Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Անվտանգության վակուում, տնտեսության լուրջ խնդիրներ, բնակչության արտահոսք». Մոսկվան զգուշացնում է Երևանին

493
Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 21:44
«Անվտանգության վակուում, տնտեսության լուրջ խնդիրներ, բնակչության արտահոսք». Մոսկվան զգուշացնում է Երևանին

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև։

«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 5-ին՝ Բրյուսելում, դիտարկում ենք՝ որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու՝ «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձը։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ցանկությունը կարող է հանգեցնել առավել բացասական հետևանքների՝ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճի։

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մենք գիտենք, որ Վաշինգթոնը և Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո, փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018թ.-ից՝ չորս անգամ) և արդյունքում՝ ռեկորդային տնտեսական աճ և բնակչության բարեկեցության աճ։

Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների միջոցով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշինքի առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար հիմքը ոչնչացնելու փորձերից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունները, որոնք նախատեսում են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման միջոցներ:

Հենց Վաշինգթոնի և Բրյուսելի ճնշման տակ էր, որ պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների կատարումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։

Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին՝ իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,- ասված է հայտարարությունում։