Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Մենք կատարել ենք մի հետազոտություն». Արծրուն Հովհաննիսյան

140
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 09:36
«Մենք կատարել ենք մի հետազոտություն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը. «ԲԱՐԴԱԿԱԶՄ/ԲԱԶՄԱՇԵՐՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մի քանի թեզեր ու թվաբանություն
Ռազմավարական և օպերատիվ մակարդակում օդային գերակայությունը ստանում են ոչ թե ԱԹՍ-ներով այլ ՕՀՄ-ների բազմազանությամբ, որտեղ կործանիչներն ունեն մեծ դեր։ Դա նշանակում է, որ մարտավարական մակարդակի խնդիրները չեն կարող գերակայել։ Եթե դու ստացար անհրաժեշտ գերակայություն ռազմավարական մակարդակում, ապա մարտավարական մակարդակում հակառակորդը չի կարող անարգել շարունակել ԱԹՍ-ներ օգտագործել։ Այսինքն եթե կորպուս-բանակ-բանակախումբ օղակում դու ունես հստակ օդային գերակայություն, ապա մարտավարական օղակի օդային գերակայությունը ինքնին ենթարկվելու է քեզ։ Եթե չունես նման օդային գերակայություն ապա հակառակորդի մարտավարական մակարդակի օդային գերակայությունը միշտ արդյունավետ է լինելու։ Օրինակ այսօր ռուս-ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկը չի կարողանում ապահովել այդ ռազմավարական օդային գերակայությունը։ Այդ պատճառով ով կարողանում է լոկալ, մարտավարական օդային գերակայություն ապահովել, դիմացինին զրկում է հաջող մարտ վարելու հնարավորությունից, հատկապես հեշտ է այդ գործիքակազմը ապահովել, եթե դու պաշտպանության մեջ ես։
Բարեբախտաբար մեր պնդումները ևս գտնում են իրենց հիմնավորումները և կան մասնագետներ, որոնք ևս սթափ են նայում իրադարձություններին, հասկանում են ԱԹՍ-ների չափազանց կարեւոր դերը, սակայն չեն գերագնահատում դրանց նշանակությունը։ Մենք կատարել ենք մի հետազոտություն։ Մեր հետազոտության համաձայն 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմների արդեն երկու տարվա ընթացքում, փոքր մարտավարական հարվածային ԱԹՍ-ների, «FPV» հարվածային դրոնների, ճախրող միջոցների կիրառման դիպուկությունը չնայած նրան, որ կազմում է 80 տոկոսից ավելի, դրանցով խոցված մեծաքանակ միջոցներից առաջին հարվածով ոչնչացվում է միայն 20-22 տոկոսը։ Այսինքն այս միջոցների խոցման գործակիցը կազմում է 0.2-0.22։ Մնացածը շարքից դուրս է գալիս կարճ ժամանակով կամ պահանջում է կրկնվող հարվածներ, միջինը երեք-չորս հարված։ Այսինքն միջինը 3-4 միավոր միաժամանակյա կամ հաջորդական հարվածներով է ոչնչացվում զրահատեխնիկան։ Ոչնչացումն էլ հիմնականում տեղի է ունենում ոչ հարվածային միջոցի անմիջական պայթյունից այլ խոցվող միջոցի մարտապաշարի դետոնացիայից։ Այսինքն փաստն այն է, որ նման միջոցների պայթյունի լիցքը բավարար չէ խնդիրը լուծելու համար, սակայն այդ միջոցը բավականին դիպուկ է։ Մարտավարական որոշ հարվածային ԱԹՍ-ների արդյունավետությունն ավելի ցածր է։
Բացառություն են կազմում այն հակատանկային միջոցները, որոնք այսօր դասվում են ճախրող զինամթերքների դասին, որոնք սակայն շատ թանկարժեք են։ Խոսքը «Spike NLOS», «Brimstone», «AGM-179 JAGM» հրթիռների մասին է։
Օրինակ բավականին գովազդված «Ланцет» հարվածային ԱԹՍ-ները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից լայնորեն կիրառվում են։ 2024 թ մայիս ամսին կիրառվել են 300-350 միավոր քանակով։ Սա միջին ամսական կիրառության թվերն են։ Դիցուկ մայիս ամսին ապացուցված է 15 միավոր հրետանային միջոցների ոչնչացում, 52 դեպքերում հրետանային միջոցներն ստացել են թեթև վնասվածքներ, որոնք արագ վերանորոգման ենթակա են։ 45 դեպքերում արդյունքները մեղմ ասած գոհացուցիչ չեն, շեղում է նկատվում, իսկ 9 դեպերում հստակ երևում է վրիպումը։ Այսպիսով խոցման ապացուցված դեպքերը կազմում են 12% ։ Սակայն եթե անգամ այս արդյունքները բազմապատկենք երկուսով, ինչով կասկածելի արդյունքները համարենք արդյունավետ, դրանց արդյունավետությունը միևնույնն է լավագույն դեպքում կկազմի մեր նշած 20-22 տոկոսը։
Ընդհանուր առմամբ համարվում է, որ այս ԱԹՍ-ներով խոցվել է մոտ 2000 միավոր ուկրաինական խառը զինտեխնիկա։ Ամեն դեպքում ռուսական գովազդները խոսում են այս թվի մասին։ Սակայն եթե հաշվի առնենք, որ ամսեկան մոտ 300-350 միավոր նման միջոց է կիրառվում , ապա երկուս ու կես տարվա համար կստացվի մոտ 9000-10000 կիրառված ԱԹՍ-ներ։ Արդյունքները իդեալում կազմում են մեր նշած թվերը։ Եթե ուշադիր հետևենք իբր հաջող կիրառման տեսանյութերին, կտեսնենք որ անգամ հաջող համարվողների թիվը մոտիկ է մեր նշած արդյունավետությանը, իսկ չէ որ անհաջող կիրառության տեսանյութերը ուղղակի չկան։ Դրանք չեն էլ շրջանառվում։
Գրեթե նույն արդյունքներն էին արձանագրում նաև ամերիկյան համանման «Switchblade 600» հարվածային ԱԹՍ-ները, այդ պատճառով էլ դրանց կիրառությունը դադարեց կարճ ժամանակ անց։
44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառված հարվածային մարտավարական ԱԹՍ-ները միգուցե ավելի արդյունավետ էին, սակայն դրանք նախ ավելի որակով էին, ավելի թանրաժեք, սակայն միևնույնն է դրանց միջին արդյունավետությունը չէր գերազանցում մեր վերը նշած տոկոսը։ Ուղղակի անհաջող խոցման դեպքերը չէին ցուցադրվում, իսկ հաջող դեպքերը լավ գովազդվում էին։ Սա իհարկե չի նշանակում, որ նման միջոցներն անիմաստ են և դրանց զարգացումն անհնար է։
«FPV» հարվածային դրոնները ռուս-ուկրաինական պատերազմում օգտագործվում են շատ ինտենսիվ, մեկ գումարտակի հաշվարկով օրական մինչև 50 միավոր, երբեմն ավելի շատ։ Սրանք կարևոր հետևություններ են։ Մյուս կողմից մարտավարական օղակի տարատեսակ ԱԹՍ-ները, ճախրող զինամթերքը, ճշգրիտ արկերը, ժամանակակից ռազմագործողությունների ժամանակ ոչնչացնում են հակառակորդի ռազմական տեխնիկայի մոտավորապես 50 և անձնակազմի մոտ 20 տոկոսը։ Մնացածը բաժին է ընկնում դասական հրետանուն։ Որտեղ էլ ճշգրիտ միջոցները իհարկե մեծ դեր ունեն, սակայն ավանդական արկերը ևս մեծ խնդիր են լուծում։ Այստեղ կա ևս մի խնդիր։ «FPV» հարվածային դրոններն ու փոքր մարտավարական ճախրող ԱԹՍ-ները դեռ կիրառվում են հատիկ-հատիկ, քանի որ դրանց կապը և կառավարման համակարգը թույլ չի տալիս դրանք կիրառել երամով։ Մյուս կողմից դրանք կարող են խոցելի լինել, եթե զրահատեխնիկան մասսայաբար հագեցվի ինքնապաշտպանական հակադրոնային խոցող համակարգերով։ Այդ պատճառով այս միջոցների արդյունավետությունը կարող է լինել կարճաժամկետ։ Մի քանի տարի հետո անհատական կիրառվող հարվածային ԱԹՍ-ները և «FPV» հարվածային դրոնները կարող են չունենալ մեծ արդյունավետություն։ Սակայն այս խնդիրները ևս կլուծվեն ժամանակի ընթացքում, քանի որ ՕՀՄ-ները միշտ ունեն առավելություն։ Շուտով ի հայտ կգան ավելի արագ, երամով աշխատող ԱԹՍ-ները, որոնց կիրառման համար կկիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Նման արագ, մասսայաբար ու խելացի մարտավարությամբ կիրառվող հարվածային միջոցների դեմ անհատական պաշտպանական միջոցները արդյունավետ չեն կարող լինել։ Նորից ՕՀՄ-ները մեկ քայլ առաջ կանցնեն պաշտպանական միջոցներից։
Տրանսֆորմացվում է նաև դասական օդուժը և դառնում ավելի ճկուն։ Հնարավոր բոլոր ԱԹՍ-ները դրանք լինելով ՕՀՄ-ների տարատեսակներ ինտեգրվում են դասական օդուժի հետ, լրացնում իրար։ Ժամանակակից ՕՀՄ-ներն իրենց չափերով փոքրանում են և կատարում իրենց մակարդակից ավելի բարձր մարտական խնդիրներ։ ԱԹՍ-ները և ուղղաթիռները լրացնում են, հաճախ փոխարինում գրոհիչ ինքնաթիռներին։ Գրոհիչ ինքնաթիռների հնարավորությունները մոտենում են մարտավարական օդուժին, ամերիկյան մարտավարական օդուժն արդեն վաղուց կատարում է ռազմավարական հարվածներ, իսկ ռազմավարական նոր ռմբակոծիչները չափերով փոքրանում են, պահպանելով նախկինների հնարավորությունները։ Ամերիկյան «B-21» ռմբակոծիչը գրեթե երկու անգամ փոքր է իր ավագ եղբայրներից։ Այլ ամերիկյան փորձագետներ, ինչպիսիք են օրինակ ԱՄՆ ՌՕՈւ-երի շտաբի պետի տեղակալ գեներալ Դեյվիդ Օլվինը, նշում են այն մասին, որ օդային գերակայությունը կարևոր է, սակայն այն պետք է լինի ընդհանուր օպերացիայի վարման տրամանաբանության մեջ։ Այսինքն օդային գերակայությունը ինքնին հաղթանակի երաշխիք չէ, այն հարկավոր է, որպեսզի մյուս զորքերը հնարավորություն ունենան ազատ խուսավարել և հարվածներ հասցնել ապահով վիճակում։ Խոսքը բնականաբար ավելի համակարգված ու բարդ ռազմագործողությունների մասին է, որը մեր կարծիքով ավելի ճիշտ մեկնաբանություն է։ Բարդակազմ պատերազմը մի քանի տիրույթներում զուգահեռ սիներգիա է»: