Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Սպասվում է, որ Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի անդամները մանդատները վայր կդնեն»․ Հակոբ Բադալյան

51
Այսօր, 12:12
«Սպասվում է, որ Գյումրու ավագանու Բալասանյան դաշինքի անդամները մանդատները վայր կդնեն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սպասվում է, որ այսօր մանդատները վայր կդնեն Գյումրու ավագանու մեծամասնության՝ Բալասանյան դաշինքի անդամները, ինչը կնշանակի, որ Գյումրիում կլինի Ավագանու արտահերթ ընտրություն:

Դիտարկվում է, որ դրա շնորհիվ Գյումրիում լիարժեք իշխանության կանցնի ՔՊ-ն, կամ առնվազն կլինի այնպիսի հարաբերակցությամբ ավագանի, որը լիարժեք վստահություն կունենա ՔՊ համար՝ անգամ այսպես ասած կոալիցիոն լինելու դեպքում:

Դեռ օրեր առաջ, երբ դատարանը կայացրել էր Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում՝ մինչ այդ ձերբակալելով, հետո 70 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելով նրա որդուն, գրառմամբ նշեցի, որ անկասկած կա Բալասանյանի հանդեպ քաղաքական վերահսկողության խնդիր:

Փաստացի, Գյումրու ավագանու առնչությամբ զարգացումները հաստատում են դա:

Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է իր մասշտաբով, բնակչության թվով: Ըստ այդմ, Գյումրին, բացի ինքնին կարևորություն ունենալուց՝ որպես քաղաքական պայքարի դաշտ, նաև կարեոր է համապետական համայնապատկերի առումով: Միևնույն ժամանակ, Գյումրիի կարևորությունը լոկ մասշտաբը չէ, բնակչության թիվը չէ:

Գյումրին Հայաստանում միշտ ունեցել է և ունի առանձնահատուկ սոցիալ-հոգեբանական դեր, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:

Գյումրու պարագայում կա ևս մեկ էական առանձնահատկություն, որին առաջիկայում կանդրադառնամ առանձին:

Այդպիսով, Գյումրիում սպասվող զարգացումները չունեն լոկ քաղաքային նշանակություն: Դրանց նշանակությունը թերևս կլինի «պիլոտային»՝ համապետական ներքաղաքական հաշվարկների համատեքստում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան