Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է». Էդմոն Մարուքյան

152
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 21:48
«Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է». Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում առնվազն անհասկանալի է:
Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:
Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո’, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ,
տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է:
Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայց ներկայացնի Արդարադատության Միջազգային Դատարան ընդդեմ Ադրբեջանի
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համապատասխան, Լեռնային Ղարաբաղում կազմակերպված և իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների հիմքով, այնպես ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել ընդդեմ Իսրայելի։ Թուրքիան, Եգիպտոսը միացել են հայցին և այլ երկրներ աջակցություն հայտնել: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նման հայց ներկայացնելու ընդդեմ Ադրբեջանի, բայց Պաղեստինի պետությունը ճանաչում են:
Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան