«Մայր Արաքսի՝ ոչ բավարար ուսումնասիրված բախտորոշիչ պատմությունը». Էդուարդ Մելիքյան
2141
Կիրակի, 14 մարտի, 2021 թ., 22:05
Օգտատեր Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անգամ ուզում եմ պատմել «կամուրջընկեց» (ինչպես հռոմեացիք էին այն բնութագրում) Նաիրյան երկրի պատմակերտ (ինչպես ես եմ այն նախընտրում բնութագրել) Մայր Արաքսի՝ դասագրքերում և գիտ. հոդվածներում ոչ բավարար ուսումնասիրված և ներկայացվող բախտորոշիչ պատմությունը: Չկան անգամ քիչ թե շատ վստահելի քարտեզներ: Այդ պատճառով այս անգամ հիմնվելով պատմության, քարտեզագրության և արբանյակային պատկերների վրա ես կփորձեմ հնարավորինս ճշգրիտ լրացնել այս բացթողումը: Կարծում եմ, հետաքրքիր կլինի բոլորին: Պտ. 1-ի վրա բոլորիդ հայտնի նրա մեր օրերի ուրվագիծն է, որով անցնում է հայ-թուրքական սահմանը (Արարատյան հարթավայրի ամենացածրադիր կենտրոնական հատվածով. քարտեզի վրա դեղին գիծն է): Բոլորս գիտենք, որ Արաքսը հայտնի է իր հունի հաճախակի փոփոխություններով: Դրանով է պայմանավորված մեկ այլ հռոմեացու՝ բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսի (մ.թ.ա. 54 - 19 թթ.) Արաքսի նկարագիրը՝ «Կամուրջներ չհանդուրժող Արաքս»: Իսկ ո՞վ գիտի թե որն էր Երասխի (Արաքսի) ամենանախնական հունը, և ինչո՞վ է պայմանավորված նրա հունի՝ այդքան հաճախակի փոփոխությունները: Նախ, եկեք Պտ. 2-ի վրա նայենք այդ «ի սկզբանե» հունի ուղին (կապույտ գծով): Ինչպես տեսնում ենք, այն դեռ մոտ 8000 տարի առաջ որոշ հատվածներում (Արմավի - Կողբ (թուրք. Իգդիր) շրջանում) հոսում էր մինչև 15 կմ ավելի հարավ (Կողբից էլ հարավ): Ընդհանուր առմամբ, կարելի ասել, որ այն, մտնելով Արարատյան դաշտավայրը, շարունակում էր հոսել Հայկական Պար լեռնաշղթայի ստորոտի սահմանով և ապա անմիջապես Մասիսի եզրով: Ձեր ուշադրությունը հրավիրեմ Արարատ-Արմաշի դիմաց՝ ներկայիս ոչ թե հայ-թուրքական, այլ թուրք-պարսկական սահմանին (1932 թ. թուրք-պարսկական համաձայնությամբ ձևավորված, երբ Նախիջևանի հետ սահման չունեցող Թուրքիան փոխհատուցեց Իրանին այդ կտորը Կորդուքի մի այլ ավելի մեծ հատվածով). եթե նայենք այդ հատվածը (Մասեաց Քարածով) ավելի մոտիկից (Պտ. 3), ապա հեշտությամբ կնկատենք այդ հինավուրց հունի ճաhճապատ սպին Մասիսի փեշին: Կարելի նկատել նաև, որ Շարուրի դաշտում Արաքսն այսօր էլ հոսում է ոչ թե դաշտի միջով (կենտրոնով), ինչպես Արարատյան դաշտում, այլ եզրով, ինչպես և առաջ է եղել նաև նրանից հյուսիս: Արաքսը դուրս է եկել իր այդ հունից Քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակի վերջում, երբ Սիսի և Մասիսի ժայթքումի (լավայի) հետևանքով փակվել էր Արաքսի հունը (պատմական Շարուրից մոտ 20 կմ հարավ, Այրարատ նահանգի ծայր հարավ-արևելյան սահման. Պտ. 4) և գրեթե ողջ Արարատյան դաշտավայրի տարածքում լիճ էր գոյացել (այսինքն նույն այն պատճառով (հրաբխային ծագում), որով և Սևանն էր առաջացել): Ակնաշեն հնավայրի պեղումների ընթացքում հայտնաբերվել է տեղեկությունների հսկայական ծավալ, որը թույլ է տալիս գիտնականներին սա փաստել: Ես համոզված եմ, որ հենց այդ Մասիս-Արաքսյան ջրհեղեղն է ընկած պայմանական Նոյի առասպելի հիմքում, ինչի մասին ես արդեն