«Որտե՞ղ է իշխանությունը կրկին ստում». Արմեն Աշոտյան
251
Երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ., 16:54
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատակով զուգահեռներ տանելով, այսպես կոչված, նախկինների հետ: Նիկոլի՝ Անկարա կատարած վերջին խայտառակ այցը ևս բացառություն չէ: Իշխանական քարոզչամեքենան հրամցնում է իր դեռևս հավատարիմ հետևորդներին այն թեզը, որ նախկինում ևս, Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով մասնակցել են Թուրքիայի քաղաքական իրադարձություններին, որ «ֆուտբոլային դիվանագիտության» և այլ օրինակները դրա վկայությունն են: Որտե՞ղ է իշխանությունը կրկին ստում: Հայ-թուրքական նախկին և ներկայիս գործընթացներն ունեն մի շարք սկզբունքային, ճակատագրական, բարոյական տարբերություններ. 1. Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին: Դրա մասին է վկայում ոչ միայն տեսա- և լուսանկարահանումային քրոնիկոնը, որը լավագույնս է արտահայտում նախկինում և ներկայում եղած դաշտերի «քիմիաների» տարբերությունները, այլ նաև՝ այդ պրոցեսի բովանդակությունը: 2. Հայ-թուրքական նախկին գործընթացի ժամանակ * Հայաստանը խայտառակ պարտություն չէր կրել: * Այն չէր վավերացրել նույնքան խայտառակ ընտրությունների արդյունքում «վերընտրելով» պարտության պատճառ Նիկոլ Փաշինյանին: * Հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, ոչ թե՝ Շուռնուխի ճանապարհին: * Շուշիում Սպարապետի արձանն էր, ոչ թե ադրբեջանա-թուրքական դրոշներ: * Ալիևը լալահառաչ տեքստեր էր արտաբերում առ այն, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե «ամնիստիա» առաջարկում։ 3. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան թեպետ սրտի խորքում համակրում և աջակցում էր Ադրբեջանին, երբեք բացահայտ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական լկտի և ակնբախ միջամտություններ չէր անում Հարավային Կովկասում՝ հօգուտ Ադրբեջանի: Որպես ապացույց հիշեցնեմ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ստորագրեց մի հայտարարության տակ, որը դատապարտում էր այդ պատերազմը և կոչ էր անում հրադադարի: Այնինչ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ակնհայտ և ցինիկ, բացահայտ միջամտություններ էր անում թուրքական ռեժիմը պատերազմի ընթացքում և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ քարոզչական իմաստներով: 4. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան այլ էր և՛ իր վարչակազմով, և՛ իր ներքին զարգացումներով: Այնինչ՝ այսօր հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ձևաչափում մենք գործ ունենք տարածաշրջանային էքսպանսիոնիստական նկրտումներ ունեցող վարչակազմի հետ, որը ճանաչում է միայն մեկ լեզու. դա ուժի լեզուն է: Մինչդեռ մեզ ներկայացնող Նիկոլ Փաշինյանն իր լեզվով կարող է ցուցադրել ամեն ինչ, բացի ուժից: 5. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան երբեք չէր խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ * Պանթուրքիզմը նրանց երազանքն էր, բայց հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը չէր: * ԱԳ նախարարները չէին ասում, որ «Զանգեզուրով պետք է անցնի թյուրքի ճանապարհը»: 6. Հայ-թուրքական նախորդ գործընթացը ոչ միայն չէր ստվերել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այլ, ինչպես ցույց են տալիս պարզ վիճակագրությունն ու փաստերը, բազմաթիվ նոր երկրների կողմից ճանաչման լավ առիթ էր հանդիսացել: Այնին՝ այսօր պետական չինովնիկների մակարդակով անգամ Հայաստանի ներսում խոսվում է այն մասին, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտվել է: 7. Հայ-թուրքական նախորդ գործընթացը նպատակ ուներ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից: Այնինչ՝ այսօրվա գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղակի շարունակությունն է կործանարար պատերազմից հետո իր բոլոր քայքայիչ հետևանքներով: 8. Հայ-թուրքական նախորդ գործընթացով Հայաստանը Թուրքիայի պատճառով չհասավ մաքսիմալ ծրագրին, սակայն դուրս եկավ գործընթացից գեոպոլիտիկ օգուտով՝ ապացուցելով գերտերություններին, որ հայ-թուրքական հարաբերությունների ճգնաժամը ոչ թե հայկական կողմի պատճառով է, այլ՝ թուրքական նկրտումների: Որպես ապացույց հիշեցնեմ ԱՄՆ Պետդեպի քարտուղար Հիլարի Քլինթոնի հայտնի խոսքերը, որ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է: Այնինչ՝ այսօրվա գործընթացն ակնհայտորեն տեղի է ունենում ազգային կապիտալի վերջին արժեքների մսխմամբ և բացառապես ծառայում է թուրքական տարածաշրջանային էքսպանսիոն ծրագրերին՝ իրականացվելով հայ ժողովրդի ազգային արժանապատվության հաշվին: Հ. Գ. Նախկինում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում ստահոդ Թուրքիայի հնարավոր ստորագրությունները: Այսօր Էրդողանն է «գրողի ծոցն» ուղարկում Նիկոլ Փաշինյանին և ի դեմս նրա՝ ողջ հայ ժողովրդին: Զգո՞ւմ եք տարբերությունը»: