Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԿԳՆ-ն հաստատել է քննությունների ժամանակացույցը

645
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 11:30
ԿԳՆ-ն հաստատել է քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019թթ. ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը՝ ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
Համաձայն ժամանակացույցի՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը: 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները՝ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը, դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (ԳԹԿ): 12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը: 9-րդ դասարանի կենտրոնացված և ավարտական քննություններ հանձնողների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը: Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդներին թույլատրվում է մասնակցել քննության՝ համաձայն կրթության և գիտության նախարարության հաստատած անվանացանկի: Քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից:

Քննություններ և ընթացակարգ

Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 1000-ին: Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից՝ գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,
2) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,
3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում,
4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում,
5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:
6) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից:
7) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը՝ քննասենյակում, սովորողների ներկայությամբ։
8) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով:
9) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
10) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե՝ ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ:

9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (կենտրոնացված, թեստ). քննության տևողությունը՝ 120 րոպե,
2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր,
3) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր,
4)«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը՝ 120 րոպե,
5)«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը՝ 120 րոպե,
6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր,
7)«Ֆիզկուլտուրա» առարկայից՝ քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),
8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր (քննաշրջանի ընթացքում),
9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար (քննաշրջանի ընթացքում),
10) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների ավարտական քննությունների թեստերը կազմվում են ռուսերենով։
11) Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզու և հայ գրականություն» կենտրոնացված ավարտական քննությունը հանձնում են իրենց դպրոցներում՝ աշխատակարգի պահանջներին համապատասխան:
Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը՝ 120 րոպե,
2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)՝ քննության տևողությունը՝ 120 րոպե,
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)՝ քննության տևողությունը՝ 120 րոպե,
4) «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ նորմատիվների հանձնում (ստուգարք)՝ մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր՝ (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում,
6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր՝ (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում:
7) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):
8) Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:
9) Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:
10) Ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ: