Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Վեհափառի հեռացումը լինելու է ողջ ընդդիմադիր քաղաքական պահպանողական դաշտի պարտությունը». Վլադիմիր Մարտիրոսյան

75
Այսօր, 19:18
«Վեհափառի հեռացումը լինելու է ողջ ընդդիմադիր քաղաքական պահպանողական դաշտի պարտությունը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի է անվերջ հետևել երկու բանի՝
1. ինչպես է իշխանությունը ձախողում եկեղեցու դեմ արշավը և 2. ինչպես է ընդդիմությունը ձախողում իշխանության ձախողման քաղաքական կապիտալիզացիան:
Ուստի կա մեկ խորքային գերքաղաքական հանգամանք, որի մասին չի խոսվում, բայց դա որոշիչ է լինելու բոլար այն ընդդիմադիր կուզեք կուսակցությունների, կուզեք շարժումների, կուզեք գործիչների, կուզեք լիդերների համար ովքեր պատրաստվում են ընտրությունների: Այդ հանգամանքը հետևյալն է՝ Վեհափառի հեռացումը ոչ թե լինելու է ՀԱԵ-ի պարտությունը այլ ողջ ընդդիմադիր քաղաքական պահպանողական դաշտի կոլապսը և նույնիսկ որոշակի դիստանցավորումը Վեհափառից որևէ նշանակություն էլեկտորալ արդյունքի առումով չի ունենալու:
Հիմնավորում
Հայաստանի ներկա քաղաքական իրողությունների համակարգում Վեհափառի ինստիտուցիոնալ ներկայությունն ունի այնպիսի կշիռ, որը վաղուց դուրս է եկել զուտ հոգևոր հովվության շրջանակներից և դարձել է պահպանողական ինքնության հիմնական կոդը։ Սա է պատճառը, որ գործող իշխանությունն իր ամբողջ ռեպրեսիվ և նարատիվ ուժը կենտրոնացրել է Հայ Առաքելական Եկեղեցու, Վեհափառի և քաղաքական դաշտի վերաինժեներացման վրա։
1. Ինչ է իրականում ուզում իշխանությունը
Եթե իշխանությանը հաջողվի հեռացնել Վեհափառին, ապա Հայաստանի քաղաքական պահպանողական քարտեզը կկորցնի իր վերջին ծանրության կենտրոնը ընտրություններից առաջ։ Այդ պահից ողջ քաղաքական դաշտը, դառնում է ոչ թե բազմաբևեռ, այլ միաբևեռ՝ միակ և բացարձակ կենտրոնով՝ Փաշինյանի իշխանությամբ։ Այսինքն՝ իշխանությունն ուզում է ոչ միայն հաղթել ընդդիմությանը, այլ ոչնչացնել ընդդիմադիր պահպանողական քաղաքական սուբյեկտի գոյության հիմքը, որովհետև այժմ Հայաստանում ընդդիմադիր պահպանողականությունը մարմնավորված է ոչ կուսակցությամբ, այլ ինստիտուտով, պահպանողական կոնստրուկտով՝ Հայ Առաքելական Եկեղեցով։
2. Վեհափառը չի եղել և հիմա էլ չէ ընդդիմության «հովանավորը»
Սա իշխանության ներքին և գեոպոլիտիկ մանիպուլյացիան է, նույն օպերայից, ինչ «հիբրիդային պատերազմը»: Վեհափառը ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական հովանավորը չէ, աջակիցը կամ լոբբիստը չէ և երբեք այդ դերն իրեն չի վերապահել։ Սակայն այսօր նրա դեմ տարվող հարձակումները նրան վերափոխել են ընդդիմադիր պահպանողական բևեռի սիմվոլի՝ անկախ իր կամքից։
Այդ սիմվոլը չի կարելի ոչնչացնել առանց ամբողջ ընդդիմադիր պահպանողական դաշտն ու կոնստրուկտը միաժամանակ ոչնչացնելու։
3. Ինչու է Վեհափառի հեռացումը վերածվելու քաղաքական կոլապսի
Եթե իշխանությանը հաջողվի հասնել իր նպատակին, ապա.
• Ընդդիմադիր պահպանողական քաղաքական դաշտը կորցնում է իր անվիճարկելի գաղափարական հենասյունը։
• Ընդդիմադիր քաղաքական ուժերը կմտնեն ընտրարշավ խոցված, ինստիտուցիոնալ հենազուրկ և խորհրդանիշազրկված վիճակում։
• Ընդդիմադիր կուսակցությունների ցանկացած նարատիվ կկորցնի լեգիտիմության բազան, որովհետև դաշտի հիմնական արժեքային կրողը պարտված կլինի։
• Ընտրարշավը կսկսվի ոչ թե հավասար պայմաններում, այլ ընդդիմադիր ուժերի համար քաղաքական աբսցեսի՝ նախապես կանխորոշված պարտության պայմաններում։
Այսինքն՝ Վեհափառի հեռացումը կազդարարի ընդդիմադիր պահպանողական ամբողջ բլոկի նախընտրական ֆիասկոն՝ մինչ ընտրարշավի մեկնարկը։
4. Ինչու է իշխանությունը ամեն գնով փորձում այս կետին հասնել
Քանի դեռ Վեհափառը Մայր Աթոռի գլխին է, Հայաստանում ընդդիմադիր պահպանողական ընտրողը ունի իր արժեքային հղման կետը, իր ինքնության հենարանը և իր արժեքային համակարգը։ Իսկ իշխանությունը հասկանում է, որ նման դաշտի առկայության դեպքում Փաշինյանը չի կարող դառնալ պայմանական ասած «ընդհանուր ազգի թեկնածու» կամ պինդ լեգիտիմությամբ առաջնորդ, որովհետև հասարակության առնվազն կեսից ավելին իրեն տեսնում է այլ իրեն օտար արժեքային համակարգի մեջ։
5. Վեհափառի հեռացումը՝ որպես իշխանության վաղաժամ «ընտրական հաղթանակ»
Փաստացի, եթե իշխանությունը հասնի իր նպատակին, ապա դեռ ընտրությունների մեկնարկից առաջ՝ ընդդիմադիր պահպանողական դաշտը պարտված է, ընդդիմադիր ուժերը՝ ինստիտուցիոնալապես ջարդված են, իշխանությունը՝ հաղթող,
և ընտրությունները վերածվում են ձևականության, որտեղ պայքար չկա, այլ կա հնազանդության պարտադրանք։
Այսինքն՝ Վեհափառի պարտությունը ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական պարտություն է, որը դուռ է բացում միաբևեռ իշխանության երկարացման համար։
6. Հոգևոր առաջնորդի հեռացումը՝ որպես ազգային քաղաքականության ապամոնտաժում
ՀԱԵ-ի և Վեհափառի դեմ պայքարը իշխանությունը վարում է ոչ թե մարտավարական, այլ ստրատեգիական հաշվարկով և նույնիսկ էլեկտորալ հաշվարկով:
• նա ուզում է մի միջավայր, որտեղ ոչ մի ընդդիմադիր պահպանողական արժեքային դիմադրություն չի մնա,
• որտեղ ազգային ինքնության կրողները ոչնչացված են և պարտությամբ ապալեգիտիմացված
• որտեղ իշխանության կամքը դառնում է միակ հանրային կանոնը։
Այսպիսով
Եթե իշխանությանը հաջողվի հեռացնել Վեհափառին, ապա ոչ թե պարզապես կփլուզվի ընդդիմադիր քաղաքական դաշտը, այլ ամբողջ հայկական ընդդիմադիր պահպանողական համակարգը՝ ազգային ինքնության վերջին ինստիտուտով հանդերձ։
Այդ պահից սկսած՝ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս չի լինի բազմակենտրոն, չի լինի մրցակցային, չի լինի արժեքային։ Այն կդառնա միակենտրոն կառավարման տարածք, որտեղ իշխանությունը մտնում է ընտրարշավ ոչ թե հաղթելու, այլ՝ արդեն հաղթած։
Սա է պատճառը, որ Վեհափառի դեմ տարվող գործընթացը չի կարելի դիտել որպես մեկ անձի դեմ հարձակում: Դա Հայաստանի ընդդիմադիր պահպանողական քաղաքական համակարգի և մոդելի վերջնական ապամոնտաժումն է, որի հետևանքով ընտրությունները չեն կարող լինել մրցակցային, առարկայական և լեգիտիմ, իսկ ընդդիմադիր ողջ բլոկի համար արդեն պարտված:
P.S. Բոլոր ընդդիմադիր կուզեք կուսակցություններին, կուզեք շարժումներին, կուզեք գործիչներին, կուզեք լիդերներին: Ձեր բոլոր քաղաքական հաշվարկները, առաջարկները, ներքին ինտրիգները կարող են ունենալ զրոյական քաղաքական և էլեկտորալ արժեք, սնանկ լեգիտիմության ռեսուրս, եթե դուք վերը նշված հենասյունային սկզբունքը չհաշվառեք: Ավելին, ո՞ւմ են պետք լինելու ձեր առաջարկներն ապագային միտված, եթե դուք հիմա չապահովեք ձեր իսկ լայն պաշտպանական գիծը: Ո՞վ է ձեզ հավատալու հետո ընտրությունների ժամանակ, եթե դուք հիմա չեք ապահովելու այդ հենասյունային սկզբունքի անվտանգությունը: Քանի գրոշ է արժենալու այդ ընտրություններում ձեր մասնակցությունը ընդդիմադիր պահպանողական հանրույթների համար, եթե դուք մտնեք մի գործընթացի մեջ, որտեղ ձեր պարտությունը նախապես այլևս կանխորոշված էր: Վեհափառի հեռացումը ոչ թե լինելու է ՀԱԵ-ի պարտությունը, այլ ողջ ընդդիմադիր քաղաքական պահպանողական դաշտի: Սա չոր քաղաքական իրողություն է, որը փոխելու հնարավորություններ կան, դեռ կան... : Այդ հնարավորության անունն է հակահարձակման պատրաստ լայն պաշտպանական գծի ստեղծում»: