Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի տնօրենը 2.3 մլն դրամի վատնում է կատարել. հարուցվել է քրգործ

816
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 15:40
Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի տնօրենը 2.3 մլն դրամի վատնում է կատարել. հարուցվել է քրգործ

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009-ից մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի՝ իրեն վստահված միջոցների խոշոր չափ հանդիսացող՝ 2.311.752 ՀՀ դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նախկին տնօրենի 2011-ի, 2015թ. և 2016-ի երեք հրամաններով դպրոցում որպես պահակ և էլեկտրիկ-փականագործներ աշխատանքի են ընդունվել երեք քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանցից մեկի անվամբ՝ 2011թ. ապրիլից մինչև 2014թ. սեպտեմբեր, երկրորդի անվամբ՝ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբեր և երրորդի անվամբ՝ 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբեր հաշվարկվել և վճարման է ներկայացվել համապատասխանաբար 281.750, 912.619 և 1.117.383 ՀՀ դրամ գումարներ, որը նրանք ստացել և տնօրինել են։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով վատնում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: