Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի՝ ի տարբերություն 9-րդի

534
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 23:00
12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի՝ ի տարբերություն 9-րդի

Թե՛ կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) ու թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) չեն շտապում հայտարարել, որ այս ուսումնական տարվա վերջում 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները չեն անցկացվի կենտրոնացված տարբերակով: Armtimes.com-ի տեղեկություններով, սակայն, հենց այդպես էլ լինելու է: Այսինքն, բուհ չդիմած շրջանավարտների քննությունները կկազմակերպվեն նախկինի պես՝ իրենց դպրոցներում:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով այն տնայնավարությունը, որով ավանդաբար անցկացվում են դպրոցների ավարտական քննությունները, հայտարարել էր, որ աշակերտներն այսուհետ տվյալ քննությունները կհանձնեն հատուկ այդ նպատակով առաձնացված քննական կենտրոններում՝ ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ և նույն խստությամբ, ինչպես որ միասնական քննություններն են անցնում: Հետո, սակայն, պարզվեց, որ կենտրոնացված տարբարակով կլինեն ոչ բոլոր ավարտական քննությունները: Այժմ էլ, փաստորեն, 12-րդ դասարանի դեպքում չի լինի ոչ մեկը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ոլորտի պատասխանատուները հանգել են այն եզրակացության, որ դպրոցի ավարտական քննությունները կենտրոնացված տարբերակով անցկացնելու դեպքում առաջ են գալու բազմաթիվ խնդիրներ՝ ԳԹԿ-ն չի հասցնելու գրեթե միաժամանակ զբաղվել ավարտական քննություններով, վերաքննություններով, միասնական քննությունների նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներով, քննական կենտրոնները չեն բավականացնելու, հնարավոր է ժամկետների անհամապատասխանություն զորակոչի հետ և այլն:

Բայց 9-րդ դասարանում ավարտական քննությունը կենտրոնացված անցկացնելու գաղափարից ոլորտի պատասխանատուները չեն հրաժարվել: «Հստակ գիտենք, որ 9-րդ դասարանում կենտրոնացված քննություն անցկացնելու ենք: Հիմա մենք քննական կենտրոններն ընտրելու գործընթացի մեջ ենք: Մեր մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են կատարել Լոռու մարզում, Վայոց Ձորում անցած շաբաթ են ավարտել, վաղը-մյուս օրը գործուղման կգնան, եթե չեմ սխալվում, Գեղարքունիք, որպեսզի ճշգրտվեն, թե որոնք են լինելու տեղի քննական կենտրոնները»,- ասաց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

Այս տարի որոշվել է 9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը դարձյալ անցկացնել ըստ էության թեստային տարբերակով՝ դրա մեջ նաև ազատ շարադրանքի մաս թողնելով: Ինչպես հայտնի է, 2016 թվականից՝ Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ, հայոց լեզվի թեստային քննությունը դարձվեց փոխադրություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: