Խոսենք ու գրենք գրագետ. «որ»-ի և «որպեսզի»-ի ճիշտ կիրառությունների մասին
![]() MAMUL.am-ը Լեզվի կոմիտեի հետ միասին շարունակում է առցանց միջավայրում օժանդակել գրավոր հայերենի անաղարտացման գործընթացին: Այսօր կխոսենք «որ»-ի և «որպեսզի»-ի ճիշտ կիրառությունների մասին: Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ: Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս: Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզի-ին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզի-ն որ-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է: Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է: Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզի-ի գործածության սխալները: Բերենք օրինակներ. «Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»: «Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»: «Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»: «Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»: «Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»: Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝ «…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»: «…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ), որ իր իրավունքները խախտվեն»: «Նախընտրելի է (ի՞նչը), որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»: «Նա պնդում է (ի՞նչ), որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»: «Ժամանակն է (ինչի՞), որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»: Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը: Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված. «ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»: «Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի կարողանան մոռանալ ողբերգությունը»: Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»: Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
