Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

134
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 14:48
Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն-ից, Հ.Ս-ից, Մ.Ա-ից, Մ.Ծ-ից, Ս.Ա-ից, Վ.Մ-ից և Ն.Պ-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական՝ «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: