«Մարդիկ մահանում են, մեր գործիքներն ո՞վ է սարքելու». Արա Գևորգյան
![]() Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի հետ է 168.am-ը զրուցել է ազգային երաժշտությունը տարածելու, ազգային նվագարանների հանդեպ հասարակության անտարբերության, կոչումների և այլ հարցերի շուրջ: – Ձեր երաժշտական ունակությունները բացահայտվել են դեռ փոքրուց: Նախքան դպրոց գնալը, ինչ ֆիլմ դիտել եք, գնացել տուն և նվագել եք: Առանց նոտաներն իմանալու ինչպե՞ս եք նվագել, զուտ հիշողությա՞մբ: – Տանը դաշնամուր կար: Երբ գնում էինք կինոթատրոն, ֆիլմում լավ երաժշտություն էր հնչում, մնում էր հիշողությանս մեջ, գալիս, սկսում էի վերարտադրել, ու կամաց-կամաց սկսեց ավելի լավ ստացվել, մինչև մեր տուն եկավ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը և մայրիկին ասաց՝ բա Արային երաժշտական դպրոց ինչո՞ւ չեք տանում, շատ լավ է նվագում: Ինքն էլ շարժիչի պես դա սկսեց աշխատեցնել՝ ասելով, որ՝ վաղը գալիս եմ, միասին գնում ենք երաժշտական դպրոց: Եվ այդպես, հաճախեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, ստուգեցին երաժշտական ընդունակությունները, ռիթմը, լսողությունը, և ընդունվեցի: – Այն ժամանակ տենդենց կար՝ բոլորը սովորում էին երաժշտական դպրոցում: – Այո, այն էլ ինչպես: Խորհրդային տարիներն ինչքան էլ քննադատենք, մշակույթը բարձր տեղում էր, երաժշտական դպրոցները շատ ակտիվ աշխատում էին, և դիմորդները շատ էին: Ընդհանրապես բոլոր ծնողներին խորհուրդ կտամ փոքրիկներին տանել և՛ նկարչության, և՛ պարի, և՛ երաժշտության, և՛ լողի՝ հասկանալու, այդ ջիղը նրա մոտ կա՞, թե՞ ոչ: 5 հարկանի շենքում, որտեղ բնակվում էի, 5-6 հոգի միայն երաժշտական դպրոց էր հաճախում: Բոլորի տներում դաշնամուր կար, իսկ հիմա շատերը դաշնամուրից հրաժարվում են: Նույնիսկ Երևանում գործարան կար, որտեղ կիթառ և դաշնամուր էր արտադրվում: Անուններն էլ՝ «Անուշ», «Կոմիտաս», «Երևան»… Ափսոս, որ դրանք դուրս են գալիս մեր կենցաղից, որովհետև չկա խթանիչ պրոպագանդա: Մեր դպրոցներում քիչ են փողային գործիքներ նախընտրողները: Մանկավարժական համալսարանի «Երաժշտության ամբիոնի» վարիչն եմ, և ամեն տարի գոռում ենք՝ «Էստի՜ համեցե՛ք, ընդունվեք առանց կաշառքի»: 17 տարի է՝ նույն նախադասությունը կրկնում եմ: Պատկերացրեք, էլի դիմորդները քիչ են, և ստիպված ենք ընդունել վատ նվագող ուսանողի, ոչ բարձր մակարդակ ունեցող, քանի որ նրա ձեռքին թառ կամ քամանչա է: Ասում ենք՝ ավելի լավ է ընդունենք, դարձնենք ավելի լավը, քան չընդունենք, դուրս վռնդենք, դա էլ կվերանա: Բուհերում, քոլեջներում դիմորդներ չկան. բոլորը գնում են կիթառի, դաշնամուրի, մաքսիմում՝ ջութակի, բայց մյուս գործիքները տուժում են: – «Ազգային երգիչ» նախագիծ կա: Այսինքն, նախընտրում են ժողովրդական երգեր երգել, բայց ազգային նվագարաններով չնվագել: Դա ինչի՞ հետ է կապված: Ժողովրդական երգեր կատարելուց շա՞տ են աշխատում, նվագելուց՝ ո՞չ: – Միայն մեզ մոտ չէ: Հաճախ միացնում եմ ռադիոալիքները, գործիքային երաժշտությունը պարզապես բացակայում է: Բոլորը երգում են: Բայց մենք պարտավոր ենք մտածել՝ լավ, բոլորը երգում են, հետո ո՞վ է նվագելու: Այսօր դարը փոխվել է և շատ հեշտացել է համակարգիչների միջոցով երաժշտություն հորինելը, կան սինթեզատորներ, որ իրենք իրենց գործիքավորում են, անգամ երաժշտական կրթություն հարկավոր չէ: Այս առումով միապաղաղություն կա, բոլոր երգերն իրար նման են, հնչում են նույն ձևով: Իսկ գործիքային երաժշտության սահմանները շատ ավելի լայն են: – Ժամանակին ստեղծել եք Ազգային նվագարանների նվագախումբ, հավաքել եք տարբեր երաժիշտների: Ցանկացողները երիտասարդնե՞ր են եղել: – Երիտասարդներ էին: Երբ Ֆինլանդիայի նախագահը եկել էր Հայաստան, և մեր նախագահը նրան տարել էր ջազ լսելու, բոլոր հեռուստաալիքները հայտարարում էին, որ Ֆինլանդիայի նախագահը շատ էր հավանել հայկական ջազը: Ես մտածեցի, որ նա կգնա ԱՄՆ և հայկական ջազը կմոռանա, բայց, եթե ցուցադրեինք ազգային որևէ հետաքրքիր բան, երբեք չէր մոռանա: Հետո մտածեցի՝ ի՞նչ կարելի էր ցուցադրել: Ոնց նայում էի՝ կարևոր նվագախմբերը լուծարված էին այդ տարիներին, փոքրիկ անսամբլներ էին: Որոշեցի հաշվել, թե քանի՞ երաժիշտ է մնացել Հայաստանում, որը տիրապետում է հայկական ժողովրդական գործիքի: Հայտարարեցինք փառատոնի մասին, եկան 80 հոգի: Զտեցինք, թողեցինք 40 հոգու, հանդիպեցի նրանց հետ։ Հարցնում էի՝ որտե՞ղ եք ավարտել, պատասխանում էին՝ Կոնսերվատորիան, բայց մեկը ծաղիկ էր ցանում, մյուսը Վերնիսաժում մորն էր օգնում, երրորդն էլ տաքսի էր քշում: Ասացի՝ կարմիր դիպլոմով Կոնսերվատորիան ավարտել եք, որ չնվագե՞ք: Թե բա՝ տեղ չունենք նվագելու: Այդտեղից սկսվեց. ստեղծեցի փորձասենյակ, հրավիրեցի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Նորայր Դավթյանին և սկսեցի թակել բոլորի դռները՝ ձեռք բերել նոտաներ: Թակեցի պետական այրերի դռները, խնդրելով, աղաչելով՝ նվագախումբը դարձավ պետական և շարժիչ դարձավ, որ ժանգոտած անիվը սկսի պտտվել: – Նվագախմբում համալրումներ ամեն տարի լինո՞ւմ են: – Ամեն տարի չէ: Ամուսնանում են, սպասում երեխայի և հրաժարվում, նրա փոխարեն այլ երաժիշտ ենք բերում: – Դուք նաև առաջարկել եք անվճար սովորեցնել ազգային նվագարաններ նվագել: – Այո, Մանկավարժական համալսարանում առաջարկեցի, որ այդ բաժինը դառնա անվճար: Դրանից առաջ, մութ տարիներին, դիմեցի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետին՝ ասելով, որ՝ եթե ուզում ես քեզ սիրեն, հարգեն, արի միասին մի բան ստեղծենք: Առաջարկեցի վերցնել հովանավորության տակ երաժշտական դպրոցներում ազգային նվագարաններ ընտրողների վարձավճարը: Այդպես էլ արեց: Ծրագիրն իրականություն եմ դարձրել նաև Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարների հետ: 3 տարի հետո Մշակույթի նախարարությունում բազմաթիվ կռիվներից հետո ամբողջ հանրապետությունում դարձավ անվճար: Ես հիմա մեկ այլ պայքարի մեջ եմ, չեմ կարողանում հաղթահարել: Մեր գործիք պատրաստող վարպետներն արդեն տարեց են, չունեն փոխարինող: Վերջերս մահացավ Ալբերտ Զաքարյանը՝ գործիք պատրաստող հրաշալի վարպետ, ով միակն էր Արցախում և Հայաստանում, որ թառ էր պատրաստում: Դիմել են թաղապետերի, տարբեր տարիների Մշակույթի նախարարների, որ՝ եկեք գործիք պատրաստողների համար դպրոց բացենք: Մարդիկ մահանում են, մեր գործիքներն ո՞վ է սարքելու: Պետական այրերը պետք է իմանան, որ գործիք պատրաստող վարպետներին փոխարինող չունենք: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Աշխարհի հնագույն քարտեզը, Ուրարտուն և Հայաստանը». Բրիտանական թանգարանի պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը (լուսանկար)
23901:36Իտալիան առաջարկել է իրեն տալ «Մոնա Լիզային»
31000:31«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
18825.02.2025, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
19924.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
35423.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
38523.02.2025, 01:36