Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

«Կրթական ոլորտի բարեփոխումներ՝ դրական միտումներ և առաջարկություններ»․ ԻՔՄ

130
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 19:05
«Կրթական ոլորտի բարեփոխումներ՝ դրական միտումներ և առաջարկություններ»․ ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Կրթական ոլորտի բարեփոխումներ՝ դրական միտումներ և առաջարկություններ» թեմայով.

Հայաստանում հետհեղափոխական շրջանում մի շարք կարևոր զարգացումներ են տեղի ունեցել կրթական ոլորտում, սակայն մինչև այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնց դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ քննարկումներ և ճշգրտումներ։ Կրթության ոլորտի զարգացումների մասին Հանրային քաղաքականության ինստիտուտի տեղեկագրում, մասնավորապես, ներկայացվում են կրթության ոլորտում կատարված կամ պլանավորված փոփոխությունները, ինչպես նաև բերվում են մի շարք առաջարկություններ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար։

Ի՞նչ զարգացումներ կան

Տեղեկագրում նշվում է, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դադարեցրել է գյուղական դպրոցների օպտիմալացման գործընթացը, Արմավիրի մարզում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության, Ասիական բանկի մասնակցությամբ 107 միլիոն դոլար է տրամադրվել հանրակրթական դպրոցների վերանորոգման և սեյսմակայունության ապահովման համար, 35 հազար աշակերտների հնարավորություն է տրվել այցելել տարբեր մշակութային հաստատություններ, բացվել է Հայ չինական բարեկամության դպրոցը։ Բացի սա, որպես կրթության ոլորտում սպասվող դրական իրադարձություններ, նշվում են նախադպրոցական և դպրոցական կրթության բյուջեի՝ շուրջ 4,5 միլիարդ դրամով բարձրացումը, 2019-ի ընթացքում մանկավարժների վերապատրաստումները, դասագրքերի վերանայումը, Շիրակի և Արագածոտնի մարզերում համընդհանուր ներառականության ներդրումը, առաջին դասարանցիների գրանցման առցանց տարբերակի ներդրումը, 201 համայնքում ավելի մատչելի և հասանելի նախադպրոցական կրթության ներդրումը, կրթության ֆինանսավորման բանաձևի վերանայումը։

Ի՞նչ է առաջարկվում

Հանրային քաղաքականության ինստիտուտի տեղեկագրում, ըստ այդմ, բերվում են մի շարք առաջարկներ, որոնցից առաջինը վերաբերում է նախադպրոցական կրթության մատչելիությանը և հասանելիությանը։ Մասնավորապես, տեղեկագրում առաջարկվում է կատարել ուսումնասիրություններ, թե Հայաստանի որ համայնքում քանի երեխայի է պետք ապահովել նախադպրոցական կրթությամբ, և անհրաժեշտության դեպքում, օգտագործել նաև դպրոցական շենքերում ազատ կամ չգործարկված սենյակներն ու տարածքները՝ դրանք վերակազմակերպելով որպես նախակրթարաններ: Համընդհանուր ներառականության ներդրմանը զուգահեռ, ըստ ՀՔԻ առաջարկի, անհրաժեշտ է կատարել նաև ուսուցիչների համապատասխան վերապատրաստում։ Ընդհանուր առմամբ, ՀՔԻ-ն առաջարկում է, որ ուսուցիչների վերապատրաստումներում ներառվի քաղաքացիական ակտիվության, մարդու իրավունքների և համամարդկային արժեհամակարգի զարգացմանն ուղղված կրթության բաղադրիչը: Ինչ վերաբերում է երեխաների համար խրթին և չափից դուրս հագեցած դասագրքերի վերանայմանը, ապա ՀՔԻ-ն առաջարկում է վերանայել գրքերի բովանդակությունը և, դասագրքերի տեսական մասը թեթևացնելու հետ մեկտեղ, ավելացնել փորձառական հմտությունների զարգացմանն ուղղված գործնական առաջադրանքները: Մտահոգության առանձին առարկա են հանդիսանում հայաստանյան բուհերում մինչ այժմ գործող հոգաբարձուների նախկին խորհուրդները, որոնք շարունակում են գլխավորել նախկին իշխանության ներկայացուցիչները: ՀՔԻ-ն կարծում է, որ հոգաբարձուների խորհուրդների ապակուսակցականացման գործընթացը պետք է հնարավորինս արագ կատարվի, քանի որ այն խաթարում է կրթական հաստատություններում կրթության կազմակերպման բնականոն ընթացքը: Կրթության ոլորտում մեկ այլ խնդրահարույց հարցի՝ միասնական քննական համակարգի ներդրման կապակցությամբ ՀՔԻ-ն առաջարկում է փոփոխությունների օրակարգ մտցնել 10-12 դասարաններում կրեդիտային համակարգի ներմուծումը, քանի որ միասնական քննությունների արդյունավետության նկատմամբ մեծ կասկած կա: Կրեդիտային համակարգի պարագայում սահմանված չափով կրեդիտներ ստանալով՝ աշակերտները հաջողությամբ կավարտեն դպրոցը, ինչպես նաև՝ կընդունվեն բարձրագույն կրթական հաստատություններ: Հանրային քաղաքականության ինստիտուտի մեկ կարևոր առաջակ էլ վերաբերում է գյուղական դպրոցների օպտիմալացման խնդիրին։ Մասնավորապես, կրթական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ՀՔԻ-ն առաջարկում է կիրառել վարչական օպտիմալացման մոդելը: Մի քանի դպրոցներ կարող են միավորվել որպես մեկ իրավաբանական անձ՝ միաժամանակ պահպանելով յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական անձնակազմն ու կրթության կազմակերպման միջավայրը՝ դպրոցի շենքը։ Այդպիսով, վարչական օպտիմալացման շնորհիվ կկրճատվի վարչական անձնակազմի (տնօրեններ, փոխտնօրեններ, հաշվապահներ, այլ) թվաքանակը, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն միավորված դպրոցներին։ Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք նաև կրթական համակարգի մեկ այլ կարևոր խնդրի՝ տարկետման իրավունքի վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի առաջարկներին։