«Խաղաղության փողոցում». նոր ներկայացում` նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին
Մարտի 2-ին և 3-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է անսովոր ներկայացում: Մտահղացումը երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանինն է։ «Խաղաղության փողոցում» նոր ներկայացումը նվիրված է Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Բեմադրիչն ասում է, որ «Խաղաղության փողոցում» ներկայացումը փաստագրական է, բայց բեմում չեն պատրաստվում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել միայն չոր փաստեր: Նորա Գրիգորյանը նկատում է, որ թատրոնի համար այս ժանրը նորություն չէ, սակայն իր և դերասանների համար այս ձևաչափը փորձության պես մի բան էր. «Բեմում մարդիկ են, որոնք ոչ թե հենց այնպես գալիս ու պատմություններ են պատմում, այլ փորձում են վերապրել իրենց հետ կատարվածը: Այն շատ օրգանական է նայվում բեմում: Իմ նպատակը չէր՝ բեմում փաստեր ներկայացնել ու ցույց տալ այն ամենn, ինչ կատարվել է 30 տարի առաջ: Այն, ինչ որ եղել է, սարսափելի է եղել, ու դու չես կարող այն բեմում ցույց տալ: Անցյալի դառը հիշողությունները մեզ մոտ յուրովի են ներկայացվում՝ մեկը երաժշտության միջոցով է վերհիշում եղածը, մյուսը՝ թղթի կտորի, մյուսը՝ երեխային գրկելով կարոտն առնում, ով մահացել է…»: Երիտասարդ բեմադրիչը խոստովանում է, որ ներկայացման թեմայի շուրջ երկար է մտածել. «Մտահղացումը հանկարծակի ծնվեց: Ալեքսանդր Սամսոնիչի ու Ֆրեդ Դավթյանի հետ խոսում էինք խաղացանկային ներկայացումների, հայկական պիեսների մասին… Եվ ես այն ժամանակ ասացի, որ պետք է գտնել ու բեմադրել մի պիես 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին… Նրանք չառարկեցին: Բայց որոնման արդյունքում գտա Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքեր, այնուհետեւ՝ «Սովորական ցեղասպանություն» գիրքը, որի հեղինակն ու գլխավոր խմբագիրը Մարինա Գրիգորյանն է: Այն ինձ շատ օգնեց: Հետագայում հանդիպեցի ու զրուցեցի հեղինակի հետ, ինչի համար շնորհակալ եմ: Երբ Սումգայիթի ջարդերի մասին էի կարդում, ես կարծես տեսնում էի այդ սահմռկեցուցիչ պատմություններն ու անցնում դրանց միջոցով: Հասկացա, որ մինչ այդ ոչինչ էլ չգիտեի… Սկզբնական շրջանում մտածում էի, որ այս թեմայով պետք է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (Ռուսական բաժին) ուսանողների հետ ներկայացում բեմադրել. երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի մասին, բայց մտափոխվեցի: Պետք է խոստովանեմ, որ երբեք, ամեն դեպքում, ես չեմ լսել, որ բեմից Սումգայիթի ջարդերի մասին խոսեն: Առաջարկեցի այն բեմադրել թատրոնում… Առաջարկս շատ լավ ընդունվեց, ու ես անցա գործի: Ի դեպ, ներկայացման աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունն, ինչի համար հատուկ շնորհակալություն Արմեն Ամիրյանին»: Երիտասարդ բեմադրիչը համոզված է, որ անտարբեր չի թողնի հանդիսատեսին. «Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քարոզում են պատերազմը, մանավանդ, որ թատրոնը դա չի սիրում: Թատրոնը միակ տեղն է, որտեղ չկա պատերազմ… Հենց այդ պատճառով, գուցե շատերին դուր չգա, բայց ես չեմ թաքցրել նաև այն, որ եղել են ադրբեջանցիներ, ովքեր օգնել են հայերին: Ու դա չի նշանակում, որ մենք, ելնելով այդ արարքից, պետք է ամեն ինչ մոռանանք ու ներենք նրանց: Իմ ցանկությունն է, որ ադրբեջանցին զղջա կատարվածի համար ու ներողություն խնդրի: Կրկնում եմ, սա իմ ցանկությունն է»: Այս մասին հայտնում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը: |
«Եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի»․ Արցախի թեմի առաջնորդ
15308.01.2025, 20:30«Մարդկության քաղաքակրթական սեփականությունը չե՞ն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»․ Մշակութային ժառանգության օմբուդսմեն
18506.01.2025, 23:18Ցաղաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հարավային մուտքի արձանագրությունը
65106.01.2025, 01:12«Հայերը հավատում էին, որ Սուրբ ծնունդին ամեն ինչ փոխվում է». Վահե Քոթանյան (տեսանյութ)
51205.01.2025, 22:06Հայտնի է՝ երբ կմեկնարկի Մեծ պահքն ու կնշվի Սուրբ Զատիկը
72405.01.2025, 20:30«Արցախի կորուստը, ցեղասպան դրացիների հոխորտանքները, արտագաղթը անորոշ կացություն են ստեղծել». Արամ Ա
53705.01.2025, 19:12