Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երեխաների մեծ մասն ատում է դպրոցը. ինչո՞ւ». Արսեն Վարդանյան

550
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 23:50
«Երեխաների մեծ մասն ատում է դպրոցը. ինչո՞ւ». Արսեն Վարդանյան

Ուսուցիչ Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաների մեծ մասն ատում է դպրոցը, քանի որ առաջին հերթին նրանք ձանձրանում են: Միմյանց հաջորդող միանման դասեր ու դասեր, դրանցից ոչ պակաս ձանձրալի տնային աշխատանքների ահռելի քանակ, իսկ երեխան ուզում է խաղալ, վազել, թավալվել, ծիծաղել, գժություն անել, իրեն հետաքրքրող բաներից պատմել, զբաղվել դրանցով:
Ամեն երեխայի կարողություն և հետաքրքրություն կարելի է ծառայեցնել դասին:
Մի քանի օրինակներ ներկայացնեմ:
Մի անգամ հանձնարարեցի բանաստեղծությունը ոչ թե անգիր արտասանել, այլ երգել այն կամ այդ թեմայով գրել մեկ այլ տեքստ և երգել: Երեք-չորս երեխա այնպիսի շնորհ ցուցաբերեցին, որ ապշել էի այդքան կարճ ժամանակում նրանց հորինած հանպատրաստից երգերից: Մի քանիսը մնջախաղ ցուցադրեցին, ոմանք էլ պարզապես գեղեցիկ ընթերցեցին: Բնավ պարտադիր չէ ստիպել, որ բոլորը նույն բանն անեն, նույն բանաստեղծությունը քսան-երեսուն հոգին արտասանեն իրար հետևից:
Լսարանի առջև ելույթն ունենալու վախը ամենատարածված վախերից մեկն է: Իսկ եթե այդ տարիքում երեխան համարձակ երգի, պարի, արտասանի բոլորի աջև, տարիներ անց նա որևէ տեղ ելույթ ունենալու խնդիր չի ունենա և երախտագիտությամբ կհիշի երբեմնի ուսուցչին, որ իրեն օգնել է հաղթահարել այդ բարդույթը:
Առհասարակ, երեխային չպետք է հոգնեցնել դասին: Նախ ուսուցիչը ֆիզիկապես և հոգեպես հալումաշ կլինի, և երկուստեք հաճույք չեն ստանա:
Երբ զգում եմ պուճուրներս հոգնած են, միացնում եմ որևէ հաճելի /հիմնականում բանաստեղծության հիման վրա գրված/ որևէ երգ, նախապես պատրաստած տեքստը բաժանում եմ և միասին երգում ենք, պարում: Ինքս ձայնային փայլուն տվյալներ չունեմ, բայց երգում ենք բոլորս՝ անկախ մեր բաղաձայն լինելուց:
Ե՛վ գեղագիտական ճաշակն է զարգանում, և՛ գրագետ խոսք են լսում, արտաբերում, դուրս են հանում իրենց մեջ կուտակված լարվածությունը, բացասական ապրումները, հույզերը, լցվում են աշխուժությամբ, և ուսուցչի ցանկացած առաջադրանք արդեն հաճելի պարտականություն է դառնում:
Սիրելի՛ գործընկերներ, մի՛ մտածեք, որ ծրագրից հետ կընկնեք, չեք հասցնի այս կամ այն թեման: Դասագիրքը սրբության սրբոց չէ, այն պարզապես ուղեցույց է, որը պետք է ձեզ ազատություն, ուղղորդում տա, ոչ թե կաշկանդի: Տարիներ անց այդ գրքի տեքստերից գուցե ոչ մեկն էլ չհիշի մարդը, բայց նրան կմնա այն հաճելի ապրումը, այս կամ այն կարողության զարգացումը, երևույթներն զգալու, հասկանալու ունակությունը և սերն իր լեզվի նկատմամբ:
Նույն այդ երգի տեքստն էլ տարաբնույթ լեզվական աշխատանքների նյութ կարող է լինել, օրինակ՝ գտնել հոմանիշներ, բացատրել բառեր, առանցնացնել այս կամ այն տեսակ բառերը, պատկերները ներկայացնել սեփական ընկալմամբ, գրել կարծիք և այլն:
Վստահեցնում եմ՝ ավելի կենդանի, աշխույժ և ուսանելի դաս կստացվի»: