Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ագրարային համալսարանի ռեկտորի պատասխանը Էդմոն Մարուքյանին

617
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 11:35
Ագրարային համալսարանի ռեկտորի պատասխանը Էդմոն Մարուքյանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ երեկ արած հայտարարությանը, ինչին անդրադարձել էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ փետրվարի 14-ի նիստում ունեցած ելույթում (ինչպես նաև հետագա ելույթներում) տարածած ապատեղեկատվության առթիվ հարկ եմ համարում հանրությանը պարզաբանել, որ Համալսարանում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորատի ձեռնարկած արմատական բարեփոխումները թելադրված են արդի տեխնոլոգիաներով հագեցած ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու, բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմի շնորհիվ Համալսարանը կերպափոխելու և Համալսարանի հեղինակությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությամբ: Երկար տարիներ Համալսարանին բնորոշ խնդիրներից են եղել կադրերի հոսունությունն ու որակյալ կադրերի պակասը: Քիչ թե շատ մրցունակ աշխատավարձեր առաջարկելն այժմյան մեր քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Ընդհանուր առմամբ բարձրացվել է ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ. որպես արդյունք՝ բարձրացել է աշխատակիցների շահադրդվածությունն ու աշխատանքի արտադրողականությունը. երկու-երեք ամսում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիներով անտեսված են եղել: Ներգրավել ենք ոլորտի պրոֆեսիոնալների, որոնց մասնագիտական գիտելիքները, փորձը հզոր ուժ են հաղորդելու Համալսարանին:

Զարմանալի է, թե Էդմոն Մարուքյանն ի՛նչ հիմքով (չասելու համար՝ ինչ հույսով) է պնդում, թե՝ «…հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300 հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել»: Սա նույնիսկ մեր սիրելի լոռեցիների ավանդական միամտության վերաբերյալ փաստարկի հետ է անհամատեղելի:

Ըստ ամենայնի, Էդմոն Մարուքյանի՝ իմ և Ագրարային համալսարանի հասցեին հնչեցրած հրապարակային արտահայտությունները (անհիմն մեղադրանքները, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով՝ նաև հովանավորչության և կոռուպցիայի մեջ ներգրավվածության պիտակավորմամբ) վիրավորանք և զրպարտություն են, ուստի Էդմոն Մարուքյանից պահանջում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:

Չներկայացնելով Համալսարանում ընթացող արմատական բարեփոխումների ամբողջ ծավալը, ես Էդմոն Մարուքյանին, սույնով պահանջածը կատարելուց հետո, հրավիրում եմ գալ մեր համալսարան և անձամբ ծանոթանալ այստեղ իրականացվող բարեփոխումներին և նոր կրթական ծրագրերին, եթե դա նրան իսկապե՛ս հետաքրքիր է: Էդմոն Մարուքյանին մեծ հաճույքով հնարավորություն կընձեռեմ միասին ուսումնասիրելու հին ու նոր հաստիքացուցակները, և ապատեղեկատվություն տարածող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ, օրինակ. 300-ը 3-ից մեծ է 100 անգամ, այն է՝ ոչ թե 3, այլ 300-ից ավելի աշխատակիցների աշխատավարձ է բարձրացել:

Հ. Հ. Գ. Վերջում հանրությանը վստահեցնում եմ, որ ես Ագրարային համալսարանին միացել եմ միմիայն հանուն մեր երկրի կրթական շահի: Երբևէ չեմ ունեցել և չունեմ հովանավորներ: Քաղաքական որևիցե կուսակցության չեմ անդամակցել և չեմ անդամակցում: Մշտապես առաջնորդվել և առաջնորդվելու եմ մեր երկրի կրթական և այլ գերակա շահերով: Հստակ պատկերացում ունեմ ագրարային ոլորտի կրթության և գիտության զարգացման խնդիրների, հեռանկարների, զարգացման հենանիշերի մասին: Երկար տարիներ օգտագործել և օգտագործելու եմ մասնագիտական ամբողջ կարողությունս, բարոյական պաշարս և միջազգային հեղինակությունս՝ հանուն Ագրարային համալսարանն ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազանցության կենտրոնի վերափոխելու նպատակի»:

Հանրության հանդեպ հարգանքով՝

Վարդան Ուռուտյան