Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը

839
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 13:45
Լուկաշենկոն ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունն այս պահին տեղի է ունենում Անկախության պալատում։

Երդմնակալության արարողությանը հրավիրված է եղել մի քանի հարյուր մարդ։ Դրանց թվում են՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ներկայացուցիչների պալատի պատգամավորները և խորհրդի անդամները, պետական մարմինների ու կազմակերպությունների, տեղական գործադիր և վարչական մարմինների, ԶԼՄ-ների ղեկավարները, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների գործիչները:

«Ստանձնելով Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել և պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել և պաշտպանել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը, սրբորեն և բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները»:

Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերենով։ Այնուհետև նա ստորագրել է երդման ակտը, որից հետո Բելառուսի ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին հանձնել Է Բելառուսի Հանրապետության Նախագահի վկայականը:

Հիշեցնենք՝ պետության ղեկավարի ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել Է ընտրողների 80,1%-ը: