Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Դպրոցի ավարտական քննությունները կլինեն միասնական և դրանք կվերահսկի ԳԹԿ-ն. Արայիկ Հարությունյան

1198
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 02:30
Դպրոցի ավարտական քննությունները կլինեն միասնական և դրանք կվերահսկի ԳԹԿ-ն. Արայիկ Հարությունյան

Դպրոցների ավարտական քննություններն այսուհետ չեն անցկացվի առանց լուրջ վերահսկողության, գնահատականներ շռայլելով կամ գիտելիքի անհրաժեշտ ստուգում չապահովելով, գրում է Armtimes.com-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն Արմավիրի մարզում այսօր մեկնարկած օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ դպրոցների ղեկավարներին տեղեկացրեց, որ այդ քննությունները նույնպես լինելու են միասնական, թեպետ առայժմ խոսեց թեականով (նշենք, որ ավատական քննություններ անցկացվում են 9-րդ և 12-րդ դասարաններում):

«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննություններն այսուհետ լինելու են միասնական, և դրանք դպրոցներում չեն անցկացվելու: Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, և այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենևին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն ր ամենևին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ սովորողների գիտելիքի իրական պատկերը հնարավորություն կտա գնահատել դպրոցի աշխատանքը, իսկ ցածր արդյունքի դեպքում առաջ կգա պատասխանատվության հարց:

«Հետագայում մենք x դպրոցի, y դպրոցի արդյունքները դնելով սեղանին, այդ դպրոցների ղեկավարությանը հարցնելու ենք, թե ինչու է միջին գնահատականները, օրինակ, մաթեմատիկա առարկայից այսքան ցածր, և մենք այսուհետ պատասխանի ենք կանչելու դպրոցի ղեկավարությանը ոչ միայն տնտեսական և կազմակերպչական հարցերի ժամանակ, այլ նաև արդյունքների: Սա կխթանի, որ այսուհետև որոշ դպրոցներում տնօրենները, դիցուք, մաթեմատիկայի ուսուցիչ ընդունեն ոչ թե վատ առաջադիմություն ունեցած և վատ գնահատականներով իրենց բարեկամին, հարևանին կամ ազգականին, այլ լավ մասնագետի, որովհետեւ լավ մասնագետ պետք է ունենալ, որպեսզի արդյունքներն էլ լինեն համապատասխան: Սա շատ կարևոր որոշում է մեզ համար: Արդյունքի համար այսուհետ դպրոցի ղեկավարությունը պետք է պատասխանատու լինի»,- հավելեց նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: