«Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է Սարգսյան Սերժին»․ Կարեն Հեքիմյան
79
Այսօր, 14:48
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է Սարգսյան Սերժին, իսկ օրվա ընդդիմությունն իրականում ցուգցվանգի մեջ է: 2014 թվականի ապրիլի 10-ին Սարգսյան Սերժը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: 2018 թվականի ապրիլին Սարգսյան Սերժը դրժեց խոստումը, առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում և ընտրվեց: 2026 թվականի նոյեմբերի 19-ին Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չանցնի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի»: Ստացվում է՝ Հայաստանը մտնում է հայելային կրկնապատկերի կամ սիմետրիկ դուբլիկատի պատմական փուլ: Տվյալ փուլում չափազանց կարևոր է օրվա ընդդիմության դերը: Այս իմաստով, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Ուրեմն, եթե օրվա ընդդիմությունը հավատա Փաշինյան Նիկոլի խոստացված հրաժարականին և ընդունի նոր Սահմանադրությունը հանրաքվեով ընդունելու ճանապարհը, ապա կստացվի, որ ընդդիմությունը Փաշինյան Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն է ստանձնում նոր Սահմանադրությամբ ի հայտ եկող բացասական հետևանքների համար: Իսկ, եթե օրվա ընդդիմությունը մերժի Փաշինյան Նիկոլի առաջարկը, ապա վերջինս, ինչպես խոստացել էր, Սահմանադրությունը «բուլդոզերով կանցկացնի»: Ամեն դեպքում, այժմ ընդդիմության քայլի հերթն է: Այն իրավիճակը, երբ ցանկացած քայլ վատացնում է խաղացողի դիրքը կոչվում է ցուգցվանգ: Իրավամբ՝ օրվա ընդդիմությունը ցուգցվանգի մեջ է: Սակայն, եթե ընդդիմությունը մերժի Փաշինյան Նիկոլի առաջարկը և սկսեն «աշխատել բուլդոզերները», ապա ի հայտ կգա երկկողմանի ցուգցվանգ: Ցավոք, ընդդիմության (միգուցե՝ Հայաստանի) համար միակ ելքը ներքաղաքական դաշտի երկկողմանի ցուգցվանգն է»: