտրված լինել աշխարհագրական իրականությունից։ Հարավային Կովկասում ընթացող խորքային գործընթացները ցույց են տալիս, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են տարածաշրջայնացման միտումներից, այլ ոչ միայն արտատարածաշրջանային ուժերի ներկայությունից։

Իմ փորձը ցույց է տալիս, որ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը հակասության մեջ է մտնում տարածաշրջայնացման բնականոն գործընթացի հետ։ Հայաստանը գտնվում է երեք խոշոր տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի հատման կետում։ Նրանցից յուրաքանչյուրի հետ Երևանի հարաբերությունները սերտորեն փոխկապակցված են և պահանջում են զգայուն հավասարակշռության պահպանում։

Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերի մասին՝ դեմ արտահայտվելով տարածաշրջանում արևմտյան ուժերի ռազմաքաղաքական ներկայության ընդլայնմանը։ Արևմուտքի հետ լարված հարաբերությունների պայմաններում Թեհրանը ԵՄ-ն դիտարկում է որպես հավաքական Արևմուտքի մաս։ Իմ գնահատմամբ՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության փորձերը կարող են վտանգել Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Իսկ Իրանը Հայաստանի համար պարզապես հարևան չէ, այլ կենսական նշանակություն ունեցող շնչառական ուղի։

Թուրքիան, թեև ՆԱՏՕ-ի անդամ է, բայց վարում է ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն։ Ադրբեջանի հետ միասին Անկարան ձգտում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Դրա օրինակներից է «3+3» ձևաչափը։ Իմ դիտարկմամբ՝ Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ընդլայնելու Երևանի փորձերը կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Ռուսաստանը ԵՄ անդամակցության Հայաստանի օրակարգը դիտարկում է որպես սպառնալիք տարածաշրջանում իր շահերին և դրան արձագանքում է կոշտ հակազդեցությամբ։

ԵՄ անդամակցության ճանապարհին էներգետիկ սահմանափակումները

ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը ստիպված է լինելու աստիճանաբար իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ-ին, այդ թվում՝ պատժամիջոցներին։ ԵՄ պաշտոնական տվյալներով այդ համապատասխանեցումը 2025 թվականի հոկտեմբերին հասել է 37%-ի, ինչը ԵՄ գործընկերներին հաճախ չի բավարարում։ ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը կանգնելու է նաև Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներին միանալու խնդրի առաջ։ Իմ գնահատմամբ՝ սա կարող է լրջորեն վնասել այդ երկու երկրների հետ հարաբերություններին, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության և տնտեսության համար։

Ռուսական գազի հնարավոր թանկացման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մատակարարումների դադարեցման մասին խոսակցությունների ֆոնին Հայաստանում ավելի ակտիվ են քննարկվում Իրանից գազի ներմուծումն ավելացնելու հնարավորությունները։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր հակասություն։

Եվրամիությունը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով արգելում է իրանական բնական գազի գնումը, ներմուծումն ու փոխանակումը։ ԵՄ անդամակցության և եվրոպական օրենսդրությանն ու արտաքին քաղաքականությանը համապատասխանեցման ճանապարհին Հայաստանը որոշակի փուլում ստիպված է լինելու իր օրենսդրությունն ու արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել նաև այս պահանջներին։

Սա նշանակում է, որ Հայաստանը կանգնելու է Իրանից գազի ներմուծումը դադարեցնելու անհրաժեշտության առաջ։ Հարցականի տակ է հայտնվելու նաև Հայաստանի և Իրանի միջև գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Ստացվում է հակասական իրավիճակ. երբ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար մեզ անհրաժեշտ են մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, իսկ ԵՄ անդամակցության ճանապարհին կարող ենք սահմանափակել նաև իրանական գազից օգտվելու հնարավորությունը։

Այսօրվա որոշումները՝ վաղվա դիվանագիտական սահմանափակումները

ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքն ինձ հիշեցնում է Անկախության հռչակագրի հետ կապված մեր այսօրվա խնդիրները։ Ժամանակին ընդունված ձևակերպումները, որոնք իրենց պատմական ու քաղաքական հիմնավորումներն ունեին, տարիներ անց դարձան արտաքին քաղաքական լուրջ վեճերի առարկա։ Դրանք նաև սահմանափակեցին Հայաստանի դիվանագիտական և քաղաքական ճկունությունը՝ նեղացնելով հնարավոր լուծումների շրջանակը։

Իմ մտահոգությունն այն է, որ այսօր կրկնում ենք նույն սխալը։ Մենք օրենքով ամրագրում ենք ԵՄ անդամակցության նպատակ, որի իրականացումը կախված է ոչ միայն Հայաստանի կամքից, այլև Եվրամիության բոլոր անդամ պետությունների համաձայնությունից։ Մինչդեռ այդ նպատակին հասնելու փորձերն արդեն այսօր կարող են սահմանափակել մեր դիվանագիտական հնարավորությունները և ազդել տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վրա։

Իմ համոզմամբ՝ պետությունը պետք է հատկապես զգույշ լինի այնպիսի որոշումներ ընդունելիս, որոնց իրականացումը միայն իրենից կախված չէ, բայց որոնց քաղաքական հետևանքները կարող են սահմանափակել նաև հաջորդ սերունդների ընտրության ազատությունը։

Մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը

Հայաստանի անվտանգային և քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը տարիներ շարունակ եղել է մեկ արտաքին կենտրոնից չափազանց մեծ կախվածությունը։ Մենք արդեն սեփական փորձով համոզվել ենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ քաղաքականությունը։

Հենց այդ պատճառով էլ մենք որդեգրեցինք մի պարզ բանաձև՝ քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Մեր նպատակը ոչ թե մի արտաքին կենտրոնից հեռանալն ու մյուսին ապավինելն էր, այլ հնարավորինս շատ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելը, որպեսզի Հայաստանի կախվածությունը որևէ մեկից վճռորոշ չլինի։

Մինչդեռ, իմ համոզմամբ, ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը հակասում է հենց այս բանաձևին։ Այն ոչ թե իրական այլընտրանք կամ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է, այլ պարզապես մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու ճանապարհ՝ ընդ որում, ավելի անհեռանկարային և տարածաշրջանային իրողություններից կտրված կախվածությամբ։

Մինչդեռ մենք հռչակել ենք քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու քաղաքականություն, մեր գործողությունները կարող են հանգեցնել ճիշտ հակառակ արդյունքի՝ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելուն։

Տնտեսական իրականությունն ու տիեզերական արագության օրենքը

Տիեզերագնացության մեջ հրթիռը Երկրի ձգողականության դաշտից դուրս գալու համար պետք է հասնի երկրորդ տիեզերական արագությանը՝ 11,2 կմ/վ։ Եթե այն չի ապահովում անհրաժեշտ արագությունը, ապա ոչ թե մնում է օդում, այլ ձգողականության ուժի ազդեցությամբ հետ է ընկնում։

Հայաստանը չունի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի տնտեսական ձգողականության դաշտից դուրս գալու համար անհրաժեշտ «արագությունը»։ ԵՄ անդամակցության երկարատև ու դանդաղ գործընթացում հայտնվելով «միջանկյալ» վիճակում՝ Հայաստանը կարող է կորցնել տնտեսական կայունության ներկայիս հենարանները՝ էժան էներգակիրներն ու ռուսական շուկան, և ավելի ցավոտ հետ ընկնել դեպի Ռուսաստանից լիակատար կախվածություն։

Ժողովրդավարություն՝ ԵՄ անդամակցության ճանապարհի հերթական զոհը

ԵՄ անդամակցությունը ներկայացվում է նաև որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ճանապարհ։ Սակայն ես այստեղ մի վտանգավոր հակասություն եմ տեսնում։ Ես համակարգել եմ միջազգային զեկույցների հիման վրա Հայաստանում ժողովրդավարության զարգացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն հետևելու ժողովրդավարական գործընթացների դինամիկային։ Տարեցտարի ավելի ակնհայտ էր դառնում, որ Հեղափոխությանը հաջորդած ժողովրդավարական առաջընթացի տեմպերը դանդաղում են, Հայաստանը թևակոխում է ժողովրդավարական լճացման, իսկ որոշ ուղղություններով՝ նույնիսկ հետընթացի փուլ։ Երբ ժողովրդավարության ամրապնդման փոխարեն հանրային ուշադրության կենտրոնում ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում ԵՄ անդամակցության հեռանկարը, դրանից տուժում է հենց ժողովրդավարությունը։

Երբ որևէ ուժ հռչակում է ԵՄ անդամակցության նպատակ, քաղհասարակությունը կարող է նրա գործողությունների նկատմամբ ավելի հանդուրժող դառնալ։ Այն խախտումները, որոնք այլ պայմաններում կարժանանային կոշտ գնահատականների, կարող են անտեսվել, նույնիսկ արդարացվել՝ հանուն մեծ նպատակի։

Այսպիսի հակասության խոսուն օրինակ էր երբ «Հանրապետություն» Կուսակցությունը ներկայացնող թաղապետը բռնություն գործադրեց քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, արձագանքը անհամաչափ մեղմ էր, իսկ ԵՄ ինտեգրման օրակարգի անունից հանդես եկող կուսակցության ղեկավարը կապեց այս միջադեպը աշխարհաքաղաքական սպառնալիքների հետ։ Ժողովրդավարական պատասխանատվության հարցը փաստացի տեղափոխվեց աշխարհաքաղաքական դաշտ։ Հայաստանի ժողովրդավարական գործընթացների լճացման պատճառը, անշուշտ, այս միակ դրվագը չէ, սա պարզապես սիմվոլիկ խտացումն է այն երևույթի, որի մասին խոսում եմ։

Ստացվում է, որ մենք վտանգում ենք Հայաստանում 2018 թվականի Հեղափոխությամբ ձեռք բերված իրական ժողովրդավարությունը հանուն ԵՄ անդամակցության հետ կապվող միֆական ժողովրդավարության։

Ինչպե՞ս նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը՝ առանց այդ կախվածությունն ավելի խորացնելու

Այս հարցն է, իմ համոզմամբ, որ պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների հիմքում։

Պատմությունն անշուշտ չի կրկնվում։ Բնավ պարտադիր չէ, որ մեզ հետ անցյալում տեղի ունեցածը տեղի ունենա նաև ապագայում։ Բայց աշխարհաքաղաքական հարցերում որոշումներ կայացնելիս պետք է նայել ոչ միայն փոփոխվող պատմությանը, այլ նաև անփոփոխ աշխարհագրությանը։

Վերը նկարագրածովս ես չեմ ուզում Հայաստանի քաղաքացիներին դատապարտվածության զգացողություն փոխանցել։ Ընդհակառակը, մեր փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել քաղաքական, տնտեսական և անվտանգային համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ՝ առանց ԵՄ անդամակցությունը դարձնելու արտաքին քաղաքականության նպատակ։

Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը մեկ այլ կենտրոնից կախվածությամբ փոխարինելն է, այլ Հայաստանի ինքնուրույնությունը մեծացնելը։ Մենք կարող ենք խորացնել համագործակցությունը ոչ միայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների, Պարսից ծոցի երկրների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ գործընկերների հետ առանձին օրակարգերով։ Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները չեն սահմանափակվում երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ընտրությամբ։ Որքան բազմազան լինեն մեր տնտեսական, քաղաքական և անվտանգային կապերը, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք հավասարակշռելու արտաքին կախվածությունները։

ԵՄ անդամակցությունը չպետք է շփոթել Եվրամիության հետ համագործակցության հետ։ Առաջինը քաղաքական նպատակ է, որի իրականացումը միայն մեզնից կախված չէ, երկրորդը՝ գործնական հնարավորություն, որից Հայաստանը կարող է օգտվել արդեն այսօր։

Ի վերջո, մեր արտաքին քաղաքականության հաջողությունը պետք է չափվի ոչ թե նրանով, թե որքան հեռու ենք մենք գնացել ԵՄ անդամակցության ճանապարհով, այլ նրանով, թե որքանով ենք կարողացել նվազեցնել Հայաստանի կախվածությունները և ընդլայնել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները»։