Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Երբ մարդուն չես ընդունում այնպիսին, ինչպիսին որ է». Սամվել Կարապետյան

740
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 01:38
«Երբ մարդուն չես ընդունում այնպիսին, ինչպիսին որ է». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վահրամ Թաթիկյանի տնամերձ այգու ծառերի հատման անչափ ծանր, պարզապես սոսկալի լուրին պատահաբար ու թերևս նաև բավական ուշացումով եմ իրազեկվել: Նույնիսկ չգիտեմ, թե արդեն որքան ժամանակ է անցել այդ ողբերգական դիպվածից:
Վերջին տարիներին Վահրամի որպիսությունից առավելապես տեղեկանում էի Դիմատետրի՝ իր էջում երբեմն-երբեմն հրապարակվող լուսանկարներից, որոնք գրեթե առանց բացառության նվիրված էին իր այգուն, նրա գեղեցկությանը, ծաղկած կամ մրգով բեռնված ծառերին: Նկատելի էր, որ մարդն իր առաջացած տարիքում կարծես ավելի էր մոտեցել ու կապվել բնությանը: Զգում էի, որ այգին դարձել էր Վահրամի ուրախությունների, բերկրանքի, զբաղմունքի և հոգածության հիմնական աղբյուրը:
Չգիտեմ, թե ինչ հոգեվիճակում է հիմա Վահրամը, բայց անհուն ափսոսանք եմ ապրում տեղի ունեցածի համար: Գաղափար իսկ չունենալով, թե թշնամական ի՞նչ դրդապատճառներով են նրա հետ այդպես տմարդորեն վարվել, այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ ելնելով Վահրամի անկանխատեսելի բնույթից կատարվածը ցավալիորեն ոչ միայն նրա պարագայում անխուսափելի չէր, այլև մինչև անգամ, որքան էլ տարօրինակ հնչի՝ իր կերպարին ողբերգականորեն ներդաշնակ մի իրողություն էր:
Ասում են՝ մարդուն ուզում ես ճանաչել, հետը ճամփա գնա: Իմաստուն խոսք է սա: Հին ու նոր շատ ընկերներիս էլ ու նրանց թվում նաև Վահրամին հենց ճամփորդելիս եմ ճանաչել, ավելին՝ Վահրամին հենց ճամփորդելիս էլ հայտնաբերել եմ:
Բազմաշնորհ ու բազմատաղանդ անհատականություն է Վահրամը: Բանաստեղծը, կիթառահար-երաժիշտը, երգահանն ու երգիչը մեկտեղված ու խտացված են այս յուրօրինակ արվեստագետի կերպարում: Թվարկածներից զատ Վահրամը նաև գորգագիտության բնագավառի վաստակաշատ մասնագետ է՝ «Արցախի տոհմագորգերը» մեծադիր աշխատության հեղինակ: Նույն ժամանակ Վահրամը նաև դժվար, տարօրինակ ու անկանխատեսելի, ինչու չէ՝ նաև փորձանքաբեր և ըստ այդմ վտանգավոր դեմք է:
Մարդկային փոխհարաբերություններում սրացումներն ընդհանրապես անխուսափելի են դառնում, երբ կողմերից գոնե մեկը չի փորձում դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա և չափում ու դատում է սեփական ընկալումների համեմատ: Տխուր օրինաչափություն է, որ որքան դիմացինն ավելի է տարբերվում ընդհանուրից, այնքան ծագած վեճերն էլ դառնում են անզիջում:
Վահրամ Թաթիկյանին ճանաչում եմ արդեն 38 տարի: Ըստ իս, նա տաղանդավոր հայ մարդու մի յուրօրինակ կերպար է, որին անհնար է չափել հասարակությանը ծանոթ արշինով: Հակառակ այս իրողության, չգիտես ինչու, հաճախ գործի է դրվում հենց այդ խղճուկ արշինը:
Նման իրավիճակները հաճախ պայթյունալի են դառնում, իսկ բախումներն էլ գրեթե անխուսափելի: Կարծում եմ այգին ոչնչացնելով Վահրամից վրեժ լուծող փոքրոգիները Վահրամին իրենց քոսոտ արշիններով չափել ձգտող ծանծաղ հոգիներն են, որոնց նմանների պակասը ցավոք մեր հասարակությունը երբեք չի զգացել:
Արդեն նշեցի, որ Վահրամին վաղուց եմ ճանաչում և նախ՝ 1980-1985 թթ., ապա և մի վերջին անգամ էլ 2005 թ. հետը ճամփորդած լինելով, ըստ իս բավականաչափ ճանաչում եմ իրեն:
Սույն ճանաչողության հիմքով որոշեցի կարողությանս համեմատ համբերատար ընթերցողիս առջև պարզել արտառոց բնության տեր՝ Վահրամ Թաթիկյանի ֆենոմենը:
Իբրև նախաբան միայն ցանկանում եմ նշել, որ Վահրամին առնչվող հուշերս որքան զավեշտալի, նույնքան էլ անհավանական արկածալից և բացառապես իրական պատմությունների մի շարան են:
Եվ այսպես, 1980 թվականի աշունն է: Ընդամենը մի երկու ամիս է, որ ծանոթացել-ընկերացել եմ Վալտեր Զարյանի հետ, բայց արդեն հասցրել էինք միասին մի քանի արշավներ իրականացնել: Հերթական արշավի ուղին սկիզբ էր առել Գառնիից և Հավուց թառ, Աղջոց և Վանստանի Աստվածածին վանքերից հետո հասել էինք Գեղի բերդ:
Վերջալույսն էր, պատրաստվում էինք գիշերելու բերդամիջի վիմափոր մառուռի մեջ, երբ հանկարծ բերդ բարձրացող ձորից լսում ենք կոմիտասյան երգեցողություն: Մոտենում ենք բերդի դարպասին և վայելում մթության մեջ բնության ձայներին միահյուսված և կամաց-կամաց դեպի մեզ մոտեցող կոմիտասյան հրաշք մեղեդիները: Վերջապես հայտնվում են երկու հոգի: Ծանոթանում ենք. բերդատերերիս հյուրերն են Վահրամ Թաթիկյանն ու Տիգրան Եղիազարյանը: Կարճ զրույցից հետո, Վահրամն ասում է. —մենք Խցում ենք գիշերելու, դա բերդից ցած վիմափոր մատուռների խումբ է, դրա տեղը հազարից մեկը չգիտի. դուք լավ տպավորություն թողեցիք և եթե ուզում եք, կարող ենք հիմա միասին իջնել և այնտեղ միասին գիշերել:
Առաջարկի համար ինքս շատ ուրախացա, քանի որ 1976-ից ի վեր բերդում արդեն շատ անգամ էի եղել, բայց այդ Խուց կոչվածի գոյության մասին նույնիսկ լսած չկայի:
Գիշերով բերդից իջանք ու հասանք Խուց: Երկար զրուցեցինք, մտերմացանք: Տիգրանն անտառտնտեսության ինժեներ էր, կիրթ ու բարի անձնավորություն (երկու տարի անց՝ 1982 թ. մայիսի 20-ին նա իր ողբերգական վախճանը գտավ Ազատ գետի վարարած ջրերում), դե իսկ Վահրամի մասին դեռ երկար պիտի գրեմ:
Արդեն Երևանում Վահրամի հետ բավական մտերմացել էի և հիշում եմ, որ 80-ականների սկզբներին մի քանի անգամ նաև իր տուն եմ այցելել: Այդ այցելություններից ավելի հիշողությանս մեջ դրոշմվել է այն, որ երբ իր բնակարանի դռանն էի հասնում, որպես կանոն ներսից լսում էի Վահրամի կատարումներից մեկը և զանգի կոճակը չէի սեղմում այնքան ժամանակ, քանի դեռ Վահրամն ավարտին չէր հասցրել տվյալ երգը: Այդպես, թե չէի խանգարում իրեն ու թե վայելում էի երգը մինչև վերջ:
1981-ին մեր չորս հոգանոց խմբով մեկնեցինք Վայոց ձոր: Այցելեցինք Ցախացքարի վանք, Սմբատաբերդ, Պռոշաբերդ, Շատիկ անապատ և այլ հնավայրեր: Հիշում եմ, որ Սպիտակավոր Աստվածածնում գիշերը Վալտերն ու ես անց կացրինք եկեղեցու խորանում, իսկ Վահրամն ու Տիգրանը եկեղեցու հարավային կողմի փոքրիկ հարթակում՝ վրանի մեջ:
Առավոտյան Վահրամն ու ես բավական վաղ էինք վեր կացել, իսկ Տիգրանը դեռ դանդաղում էր: Սրան գումարած Վալտերն էլ, թե խորանում սառել եմ, գնամ մի քիչ վրանի մեջ տաքանամ:
Ժամանակն անցնում էր, բայց այս երկուսը վրանից դուրս չէին գալիս: Ես առաջին անգամն էի տեսնում, թե ինչ է լինում, երբ Վահրամը բարկանում է: Նախ վրանից դուրս գալու մի քանի վերջնագիր հրամաններ արձակեց, ապա դրանց անհետևանք մնալու փաստից գժվեց, քանդեց-փլցրեց վրանը մեր ծուլացած ընկերների վրա և հավաքելով ուսապարկը հայտարարեց, որ ինքը մեկնում է: Վիճակն ավելի բարդացավ, երբ վրանի միջից փոխանակ մեզ լքելու մտքից Վահրամին ետ կանգնեցնելու խնդրանքներին՝ հռհռոցներ լսվեցին: Այդ պահին ինձ այնպես թվաց, որ Վահրամն, այնուամենայնիվ, չէր ուզում միայնակ հեռանալ, բայց դրա համար հարկավոր էր, որ ընկերներից գոնե մեկը խնդրեր, համոզեր իրեն չառանձնանալ խմբից: Միավորիչ առաքելությունն ինձ վրա վերցրի և մենք՝ չորս հոգով մինչև վերջ շարունակեցինք մեր վայոցձորյան արշավը:
1985 թ. դարձյալ ճամփորդ էինք: Այս անգամ մեր խումբը բաղկացած էր երեք հոգուց. Վահրամն էր, Վանո Դադոյանն ու ես: Նպատակը Հյուսիսային Արցախում շրջագայելն էր, որը սկսեցինք մեր Արծվաշենից և ապա անցանք Գետաբեկի շրջան:
Այս ճամփորդության ընթացքում Վահրամի պատճառով մղձավանջային իրավիճակներն այնքան շատ էին, որ ավարտին որոշեցի այլևս երբեք Վահրամի հետ չճամփորդել:
Հիմա պիտի պատմեմ, թե ինչ օյիններ բերեց Վահրամը մեր գլխին թեկուզ միայն մեկ օրվա ընթացքում:
Դեռ նախքան կեսօրը հասել ենք շրջանի Բեյուք Ղարամուրադ գյուղը, որտեղից պիտի բարձրանայինք սխալմամբ Խամշի վանք հորջորջված, իրականում՝ Հարանց վանքը: Վերջինս գյուղից հազիվ 1 կմ հյուսիս է գտնվում:
Արդեն ետևում ենք թողել գյուղի այդ ուղղությամբ բնակելի վերջին տները, երբ հանկարծ Վահրամն ասում է. —ես այս վանքում արդեն եղել եմ և այնտեղ նկարելու բան չունեմ, ուստի իմ ֆոտոապարատներն ինձ հարկավոր չեն: Հիմա մի քարի ետև իմ զույգ Զենիթները կթաքցնեմ ու թեթև ուսապարկով կբարձրանամ վանք:
Վանոյի հետ փորձում ենք համոզել, որ այդպես չանի: Վերջապես ամեն ինչ հնարավոր է, հերիք է, որ մեկը նկատի, նաև գյուղի վերջին տներից շատ չենք հեռացել և եթե մեր աչքին ոչ ոք չի երևում՝ դա չի նշանակում, թե իրոք մեզ՝ անծանոթներիս ոչ մեկը հայացքով հետամուտ չէ: Օգուտ չունի. Վահրամն իրենն է պնդում: Վերջը գնաց ինչ-որ մի քարին կից, իր ասելով միանգամայն աննկատ տեղում թաքցրեց ու իրենից գոհ սկսեց մեզ հետ բարձրանալ վանքի ուղղությամբ: Վանոյի օգնությամբ առաջին անգամ չափեցի եկեղեցուց և զանգակատնից բաղկացած ԺԷ դարի համալիրի հատակագիծը: Վերջը շատ ավելի մանրամասն, քան 1980 թ. առաջին այցելությանս ժամանակ էի հասցրել լուսանկարեցի վանքն ու սկսեցինք ետ իջնել դեպի գյուղ:
Հասանք այն նույն տեղը, ուր Վահրամն իր լուսանկարչական գործիքներն էր թաքցրել: Տեսնում ենք մի քանի թուրքի լամուկներ այս ու այն քարի ու թփի ետևում թաքնված միայն գլուխները վեր բարձրացնելով ծաղրական բացականչում են «թուրիսթ-թուրիսթ» ու կրկին թաքնվում:
Վահրամը շփոթված հայտնվում է և ասում ապարատներս չկան: Շվարած իրար երես ենք նայում, ոչինչ օգուտ չունի, եղածը՝ եղած է:
Մեկ էլ վայրկենապես տեսնում ենք, որ Վահրամը վազում է դեպի մեր վրա խնդացող լամուկներից մեկի ետևից բռնում դրան, դուրս բերում գոտկից կախ արած արշավային փոքրիկ կացինն ու երեխուն պարկեցնելով գետնին, գլխատելու պատրաստ դիրքով (կացինը բռնած ձեռքը վեր պարզած) ռուսերենով բղավում է. —կսպանեմ ֆոտոապարատներս:
Միայն այդ պահին տեսանք, թե իրականում քանի լամուկներ էին հավաքվել, որովհետև տեսարանից զարհուրած արդեն ամենն էլ իրենց թաքստոցներից գլուխները դուրս հանած քարացած կանգնել էին: Մեկ էլ դրանցից մեկը վազում է գյուղի վերջին տների ուղղությամբ, իսկ մինչ այդ գլխատման ենթակա լամուկը սարսափից հիստերիկ վիճակի մեջ՝ ճչում է:
Տեսնում ենք, որ դեպի գյուղ վազ տված լամուկը նույնպիսի վազքով վերադառնում է զույգ ապարատները ձեռքին: Բերում դնում է գետնին, Վահրամի առջև ու էլի փախչում: Լացի զոռ ձայնով նրան է հետևում նաև արդեն ազատ արձակված Վահրամի «գերին»:
Մտածում ենք, որ այս երեխաներն իրենց տները հասնելուն պես պատմելու են, թե իրենցից մեկի գլուխն ինչպես էր թռչելու և ով գիտի գուցե գյուղովի հասնելու են մեր վրա՝ սկսում ենք գյուղի տների այդ մասը շրջանցող ուղիով արագ, համարյա թե կիսավազքով փախչել:
Մի 10 րոպեից կարծես վտանգը կարծես ետևում թողած մի փոքր շունչ ենք քաշում և արդեն գլխավոր ճանապարհով քայլում ենք Գետաբեկ շրջկենտրոնի ուղղությամբ:
Շրջանի այս հատվածում գյուղերը գրեթե կից են միմյանց և հազիվ Մեծ Ղարամուրատից դուրս ելած հայտնվում ենք Քիչիկ (Փոքր) Ղարամուրատ գյուղում:
Շարունակում ենք քայլել դեպի շրջկենտրոն տանող և գյուղամիջով անցնող ասֆալտապատ ճանապարհով և մեկ էլ Վահրամը նկատում է մեզանից աջ, յուրաքանչյուրն իր դարպասով պարիսպների ներքո գտնվող տներից մեկի երկրորդ հարկի պատշգամբի բազրիքին փռած մի կարպետ:
— Տղերք, սա ես անպայման պիտի լուսանկարեմ, ասում է Վահրամն ու թակում երկդուռ մետաղյա մեծ դարպասը: Արձագանք չկա, փոխարենն ինքնիրեն թեթև բացվում է մեծ դռներից մեկի միջի փոքր դուռը:
Ըստ էության դուռը բաց է, բայց քանի տան տերը չի երևացել Վանոն ու ես չենք ցանկանում մարդու բակ ներխուժել: Վահրամն իհարկե մեզ չի լսում և արդեն ոչ միայն ներսում է, այլև պատշգամբ բարձրացող փայտե աստիճաններով վեր է ելել ու մեզ էլ կանչում է, թե եկեք այս կարպետը պահեք, որ նկարեմ: Մեր համարձակությունը չի հերիքում միանալ Վահրամին և մնում ենք դարպասից ներս, միայն մեկ-երկու քայլ խորացած: Ընկերներից հիասթափված, մեկ էլ տեսնենք, չգիտես որտեղից մուրճ ու մեխ գտած Վահրամը կարպետը մեխելով կախում է պատշգամբի արտաքին երեսին: Պատկերացրեք, ինչ-որ անծանոթ մարդիկ մտել են մեկի տուն հերիք չէ, դեռ աղմուկով էլ ինչ-որ աշխատանք են անում: Ես ամոթից ու անհանգստությունից կարկամել եմ, բայց տեսնում եմ, որ Վանոն էլ ընկել է Վահրամի ջրերը ու բարձրացել պատշգամբ: Սա դեռ հերիք չէ, մտել է տան երկրորդ հարկի սենյակներից մեկն ու դուրս թռչելով ինձ վեր է կանչում: Գոնե Վանոյի հավասարակշիռ կեցվածքը կասկածի տակ առնելու պատճառ չունեի, ուստի համարելով, որ շատ կարևոր է՝ ես էլ եմ վեր բարձրանում: Ներս ենք մտնում, որտեղ Վանոն ցույց է տալիս մի հնաշեն փայտյա թախտ, մեխի փոխարեն բոլոր հանգույցները փայտյա սեպերով իրականացրած, մի ճակատին էլ «վարպետ Սարգիս» փորագրած:
Շտապով նկարում եմ Վանոյի մատնանշած բոլոր կարևոր դրվագներն ու անմիջապես իջնում բակ, որտեղ արդեն վարկյաններ անց հայտնվում է ձայնը գլուխը գցած տան-տիրուհին, ով իրեն կորցնելու աստիճան բղավելով ու երկու ձեռքերով մեզ հրելով տան բակից դուրս է հրում: Դուրս գալուց առաջ ես էլ հասցնում եմ Վահրամի պատշգամբին մեխած կարպետը լուսանկարել, որի մի եզրին արդեն հետագայում լուսանկարից ընթերցում եմ. «1914 թ. Գարեգին …եան»:
Կինը կարծես մի փոքր հանգստանում է, գուցե ըմբռնելով, որ անկոչ հյուրերն անպատկառ են, բայց և վնասատու չեն: Մի պահ նույնիսկ կարծես շոյվում է Վահրամի բութ մատը վեր պարզած և «չոխ յախշի խալիչա» խոսքերից ու բարձրանում պատշգամբ, իր հետ նաև թոռնիկներն են հայտնվում: Ներքևում Վահրամը դեռ շարունակում է մեկ մի Զենիթով (սև-սպիտակ), մեկ մյուսով (գունավոր սլայդ) լուսանկարել կարպետը: Կարծես ամեն ինչ խաղաղվել էր ու մեկ էլ այս կինը նորից իրեն կորցրած վար է իջնում ու թուրքերեն ինչ-որ բաներ ասելով շտապով մեզ դուրս հանում բակից: Իր խոսքերից միայն այնքանն եմ հասկանում, որ, թե՝ հրեն ամուսինս է գալիս ու եթե գա տեսնի, որ օտար տղամարդ եմ ներս թողել, դուք հեչ, ինձ էլ կսպանի:
Նույն պահին նկատում եմ, որ հարևան բակի կողմից ոչխարի բրդից կարած դաղստանցու փափախով բեղավոր մեկն արագ քայլերով մեր կողմն է գալիս:
Արդեն միասին շտապով դուրս ենք ելնում և գրեթե նույն իրավիճակում, ինչ նախորդ գյուղում պատահեց, նորից կիսավազ փախչում ենք:
Արդեն հաջորդ գյուղում ենք: Սրա անունն է Փոլադլու: Այլևս հոգնել ենք և քանի որ միչև Գետաբեկ դեռ շատ ճանապարհ կա, որոշում ենք սպասել գյուղեզրով ձգվող ճանապարհին դեպի շրջկենտրոն գնացող մի որևէ ավտոբուս նստելու մտքով:
Հազիվ մի քանի րոպե է, որ կանգնած ենք և ահա մեզ են մոտենում նույն գյուղացի միջին տարիքի երեք թուրք: Մեր որտեղացի և ինչ ազգից լինելն իմանալուց հետո, նրանցից մեկն ուշադիր մեր դեմքերին նայելով ասում է.
— Առաջ այստեղ ձերոնք են ապրելիս եղել:
— Իսկապե՞ս,
— Այո, այո, եթե կուզեք հիմի էլ կարող եք գալ մեզ հետ ապրել:
— Իսկ ինչ կարող ենք այստեղ անել:
— Մեզ պես կարտոֆիլ կցանեք կապրեք:
— Դե, չէ, մենք արդեն քաղաքային կյանքին ենք վարժվել, ուստի մեզ համար այստեղ դժվար կլինի:
Թուրքերից մեկը, մեկ էլ, թե. — դեռ ձերոնցից էլ մի շենք կա մնացած, ասելով՝ մատնացույց է անում մեզանից հազիվ 150 մետրի վրա երևացող կիսավեր մի շենք:
Տեսնելու ցանկությունը բորբոքում է մեզ և որոշում ենք Վահրամի հսկողության ներքո՝ տեղում թողնել Վանոյի և իմ ուսապարկերը, իսկ մենք երկուսով գնանք-տեսնենք ինչ շենքի ավերակ է դա: Հետս վերցնում եմ արտաքուստ սովորական պայուսակի նմանվող լուսանկարչական գործիքներիցս մեկը և քայլում ենք դեպի ավերակը:
Մի 20-30 մետր մնացած երևում են կիսով կամ ավելի չափով հողի մեջ խրված պարզ հորինվածքներով մի քանի խաչքարեր: Հասկանում եմ, որ մենք գտնվում ենք երբեմնի հայաբնակ գյուղի գերեզմանոցում, իսկ մատնացույց արված կիսավեր շենքն էլ թաղը և խորանի հատվածը փլված եկեղեցին է՝ լցված գյուղի աղբով:
Արագ հանում եմ զենիթս հնարավորինս աննկատ գոնե մի քանի պատկեր վերցնելու համար և անմիջապես լսում եմ նույն թուրքերի զայրացկոտ հանդիմանությունը, թե.
— Դուք չիշտ մարդիկ չեք, ինչո՞ւ եք լուսանկարում (ռուսերենով հնչում էր այսպես. «Վի նե պրավիլնիե լյուձի, պաչեմու ֆատագրաֆիրովայտե»): Այս խոսքերն ասելով արագ քայլերով մոտենում են մեզ: Մոտեցող թուքերի հետ է նաև Վահրամը:
Հասնում են մեզ: Շարունակում են նկարելու անթույլատրելիության մասին շեշտել: Պատասխանում եմ, որ իբրև հնություն հետաքրքիր էր, բայց եթե նկարելն արգելված է, ապա ոչ մի խնդիր չկա, չենք նկարի, մանավանդ որ դեռ չեմ էլ նկարել, միայն փորձում էի:
Արդեն մի կերպ խաղաղեցրել էինք այս թուրքերին և մի կերպ հարթել խնդիրը, երբ հանկարծ Վահրամը ծոցից հանում է իր անձնագիրը (խորհրդային անձնագրերը կարմիր գույնի էին) և ձեռքը վեր պարզած, բարձրում թափահարելով գոչում. — ես խորհրդային քաղաքացի եմ, սա խորհրդային միություն է (յա սավետսկիյ գրաժդանին, էտը սավետսկիյ սայուզ):
Վահրամի այս խոսքերի և կարմիր անձնագրի վրա թուրքերը վայրկենապես այնպես են գազազում, ինչպես ցուլերն են գազազում կարմիր գույնի փալասը տեսնելիս: Միահամուռ հարձակվում ու բռնում են Վահրամի ոձիքից, շորերն են քաշքշում: Անկանխատեսելի այդ նեղ պահին Վանոյի հետ ես էլ խաղաղասիրական հիմար բաներ եմ քարոզում, միայն թե մեր խորհրդային երկրի քաղաքացի ընկերոջն այս կոստյումավոր մարդակերների ճանկերից մի կերպ կարողանանք ազատել: Վերջապես հաջողում ենք Վահրամի օձիքն ազատել ու երեքով համարյա վազելով հասնում ենք մեր ուսապարկերին ու եթե մի 20 րոպե առաջ գումար խնայելու նպատակով Գետաբեկ հասնելու համար ավելի ավտոբուսի էինք սպասում, ապա հիմա պատրաստ էինք առաջին պատահած մեքենան կանգնեցնել ու պահանջված գումարը վճարել, միայն թե րոպե շուտ կարողանայինք այս վայրից դուրս պրծնել:
Բարեբախտաբար, թուրքերն այլևս մեզ չեն հետապնդում, այլ բավականանում են մեզ հասցեագրված մի շարք «սիրալիր» արտահայտություններ հոխորտալով: Մեր բախտից մի Մոսկվիչ է հայտնվում, որը և մեզ ազատում է Պոլադլուից և հասցնում Գետաբեկ:
Արդեն իրիկնադեմ էր, որ հասանք Գետաբեկ շրջկենտրոնը: Քաղաքավանի կենտրոնում միակարկ մի հյուրանոց կար: Ներս մտանք: Կառավարիչը մի խիստ գեր կին էր, որ բացի ադրբեջաներենից ոչ մի ուրիշ լեզու չէր հասկանում: Համենայն դեպս մեր երեքի անձնագրերի ռուսերեն բաժնում արձանագրված անուն-ազգանունները հազիվ մի կես ժամում կարողացավ գրանցել ու մեզ երեք մահճակալով մի սեյակ հատկացնել:
Հենց սկզբից աչք զարնեց հյուրանոցում միայն նորերս ավարտված նորոգությունները: Համենայն դեպս մեզ տրամադրված սենյակը և այնտեղ տանող միջանցքը ակնհայտորեն վերջերս էին սպիտակեցրել:
Հյուրանոցային համարն ապահովելուց հետո, որոշեցինք դուրս գալ և մի փոքր զբոսնել: Դեմ հանդիման շուկան էր, որ իհարկե օրվա այդ ժամին արդեն փակ էր, միայն մի երկու կրպակ-խանութներ դեռ բաց էին: Դրանցից մեկն այցելեցինք: Մթերքի մասով ոչ մեկ ընտրություն չկար: Ցուցադրված էր մի քանի տուփ վաֆլի, կողքին ռետինե երկարաճիթ կոշիններ, ապա լվացքի օճառների խոշոր կտորներ և խմիչք:
Այստեղ Վահրամը ոչ բարով մի խմիչք նկատեց. դա՝ բալի շամպայն էր:
— Տղաներ, այս ինչ յուրահատուկ շամպայն է: Կյանքիս մեջ երբեք բալի շամպայն ոչ թե խմած, նույնիսկ տեսած չկամ: Պիտի մեկ շիշ գնեմ դրանից:
Վաճառողը մի տղամարդ է, ով ազնվորեն ասում է, թե շամպայնը լավը չէ (փլախոյ դաաա), բայց եթե անպայման խմիչք եք ուզում, ապա խնդրեմ կարող եք օղի վերցնել:
Վահրամն էլ, թե խնդիրը խմելը չէ, որ օղի վերցնենք, այլ այս յուրահատուկ շամպայնը համտեսելն է, ասում է, պնդում և վաճառողի կամքին հակառակ գնում բալի շամպայնը:
Մի քանի տուփ վաֆլին և մեկ շիշ շամպայնը ձեռքներիս վերադառնում ենք հյուրանոց: Մտնում ենք մեր սենյակն ու Վահրամն անմիջապես, թե. — մի սրանց անկողինների սավանների գույնին նայեք, մարդու զզվանք է գալիս: Ես սրանց վրա չեմ պարկի: Գնամ ասեմ, թող գա սրանք հավաքի ու նոր սավաններ փռի: Փորձում եմ համոզել, որ դրա կարիքը չկա, չէ որ մենք քնապարկեր ունենք, կհանենք ու դրանց մեջ մտնելով մահճակալներին կպարկենք: Չէ, որ չէ, Վահրամի որոշումը բեկել անհնար մի բան է: Դուրս է գալիս սենյակից ու շուտով վերադառնում հյուրանոցի կառավարիչ այն գեր կնոջ հետ: Ավելի ժեստերով, քան լեզվով մի կերպ հասկացնում է կնոջը, որ սավանները մաքուր չեն և հարկավոր է փոխել: Լցված դժգոհությամբ և ակնհայտ դժկամությամբ կինը հեռանում է և րոպեներ անց միևնույն գորշ գույնի երեք նոր սավան բերում, փնչացնելով-ֆշշացնելով հավաքում եղածն ու նորերը փռելով հեռանում:
Րոպեներ անց կառավարչին նկատում եմ, որ թեյի մատուցարանը ձեռքին մտնում է միջանցքի երկարությամբ իրար կողքի շարված սենյակներից մեկը: Հասկանում եմ, որ մենք ևս կարող ենք թեյ պատվիրել, ուստի հասկացնում եմ, որ մեզ էլ թեյ բերի: Կինը գլխով անելով հասկացնում է, որ պատվերն ընդունված է:
Մինչ թեյը մեր սենյակ էլ մուտք կգործեր, Վահրամը հրճվալից շամպայնի շիշը գուրգուրելուց հետո դնում է սենյակի կենտրոնում գտնվող սեղանի վրա և փորձում բացել այն: Դեռ խցանի մետաղական ապահովիչը հազիվ մի պտույտ արած հանկարծ կապրոնե խցանը դուրս է թռչում տեղից ու հարվածում առաստաղին, հետևից էլ բալի շամպայնի անօրինակ հզոր շիթը, որ նույնպես հասնում է առաստաղին: Վահրամն իրեն կորցրած փորձում է ափով խոչնդոտել ժայթքոցը և ողջ ուժով ձեռքը սեղմում է շշի բերանին: Հիմա էլ ժայթքոցը սփռվում և մի ակնթարթում ներկում է նոր սավաններով թարմացված մահճակալները: Հրեղեն ներկարարությունն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ շշի տակ մնում է հազիվ երկու սանտիմետր տարողությամբ շամպայն:
Մտքներումս Վահրամին հում-հում ուտելով Վանոյի հետ շվարած իրար երես ենք նայում: Լավ, ինչ անենք հիմա: Չէ, որ հակառակի պես էլ թեյ եմ պատվիրել և քիչ հետո կինը ներս է մտնելու: Հուսալով, որ խնդիրը միայն ներկված սավաններն են, այլ ոչ առաստաղը, քանի որ դժվար թե կինը պատճառ ունենա հայացքն առաստաղին գցելու, որոշում ենք յուրաքանչյուրս արագ դուրս բերենք և մահճակալին փռենք մեր քնապարկերը, որպիսով կարելի էր քողարկել բալի շամպայնի անհամար կաթիլներով դրանց ներկված լինելը: Որոշում և ակնթարթորեն իրագործում ենք այն: Հազիվ էինք ծածկադմփոցն ավարտել, երբ մատուցարանը ձեռքին ներս է մտնում կառավարիչը: Մեր քնապարկերը, որոնցով քողարկել էինք ներկված սավանները հենց առաջին վայրկյանից այնպիսի զորեղ տպավորություն են գործում կառավարչի վրա, որ սա փոխանակ առաջանալու և մատուցարանը սեղանին դնելու ապշահար կանգնած է մնում և հայացքը մահճակալից մահճակալ ուղղելով դեռևս հեռվից հերթով զննում է մեր քնապարկերը:
Վերջապես կառավարիչը հաղթահարում է ապշանքը և մեկ ջնարակված թեյնիկ, շաքարաման և երեք տանձաձև բաժակ պարունակող մատուցարանը դնում է սեղանին: Մեկ ռուբլի վճարը ստանալուց հետո կառավարիչը փոխանակ սենյակից դուրս գալուն մոտենում է այն մահճակալին, որի վրա իմ քնապարկն էր փռված: Մոտենում է ու սկսում տնտղել-շոշափել քնապարկս, երևի հասկանալու համար, թե ինչ բան էր դա:
Այդ պահին ինձ այնպես թվաց, որ չտես տիկնոջը քնապարկերով զբաղեցնելը լավ միտք է, ուստի ինքս օրինակ ծառայելով առաջարկեցի տնտղել նաև Վանոյի քնապարկը: Կինը գլխի շարժումներով զարմացական և հիացական նշաններ էր ցույց տալիս և կարծես առանց շամպայնի խայտառակ հետքերը բացահայտելու բավական հաջող մի շրջան էինք կատարում սենյակում:
Ի դեպ, իմ և Վանոյի քնապարկերը պարզ տեսակից էին: Նրանց երկու կողմով ձգվում էր երկար շղթան և բացելիս հնարավոր էր գործածել իբրև մի պարզ ծածկոց, մինչդեռ Վահրամի քնապարկը նաև գլխամաս ուներ, որ ուզած պահին կարող էր միայն մարդու դեմքն ազատ թողնելով գլխարկի պես հավաքվել:
Երբ տեսա, որ այս կնոջը կարողանում ենք Վանոյի և իմ պարզ քնապարկերով զբաղեցնել, մտածեցի, որ է՛լ առավել Վահրամի քնապարկը կարող է հետաքրքրական լինել և որպես քնապարկների գծով զբոսավար տիկնոջն առաջնորդեցի դեպի Վահրամի քնապարկով ծածկված մահճակալը:
Կինը մոտեցավ, սովորականի պես տնտղեց և զարմացական հայացքն ուղղեց դեպի քնապարկի գլխամասը: Ինձ թվաց, թե նա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչու կամ ինչի համար է այս քնապարկի վերնամասն այդ տեսքով, ուստի ավելի շարժումներով, քան բառերով հասկացրի, թե ինչ կիրառություն ունի քնապարկի այդքան տարօրինակ թվացող գլխամասը:
Կինը քիչ դժվար ըմբռնեց դա, բայց երբ ի վերջո հասկացավ մի այնպիսի զարմանք ապրեց, որ ձեռքերն ու գլուխը վեր պարզած՝ «մաշալլահ» բացականչեց, սակայն որին էլ հետևեց ապականված առաստաղի ոչ պակաս զարմացական բացահայտումը՝ «վուահ» բացականչումով...
Կորանք, այն, ինչն ամենից շատն էինք ցանկանում աննկատ պահել չհաջողեցինք:
Հաջորդ առավոտյան հյուրանոցի կառավարիչ կինը մեր անձնագրերը մեզ չի վերադարձնում և պնդում է, որ մինչև առաստաղի ապականությունը չվերացնենք անձնագրերի երես չենք տեսնի:
Ճար չկա, դուրս ենք եկել կավիճ գտնելու նպատակով: Վերջապես մի դպրոցից մի քանի կտոր կավիճ ձեռք բերեցինք ու հիմա եկել ենք հյուրանոց, սեղանին աթոռ դրած հազիվ հասնում ենք առաստաղին: Հատիկ-հատիկ կաթիլները կավիճով ներկելու գործը Վանոյի և իմ վրա էր, քանի որ Վահրամի համեմատ մենք երկուսս ավելի բարձրահասակ էինք, իսկ Վահրամը ներքևից միայն հուշում էր, թե էլ որտեղ էին մնացել բալի շամպայնի հետքերից:
Այս աննախադեպ ներկարարական աշխատանքին մի քանի ժամ լծված մնալուց հետո հասկացանք, որ սա նույնիսկ մի ամբողջ օրվա գործ չէ և որոշեցինք մեկ այլ լուծում գտնել: Այդ հյուրանոցում, բացի կառավարիչ կնոջից մի վարսավիր էլ կար: Սա անսաց մեր բացատրություններին և խնդրանքներին և միջնորդեց կառավարչին, որ եղածով բավականանա և մեր անձնագրերը վերադարձնի:
Վերջապես ետ ստացանք մեր անձնագրերն ու բանտից ազատվածների նման երջանիկ դուրս թռանք այդ չարաբաստիկ հյուրանոցից: Սակայն, արդեն երեկոյան կողմ է և այլև դեպի Չարդախլու (այսինքն Շամխորի ուղղությամբ) որևէ ավտոբուս չի երևում: Նույնիսկ սկսում է մթնել և դեռ էլի ոչ մի փոխադրամիջոց: Ինքս զարզանդում էի այն մտքից, որ կարող է ի վերջո ստիպված լինենք նույն հյուրանոցը դառնալ: Վերջապես մի հացի բեռնատար կանգ առավ ու մինչ ուրախությունից շփոթված ռուսերենով փորձում եմ համոզել, որ մի ձևով մեզ էլ հետը վերցնի՝ վարորդը հայերենով հարցնում է. — տղերք հայեր ե՞ք: Կարծես աշխարհը հանկարծ մեզ նվիրեցին: Մեր ուրախությանը չափ չկար: Երևում է, որ բեռնատարի վարորդը բարեհաճ է, բայց և ասում է, թե կողքիս միայն մեկ հոգու տեղ կա: Մետաղական ընդարձակ փակ բեռնախցիկն էլ ճիշտ է ազատ է, սակայն մշտապես այլուր փոխադրելու պատճառով այնտեղ մաքուր չէ: Մեր կողմից վստահեցնում ենք, որ ամեն պայմանի համաձայն ենք միայն թե հանձն առնի մեզ վերցնել:
Հայ վարորդն ուսերը թոթվելով, որ նշան էր, թե «դուք գիտեք ես ձեզ զգուշացրի» համաձայնում է մեզ վերցնել: Վահրամն ակնթարթորեն իրեն տեղավորում է վարորդի կողքին, դե իսկ մենք բարձրանում ենք ալրափոշիով պատված անպատուհան թիթեղյա տուփի մեջ: Մոտ մեկ ժամվա ճանապարհից հետո բեռնատարը կանգ է առնում:
— Չարդախլու ենք հասել. ասելով՝ վարորդը բաց է անում երկաթյա դուռը: Մեր ուսապարկերն ու մենք ոտքից գլուխ սպիտակած շնորհակալությամբ հրաժեշտ ենք տալիս մեզ հայաշխարհ հասցրած բեռնատարի վարորդին և մի լավ թափ տալիս մեզ:
Արդեն մթնել էր, ինքս նախկինում երկու անգամ եղել էի զուտ հայաբնակ և հայաշատ Չարդախլու գյուղում, սակայն առիթ չէի ունեցել որևէ մեկի հետ ծանոթանալ և այդ ուշ ժամին համաձայն չէի, որևէ մի հայ ընտանիքի դուռը թակել և անհանգստություն պատճառել, մինչդեռ հարևան Ջագիր գյուղում ծանոթ ունեի և առաջարկեցի կարճ ճանապարհով արագ հասնել Ջագիր:
Ընկերներս համաձայնեցին, սակայն երբ հասանք երկու գյուղերի միջնամասով ձգվող ոչ խորը ձորակի պռնկին՝ Վահրամը, թե. — ես այս ձորը չեմ մտնի: Վանոյի հետ փորձում ենք համոզել, բան դուրս չի գալիս: Առաջարկում եմ. դե եկեք հենց այստեղ էլ գիշերենք, դրան էլ համաձայն չի: Ավելին, թե ես հետ՝ Չարդախլու եմ գնում: Բաժան-բաժան լինելու տհաճ իրողությունից խուսափելու համար, հակառակ մեր կամքին հետևում ենք Վահրամին: Հազիվ մի քանի րոպե քայլել էինք, երբ մեկեն ամբողջ գյուղի լույսերը մարեցին: Գյուղի մի ծայրին, վառ մնացած միայն մեկ լույս էր երևում և Վահրամը, թե՝ դեպի հենց այդ լույսն էլ գնանք: Գնում ենք, հասնում, պարզվում է գյուղի փուռն է: Վահրամը, թե. — ալյուրի մեքենայով եկողը հազիվ էլ փուռն ընկներ:
Փռում գիշեր անցկացնելու հնարավորություն չկար, ուստի դուրս ենք գալիս այնտեղից և անորոշ քայլում ենք գյուղամիջյան փողոցներից մեկով: Երկու կողմերում դարպասներով պարսպապատերից ներս տներ են, որոշներում նշմարում ենք նավթավառի աղոտ լույսերը:
Հանկարծ Վահրամը կանգ է առնում դարպասից այն կողմ երևացող մի երկհարկ տան առջև և ասում. — Մի տեսեք ինչ մեծ տուն է, այստեղ հաստատ մեզ համար մի սենյակ կճարվի: Վանոն ու ես ասում ենք, որ այս ժամին, այն էլ լույսերը մարած իրավիճակում մենք մարդու դուռը չենք թակի և եթե այդքան երես ունես, ապա դա ինքդ կանես:
Վահրամը թակում է դարպասը:
Նկատում ենք, որ նավթավառը ձեռքին տնից մի մարդ երկրորդ հարկից վար է իջնում, հասնում, բացում է դարպասի փոքր դուռը:
Վահրամը բարևում և բացատրում է իրավիճակը, սակայն այդ ամենի մասին խոսում է եզակի դեմքով և այնպիսի տպավորություն ստեղծում, թե ինքը մեն-միայնակ է: Մարդը համեցիր է ասում և փորձում է ծածկել դուռը:
Երեսը ճարահատ պնդացրած վերջին պահին ձեռքով դուռը պահում է Վանոն ու մարդուն քիչ անակնկալի բերում: Սակայն, մեր հյուրասեր չարդախլուեցին սիրով նաև Վանոյին է հրավիրում, ապա փորձում դարպասի մեջ բացված փոքր դուռը վերջապես փակել: Այստեղ ես էլ ամոթս մի կողմ դրած Վանոյի նման վերջին պահին պահում եմ դուռը և հասկացնել տալիս, որ ախր մեկն էլ կա: Տան տերը ինձ էլ է ներս հրավիրում, բայց դրանից հետո ինքն է դուրս ելնում ու նավթավառը ձեռքին աջ ու ձախ նայում՝ պարզելու համար, թե սրանցից արդյոք դեռ ինքան կան...
Չարդախլվեցու հյուրընկալ հարկի ներքո գիշերն անցկացնելուց հետո, առավոտյան շնորհակալությամբ հրաժեշտ ենք տալիս և բռնում Ջագիր գյուղի ճամփան:
Ջագիրում Վահրամի հետ կապված մեզ ևս մի տարօրինակ կացություն էր սպասում: Այստեղ, մինչ Վանոյի օգնությամբ եկեղեցու հատակագիծն էի չափագրում, մեկ էլ գյուղի երեխեքից մեկը հասնում է մեզ և ասում. — ձեր ընկերը ձեզ է կանչում: Հետևում ենք երեխային, ով մեզ առաջնորդում է մի տան բակ: Բակում տեսնում եմ դժգոհ, իրենց բախտից փոշմանած տան տերերին՝ պապին, տատին, ովքեր դժկամությամբ են պատասխանում բարևիս: Նույն ժամանակ տան ներսից ինչ-որ ձայներ եմ լսում: Երեխան մեզ ներս է հրավիրում և ինչ տեսնեմ: Վահրամը փորձում է նկարելու համար դուրս բերել տան մեծ սենյակի հատակին փռված մեծ գորգը, որի վրան են սեղանը, աթոռները, դիվանը ու մենակով այդ ամենն իրար է տալիս, քաշքշում: Ինչ արած օգնում ենք, գորգը դուրս հանում, Վահրամը նկարում է ու էլի նույն կերպ տեղն ենք դնում ու տան կահույքը վերադասավորում:
Այնուհետև Բարսում և Բարում գյուղերն անցնելով կածանով իջնում ենք Բարումշեն կամ Գառնակեր գյուղը:
Գառնակերում էր բնակվում ողջ շրջանում հայտնի մի մարդ՝ Աղաջանյան Հայկազը: Նա աշխատանքային հերոսի շքանշանակիր էր, ուստի ամբողջ շրջանում ավելի հայտնի էր «գերոյ» (հերոս) անվամբ: Իր հետ ծանոթ էի դեռ 1980 թ.-ից: Այս անգամ էլ մի բարև ասելու համար եկեղեցու հարևանությամբ գտնվող իրենց տուն այցելեցի:
Երեկոյան խմբվել ենք սեղանի շուրջ և Աղաջանյան Հայկազը դուրս է բերել զանազան մեդալներով լի մի տուփ և փորձում է մեզ ներկայացնել դրանցից յուրաքանչյուրին արժանանալու իր պատմությունը: Սակայն Վահրամի երգելը բռնել է: Զգում եմ, որ մարդը համբերատար սպասում է, թե Վահրամը երբ իր ձայնը կկտրի, որ կարողանա իր պատմությունները շարունակել ու մի երգից հետո Հայկազ պապը հազիվ է հասցնում մի քանի նախադասություն փոխանցել, երբ դարձյալ հնչում է հերոս պապի խոսքն ընդհատող Վահրամի հերթական երգը: Հետևում եմ այս անդուր իրականությանը և անվերջ մտածում, թե ինչ ահավոր բան է, երբ մարդուն պակասում է հարկավոր նրբանկատությունն ու հասկացողությունը: Վահրամի երգն ու երգարվեստն անձամբ ինձ համար հաճելի էր, բայց ես դա չէի կարող ընդունել այնպիսի մի իրավիճակում, երբ հյուր ես մի մարդու տանը, ում համար ոչ միայն բնավ ընկալելի չեն այդօրինակ երգերը, այլև ընդամենը մի քանի ծերերով բնակեցված գյուղում հյուրընկալ տանտերը ակնհայտորեն ցանկություն ունի իր հյուրերին փոխանցել իր կյանքի կարևոր հանգրվանների մասին տեղեկություններ: Վերջապես այդ մարդուց միայն լսելիք ու սովորելիք ունեինք, որը ցավալիորեն չէր հասկանում իմ տաղանդաշատ ավագ ընկերս:
Հերոս Հայկազ պապի քիրաջով պատված ու սպիտակեցված տան ներսում մի պատին միմյանց կից երկու գորգ կար կախ արված: Սենյակն իհարկե մթին էր, բայց այդ որակի ծարվածքով պատին մեխած գորգն էլ դուրս բերելն իրոք վտանգավոր էր: Ծեր տանտիրուհին Վահրամին խնդրեց հրաժարվել գորգը պատից հանելու մտքից, քանի որ քիրաջե որմերը կարող էին քանդվել հենց մեխերը դուրս քաշելու պահին, բայց ո՞ւմ ես ասում: Վահրամը դուրս քաշեց գորգը պահող մեխերն ու յուրաքանչյուրի հետ պատի մեջ մի-մի խոռոչ բացեց: Գորգը հանեց դուրս, նկարեց և երբ ծեր կնոջն ասաց, թե մայրիկ ջան չմտածես հիմի նույն ձևով կմեխեմ, այլևս տունը վերջնականապես փլատակվելու վտանգից ազատելու մտքով աննկարագրելի քաղաքավար ու համեստ տանտիրուհին ասաց. — չէ բալես, հարկավոր չի, համ էլ շատ վաղուց թափ չէի տվել, հիմա լավ առիթ եղավ, ինձ թող, թափ կտամ հետո կկախեմ:
Գառնակերից հետո ևս մի քանի գյուղեր անցանք և մեր այդ ճամփորդությունը եզրափակվեց:
Այդ ճամփորդության ընթացքում հասկացա, որ այլևս երբեք չեմ կարող Վահրամ Թաթիկյանի հետ ճամփա կտրել և հակառակ բազմաթիվ առիթներին բավական երկար՝ ուղիղ 20 տարի պահեցի որոշումս:
2005 թ., այսինքն մեր համատեղ վերջին ճամփորդությունից ուղիղ 20 տարի անց մի սխալ ևս գործեցի՝ անսալով դեպի Արևմտյան Հայաստան մեր ճամփորդությանը միանալու Վահրամի թախանձանքներին, սակայն դա արդեն եղավ իրապես վերջինը, քանի որ գոնե ինձ համար այն պարզեց, որ մարդը չի փոխվում:
Սիրում եմ և չափազանց բարձր եմ գնահատում երգահան Վահրամին ու նրա երգարվեստը, նրա բացառիկ տաղանդը, ընդունում եմ իրեն այնպես ինչպես որ կա, քանի որ անիմաստ է, ավելին՝ հիմարություն է Վահրամից այլ կերպար ակնկալել: Իր կեցվածքի համար Վանոն ու ես երևի այդ ճամփորդության ընթացքում մի հարյուր անգամ պիտի լքեինք իրեն, բայց դա չարեցինք, որովհետև հասկանում էինք, որ մարդուն պետք է ընդունեինք այնպիսին, ինչպիսին որ է, ուստի մեծապես ցավում եմ այն անխուսափելիի համար, որ տեղի է ունեցել քո այգու և այսինքն քեզ հետ, իսկ առավել դաժանն այն է, որ հասկանում եմ, թե այդ ողբերգությունն ինչու է տեղի ունեցել:

Հայ մարդիկ, նախքան միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, փորձեք գոնե մեկ անգամ միմյանց ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաք: Բարով մնաք»: