Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Փարիզում Լը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն են իրականացրել

55
Այսօր, 11:43
Փարիզում Լը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն են իրականացրել

Ֆրանսիայի իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության գրասենյակներից մեկում, հայտնում է BFMTV-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քննչական գործողություններն իրականացվել են «մասնագիտական գաղտնիքի խախտման», «նախաքննական գաղտնիքի խախտման» և «այդ հանցագործությունների հետքերը թաքցնելու» դեպքերի առնչությամբ հարուցված դատական քննության շրջանակում։ Նշվում է, որ խուզարկությունը կատարվել է նոյեմբերի 9-ին՝ Փարիզում գտնվող կուսակցության գրասենյակում։

BFMTV-ի տեղեկություններով՝ «Ազգային միավորում» կուսակցությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ կասկածվում է մի անձ, որն աշխատել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում՝ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսքը։ Աղբյուրի համաձայն՝ այդ անձը ներկայումս զբաղեցնում է Լուար դեպարտամենտի պրեֆեկտի պաշտոնը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դատախազությունը հետաքննությունը սկսել է 2025 թվականին՝ կապված «Ինքնություն և ժողովրդավարություն» (Identity and Democracy) եվրոպական խորհրդարանական խմբակցության կողմից Եվրոմիության միջոցների հնարավոր ոչ նպատակային օգտագործման դեպքերի հետ։ 2019-2024 թվականներին Եվրախորհրդարանում այդ խմբակցության կազմում ընդգրկված է եղել նաև «Ազգային միավորում» կուսակցությունը։

«Դատական քննությունը շարունակվում է։ Այս պահին որևէ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել»,- հեռուստաալիքը մեջբերում է Փարիզի դատախազության ներկայացուցչի խոսքերը։