Լեզվի կոմիտեի կոչը՝ ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքների մասին
![]() ՀՀ ԿԳՆ լեզվի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։ Շատ տնտեսավարողների մտածողության մեջ արմատներ ձգած օտարամոլությունը նրանց դրդում է ամեն կերպ խուսափելու ցուցանակները և գովազդային վահանակները հայերեն ձևավորելուց: Նրանք նախապատվությունը տալիս են օտար լեզուներին։ Հատկապես մայրաքաղաք Երևանը հեղեղված է օտարալեզու հրապարակային գրվածքներով։ Վիճակն անհանդուրժելի է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթը (4-րդ հոդված, «գ» կետ), որը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջում է «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն»։ Օրենքը թույլատրում է նաև օտար լեզուների գործածությունը՝ սահմանելով, որ հայերեն գրություններն անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել այլ լեզուներով։ Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։ Նկատի ունենալով այս ամենը և հանրապետությունում մեծաքանակ օտարատառ և օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունը՝ դիմում ենք. ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հիշեցնելով պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներ՝ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար. բ. ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին՝ կոչ անելով իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին։ Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի՝ ցուցանակը և գովազդը ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում (քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով): Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
