Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Քոնգրեսի հայկական հանձնախումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

132
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 14:48
Քոնգրեսի հայկական հանձնախումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Քոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մեկնաբանելով քոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգթոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մեր համայնքը, կոալիցիոն գործընկերները և Քոնգրեսի դաշնակիցները միավորված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումից և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչև Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը։ Նախագահ Բայդենը, ով զինեց Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությունը, այժմ պետք է ղեկավարի Արցախի հայերի անվտանգ և կայուն վերադարձի գլոբալ արշավը՝ միջազգային մանդատի ներքո, պաշտպանված միջազգային խաղաղապահների կողմից»:

Քոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Ադրբեջանն առերեսվի իր գործողությունների հետևանքներին և չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 հայերի էթնիկ զտման համար»:

«Ամերիկան ​​պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ Սա նշանակում է՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ: Քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պատասխանատվությունը շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասվում է հայտարարության մեջ։