գրել եմ ջրհեղեղի իրական պատմությանը նվիրված երկու առանձին նյութերում: Ինչևէ.., այդ հսկայական լճի հայելու բարձրությունը պիտի լիներ ծովի մակարդակից մոտ 850 մետրի վրա: Դա նշանակում է, որ այն ծածկել էր ոչ միայն Ակնաշենի բլուրը, այլ արևմուտքում հասել էր մինչև Մեծամոր քաղաքը (Վաղարշապատ-(Ակնալիճ-Մեծամոր)-Արմավիր մայրուղին այդ հատվածում ծովի սահման. Պտ. 5), իսկ Մեծամորի բլուրը (և շատ այլ՝ դրանից հետո սրբատեղի դարձած «փրկիչ» բլուրներ, այդ թվում Արտաշատի) այդ «ծովում» վերածվել էր կղզու… Ի դեպ, Ակնաշեն հնավայրից (Պտ. 6), որն, ըստ էության, Հայաստանի՝ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքի ամենահնագույն բնակատեղին է («նախանոյական»), 2013 թ., ինչպես պնդում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, «պեղումների ընթացքում հնագետներն Առաջավոր Ասիայի հնագույն կնիքի սենսացիոն օրինակ են պեղել» (ցավոք լուսանկարը չունեմ), որը «բարդ սոցիալական հասարակությունների գոյության մասին է վկայում»,- այսպես մեկնաբանեց հնագետը: Այդ լիճը երկար չի գոյատևել, և ի վերջո Արաքսը կրկին դուրս է պոկվել դեպի Կասպիս, իսկ Շարուրի դաշտի դիմաց Քարածովում պահպանվել են երբեմնի բիբլիական ծովի մնացորդային աղե լճակները (Պտ. 7): Ամենայն հավանականությամբ, հենց այդ իրադարձությունների հետևանքով է Արաքսը առաջին անգամ փոխել իր հունը: Լճի՝ աստիճանաբար ցամաքումից հետո Արաքսի նոր հունը Երասխաձոր-Մասիս հատվածում անցել է ներկայիս հունից այնքան ավելի հյուսիս, որքան որ դրանից առաջ եղել է ավելի հարավ (Պտ. 8): Հենց այդ ժամանակներից էլ մինչև Արմավիր մայրաքաղաքի ամայացումը Արաքսը հոսել է պատմական Արգիշտիխինիլի-Արմավիր երկու բլուրների (Արևմտյան (Մոխրաբլուր) և Արևելյան (Արմավիր)) հարավային լանջերի ստորոտով… Դա այն ժամանակներն էին, երբ պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ, Արաքսը հոսել է Վաղարշապատի մոտով (երկու անգամ ավելի մոտ քան հիմա է) և որ մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նոր մայրաքաղաք (Երվանդաշատ) հիմնելու գլխավոր պատճառը եղել է Արաքսի հունի փոփոխումը, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։ Մի փոքր շեղվեմ և փորձեմ բացատրել ինչով էր պայմանավորված Արգիշտի Ա-ի (ստուգ. Արճիշտ) մ.թ.ա. 776 թվականին հիմնադրված Արգիշտիխինիլի վայրի ընտրությունը: Ենթադրվում է, որ ա.կ. նախա«ուրարտական» շրջանում հենց այդ բլրների վրա էր գտնվում E-t(i)uni («Տուն-Ամրոց»/«Տուն-Տաճար»/«Աստծո տուն») երկրի (թագավորությունների դաշինքի) A-za-ni երկրի (պայմանական, չճշտված ընթերցում. իմ ընթերցմամբ «Ջրազան» – A-ն ջրի գաղափարագիր + զան քեր.մասնիք (ZA (cuneiform) is used syllabically as parts of personal names, PLACES, or common words)) կենտրոնը: Զարմանալի չէ, քանզի այն գտնվում էր (հավանական նոր ջրհեղեղի առումով) Արարատյան դաշտի ամենաապահով արևմտյան հատվածում, այդ Արարատյան դաշտի դարպասը հսկող բարձր բլրով և նրան ողողող Արաքսով հոյակապ պաշպանված, ջրով ապահովված ստրատեգիական առումով մի անփոխարինելի դիրք: Բացի այդ, եթե նայենք քարտեզին և Argishtihinili-ի մատույցներում հայտնաբերված «ուրարտական» այլ սեպագիր արձանագրությունների և ամրոցների աշխարհագրական դիրքին (Պտ. 9, սև գծով կապվող բացահայտված վայրեր – այդ թվում նաև Ջանֆիդայի Սարդուրի B (Սատար Բ) արքայի բերդ), ապա մենք էլ կփաստենք, որ մայրաքաղաք Վանը (Տոսպը) Արարատյան դաշտին կապող ամենակարճ ուղին անցել է հայտնի Կոջուխի լեռնանցքով (Վան-Առեստ-Բագավան-Դարոյնք (Բայազեթ)-Կոջուխ-Կողբ (Իգդիր)-Արմավիր): Հիշեցնեմ, որ ՄԵՐ վանկագիր սեպագրում LI (Լիություն) վանկը՝ որպես քերականական մասնիկ, ունի հոգնակիի ցուցիչ, իսկ քաղաքների անվան մեջ նույնն է, ինչ հետագայի ՇԱՏ վերջավորությունը (օրինակ Արտաշ-(շ)ատ, ԵրվանդաՇատ): Այսինքն Ar-gis*-ti-hi-ni-li անվան մեջ ընկած է Արճիշտի(j)ի-շատ (Արճիշտ արքայի «ՄԵԾ» (մարդաՇԱՏ)/շքեղ/հզոր/առատ քաղաք): Քանի որ խոսքը գնում է Արմավիրի մասին, չեմ կարող չանդրադառնալ նաև հռչակավոր ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Սոսյաց անտառին, որն, ըստ ավանդության, տնկել է առասպելական Արմենակ նահապետը (շատերը շփոթում են այն Երվանդի Ծննդոց անտառի հետ)։ Ես վստահ եմ, որ այդ ավանդությունը հիմնովի թյուր է: Մենք գիտենք ով է այն մեզ «հասցրել”»… Մեր պատմահոր մոտ ոչ մի խոսք չկա նաև քաղաքի ջրանցքների հիմնադիր Վանի թագավորների մասին: Նախորդ նյութերում ես ներկայացրել եմ իմ տեսակետը այդ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև սեպագիր վանկագիր E su-si (Սոսի տաճար) բառի և հիմա չեմ ուզում կրկնվել: Սակայն, պետք չէ մոռանալ, որ Արևելյան Սոսիների բնական (նաև արհեստական) արեալը գետերի ափերն են… Դրանում կարելի է համոզվել՝ այցելելով Սյունիքի Ծավ գետի՝ միայն ափերով ձգվող Սոսիների պուրակ արգելոցը: Մեր մասնագետները բաց են թողնում այս հանգամանքը և միայն դա է պատճառը, որ նրանք չեն կարողանում գալ ընդհանուրի և տեղայնացնում են պարսից արքա Շապուհի կողմից ոչնչացված այդ անտառը Արմավիր բլուրի այս կամ այն կողմը, կամ էլ միանգամից շուրջ բոլոր կողմերը… Այո, քաղաքի համար ացկացվել էր 4 ջրանցք և նրանցից ճյուղավորվող անթիվ առուներ (նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 40 կմ)… ԲԱՅՑ, դրանք ծառայում էին երկու նպատակի՝ քաղաքը քաղցրահամ ջրով ապահովելու և այգեգործության համար՝ բերքաշատ այգիների ոռոգման (հիմնականում խաղողի – 1000 հեկտարից ավել): Սա նշանակում է, որ Սոսիների համար մնում էր միայն Արաքսի բնական հունը, այսինքն բլուրների հարավային ստորոտը (Պտ. 10) Բայց վերադառնանք այն հարցին, թե ինչով է պայմանավորված Արաքսի՝ այդքան փոփոխական բնավորությունը և ինչու նա հետագայում էլ պարբերաբար փոխել իր հունը: Նախ պետք է ասել, որ այն (բնավորությունը) այդպիսին է ոչ իր ողջ երկանքով, այլ մեծապես Արարատյան դաշտավայրում է իրեն այդպես դրսևորում: Արաքսը շատ արագահոս գետ է (վայրկյանում՝ 1,5 մետր), բայց ոչ Արարատյան դաշտում: Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը: Իսկ անցնելով Կաղզվանի անձուկ ձորերով և նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում և պղտորվում է ու մտնում է Արարատյան դաշտ, որտեղ էլ պայմանավորված Արարատյան դաշտի նվազ թեքությամբ, նա հոսում է անհամեմատ դանդաղ և չափաԶԱՆց տղմոտ: Ջրերի բերած տիղմի տարեկան քանակը մոտ 20 մլն. տ է… Որպեսզի ավելի լավ պատկերացնեք ասածս, նայենք Պտ. 11-ին – Արաքսի և Մեծամորի միախառնման գետաբերանը: Համեմատեք երկու գետերի երանգները: Գլխավորապես այդ կուտակվող տիղմն է (գումարած սողանքները և երկրաշարժերը) ամեն անգամ պատճառ դառնում գետի հունի խցանման և նոր հունի բացվելուն: Ասում են, Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը… Եվ ամեն անգամ Արաքսի նոր հունը անցնում էր էլ ավելի հարավ… Այսպիսով կարելի է վստահ լինել, որ ևս մի քանի հազարամյակ անց Մայր Արաքսի կվերադառնա իր մայր գոգը – Մասիսի ծոցը (ստորոտը): Բայց շարունակենք և տեսնենք, թե որտեղով էր հոսում Արաքսի նոր հունը, երբ նա հեռացավ Արմավիրից: Այդ և նախկին հունի սպին երևում է անգամ տիեզերքից (Պտ. 12): Նրա մի (ցամաքած) հատվածը կոչվում է Չոր Արաքս՝ բավականին լայն ճահճապատ մի տարածություն, որը նկատվում է տեղ–տեղ մինչև Արտաշատ, և որը անցնում է Երասխահուն խոսուն անունով մի գյուղի մոտով (Լս. 13): Իսկ մյուսը դարձավ մեր օրերի Մեծամոր գետի ստորին հոսանքի հունը (Պտ.14): Սակայն վերջին քարտեզի վրա ես ցույց տվեցի միայն Արաքսի պատմական այդ շրջանի հունը, իսկ Մեծամոր գետի հունը միտումնավոր ներկայացրել եմ քարտեզի վրա այնպես, ինչպես այն մեր օրերում է (որպեսզի ավելի ընկալելի լինի Արաքսի նախկին հունը), այլ ոչ այնպես ինչպես այն ժամանակ էր: Իրականում այն ժամանակներում (Արտաշեսյանների դարաշրջանում) Մեծամոր գյուղից նույնանուն գետը հոսում էր ոչ թե հարավ, այլ արևելք, դեպի պատմական մայրաքաղաք Արտաշատը և նա իր մեջ ընդունում էր ոչ միայն Քասախ գետը (ինչպես և այսօր), այլ նաև Հրազդան և Ազատ գետերը (Պտ. 15), ինչի շնորհիվ Մեծամորը շատ ավելի ջրառատ էր քան հիմա (նույնիսկ հիմա նա Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկն է):Մեր օրերի Հրազդանի ստորին հոսանքների հունը դեռ վաղ միջնադարում Մեծամորի միջին հոսանքների հունն էր: Վերջինիս երկարությունն էլ ներկայինի հետ համեմատ մոտ երեք անգամ ավելին էր: Իսկ հիմա ավելի մոտիկից նայենք Երվանդաշատին հաջորդող Արտաշատ մայրաքաղաքին (Պտ. 16): Հայտնի է, որ Արտաշեսը այն հինել էր մ.թ.ա. 180-170-ական թթ այդ ժամանակների Արաքս և Մեծամոր գետերի միախառնման ՄՈՏ: Ես ամեն անգամ կրկնում եմ, որ այդ բոլոր ՄՈՏերը պետք է մաքսիմալ ճշգրտվեն: Այդ ՄՈՏը այստեղ էլ առաջացնում է անճշտություններ, տարակարծություններ և շփոթմունքներ: Հաճախ կարելի է հանդիպել իրարամերժ պնդումներ – մի տեղ գրված է լինում, որ քաղաքը կառուցվել էր գետերի միախառնման կետում (մի կողմից Արաքսն էր հոսում, մյուս կողմից Մեծամորը), մյուս տեղ՝ որ այն երեք կողմերից ողողվում էր Արաքսով, իսկ 4-րդ (արևելյան) կողմից (Խոր Վիրապի մուտքի կողմից) արհեստական խանդակով (ջրանցքով) էր պաշտպանված, մեկ այլ տեղ՝ որ այդ երեք կողմերը ողողում էր արդեն Մեծամոր գետը… Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արտաշատի բլուրները (միջնաբերդը) չէին կարող երեք կողմից ողողվել Արաքսով – դա է փաստում աշխարհագրական տվյալները – հակառակ դեպքում գետը պիտի հոսեր ոչ թե ցած, այլ բարձրանար վեր (բնականը նկատի ունեմ ոչ թե ավելի հյուսիս, այլ հնահունի ֆիզիկական բարձրությունը), ինչը բացառվում է: Դա կարող էր լիներ միայն այն դեպքում, եթե Արաքսի նախկին հունը անցներ այն հունով, որով ես անցկացրել եմ Մեծամորը: Բայց, նախ Արաքսը միշտ էլ շատ ավելի արագընթաց և ջրառատ գետ է եղել քան Մեծամորը, իսկ մենք չենք տեսնում այդ հատվածում Արաքսի հնահունին բնորոշ խորը և լայն սպի, և երկրորդ՝ դա կնշանակեր, որ Մեծամորը այդ դեպքում պիտի միախառնվեր Արաքսին Արտաշատից շատ ավելի հեռու վայրում (հյուսիս-արևմուտքում)… Իսկ մենք գիտենք, որ պատմական Արտաշատի դամբարանադաշտի մոտով, որտեղ հիմա ճահճուտներ են, անցել է հենց Մեծամոր գետը: Չմոռանանք, որ Ագաթանգեղոսի վկայությունից ելնելով համարվում է, թե Արտաշատի Տիր-Ապոլոն աստծո տաճարը գտնվում էր Արաքսի ձախ ափին: Եվ հենց այդտեղ է վերջերս հայտնաբերվել տաճարային համալիրը և արքայական բաղնիքը (Պտ. 17): Սա էլ իր հերթին նշանակում է, որ ճիշտ է միայն այն (հաշվի առնելով հնահուների հետքերը և աշխարհագրությունը), որ Արտաշատի բլուրները ողողվում էին միայն Մեծամորով և արհեստական խանդակի ջրերով, իսկ Արաքսի և Մեծամորի խառնարանը գտնվում էր միջնաբերդից մի փոքր ավելի հարավ-արևելք, որտեղ շատ լավ նկատվում է երբեմնի լայն գետաբերանը: Հիմա այդ հատվածում (Եղեգնավան գյուղի մոտ) Արաքսի երկու մեծ գալարներն են (մեանդրը): Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հենց այդ հատվածում է մ.թ. 330-ականներին Արաքսի հունի փոփոխման հետևանքով խախտվել մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը - գրեթե անհոս Մեծամորը կորցրել իր հին գետաբերանը, ճահճացել, որոնք գարշահոտություն են տարածել այդ հատվածում և գտել նոր գետաբերան (Հրազդանի գետաբերանից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք): Դրանից հետո (գումարած Արտաշատի ավերումը հռոմեացիների կողմից) Խոսրով արքան որոշում է կայացնում նոր մայրաքաղաք հիմնել Դվինում: Այս անգամ հունի մշտական փոփոխության պատճառին (տիղմի կուտակում) նպաստում էր նաև անոմալ բարձր ջերմաստիճանը, ինչը հանգեցնում էր Արաքսի ավելի նվազ սնուցմանը և ջրերի ավելի արագ գոլոշեացմանը: Մեջբերեմ Խորենացուն. «Քանզի ի ժամանակին յայմիկ Արէս ուղեկցեալ արեգական, եւ աւդք ջերմայինք պղտորեալք ժանդահոտութեամբ փչէին…»: Հիշենք նաև, որ Արտաշատը ուներ մի քանի կամուրջ: Դրանցից գլխավորը Արաքսի պատմական հարավային Տափերական կամուրջը (տաճարի մոտ, Պտ. 17-ի վրա սև գույնի գծով) և Մեծամոր գետի (հավանաբար հրվարդանի մոտ գտնվող, սպիտակ գծով, հարավ-արևմտյան) կամուրջներն էին: Այդ ժամանակներից ի վեր հայոց նոր մայրաքաղաքները այլևս երբեք չէին կառուցվում քմահաճ Արաքսի ափերին: Այսպիսով կարելի է վստահ լինել, որ ապագայում էլ անխուսափելի են Արաքսի հունի աղետալի փոփոխությունները և ևս մի քանի հազարամյակ անց Մայր Արաքսի կվերադառնա իր մայր գոգը՝ Մասիսի ծոցը (ստորոտը): Եվ եթե հայ-թուրքական սահմանը մինչ այդ չփոփոխվի (իսկ այն կփոփոխվի և շատ շուտով (մինչև 2024 թ.) և մեր օգտին), ապա Արարատյան դաշտավայրում այն կանցնի մեր օգտին՝ շատ ավելի հարավ-արևմուտք. չնայաց այդ ժամանակ արդեն վաղուց գոյություն չի ունենա Թուրքիա անունով երկիր»: