Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ձեզ եմ ներկայացնում Ազնավուրի աշխարհահռչակ «La Bohème» երգի տեքստի իմ թարգմանությունը». Արսեն Վարդանյան

1320
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 00:15
«Ձեզ եմ ներկայացնում Ազնավուրի աշխարհահռչակ «La Bohème» երգի տեքստի իմ թարգմանությունը». Արսեն Վարդանյան

Թարգմանիչ Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ծանոթ և անծանոթ ընկերներ, ձեր դրական արձագանքներից թևեր առած՝ ձեզ եմ ներկայացնում Ազնավուրի աշխարհահռչակ «La Bohème» երգի տեքստի իմ թարգմանությունը: Հաճելի պահեր եմ մաղթում բոլորիդ:

Բոհեմ
************

Երկու տասնամյակ
Թե չես բոլորել,
Այս պատմությունը
Դժվար է լսել.
Ծաղկում էր շքեղ յասաման ճերմակ
Մոնմարտրի պատուհանիս տակ
Տունս անշուք էր, պարզ ու հասարակ,
Սակայն նրանում կար խենթ մի կրակ
Սիրո դրախտ էր արևի ներքո,
Որ պատմությունն էր հյուսում իմ ու քո:
Նկարիչ էի. բախտ էի փնտրում
Իսկ դու մի բնորդ՝ մերկ ու սիրասուն:
Դա բոհեմ էր,
Խենթ մի բոհեմ,
Թեև աղքատ, բայց լի ոգով
Դա բոհեմ էր, մեր բոհեմը՝
Գեղեցիկ ու հարուստ հոգով:
Սրճարանում մենակ նստած
Միայնության մտքի ծովում
Աղքատիկ մեր կերակուրով
Մարմինն էինք հագեցնում
Կիսաքաղցած մեր մտքերում
Փառք ու դափնի միշտ երազում:
Տաք բուխարին գրկած հետո
Երգում էինք, տողեր ձոնում,
Կտավներին տալիս գույներ
Ձմռան գիշեր լուսացնում:
Դա բոհեմ էր, մե՛ր բոհեմը:
Դու՝ նորաթուխ գեղեցկուհի,
Ես՝ նորընծա արտիստ-կրակ,
Որ կտավի առաջ կանգնած
Վրձնում էի մարմինդ բարակ
Մերկությունդ անբիծ ու բաց,
Եզրագիծը մերկ կրծքերիդ
Կորությունը կոնքերիդ տաք,
Աչքերումդ՝ ջինջ լուսաբաց:
Ու երբ նորից առավոտ էր,
Ընդարմացած իմ ձեռքերում
Սուրճի տաքուկ գավաթ բռնած
Նայում էի ես պատկերիդ՝
Հոգիս ամբողջ՝ քեզնով լցված:
Սիրում էի կյանքը նորից
Քեզ ավելի՝ իմ խենթ կյանքից:
Դա բոհեմ էր, պարզ մի բոհեմ,
Մենք՝ պատանի ու անխոհեմ,
Դա բոհեմ էր, մեր բոհեմը՝
Սիրուց հյուսված մեր պոեմը:
Ու երբ հանկարծ քայլերս մեղմ
Ինձ տանում են փողոցս մինչ
Փնտրում եմ զուր ես ամեն բան
Ու չեմ գտնում ոչինչ, ոչինչ
Ձեղնահարկում լուռ ծվարած
Արվեստանոցն իմ գեղեցիկ,
Ոլոր-մոլոր ճամփաներով
Այնտեղ տանող սանդուղք նեղլիկ,
Մոնմարտրի փողոցում հին
Յասամաններն արդեն չկան
Դատարկվել է շուրջս ամեն բան
Չկա տունս՝ սիրուս վկան:
Դա բոհեմ էր, մեր բոհեմը
Ջահել էինք ու սիրավառ
Դա բոհեմ էր, մեր բոհեմը
Տարիների խենթ ու խելառ
Անցած, անուշ, մեր հին բեմը»: