«Նիկոլն իր քաղաքական խոսքով քանդում է հայկական ինքնության պատմական ու արժեքային հենասյուները»․ Արմեն Հովասափյան
66
Այսօր, 10:24
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին տեղի ունեցած հերթական բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ անհեթեթ հայտարարությունների ու մանիպուլյատիվ մեկնաբանությունների, հերթական անգամ բացահայտեց իր քաղաքական մտածողության և ազգային հիշողության նկատմամբ վերաբերմունքի իրական բնույթը։ Խոսքը Կինոմոսկվայում «Մոնթե» ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած պերֆորմանսի մասին է, որի ընթացքում շենքի ճակատային հատվածին ցուցադրվել էին պարային տեսարաններ։ Փաշինյանը կատարվածը նախ բնորոշեց որպես «Եռաբուրը մեծացնելու պար», ապա այն համեմատեց Նաիրի Հունանյանի՝ ԱԺ ներխուժելու և ահաբեկչություն իրականացնելու հետ։ Այս համեմատության մեջ ամենաէականն այն է, որ Փաշինյանը չի խոսում «Մոնթե» ֆիլմի բովանդակության, ազգային հերոսի անցած ճանապարհի, նրա պատմական դերի կամ ազգային ազատագրական պայքարում ունեցած նշանակության մասին։ Նիկոլը մի շարժումով քննարկման առարկան տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ Մոնթեի անվան շուրջ ստեղծելով Հունանյանի ոճրագործության հետ զուգորդվող ասոցիացիա։ Արդյունքում Մոնթեի կերպարը հայտնվում է ահաբեկչության հետ նույն համատեքստում, իսկ նրա պատմական դերը փաստացի նսեմացվում է այդ համեմատության միջոցով։ Սա հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ Մոնթե Մելքոնյանին ահաբեկչի պիտակավորելու քարոզչական գիծը տասնամյակներ շարունակ առաջ է մղել ադրբեջանական քարոզչական համակարգը՝ այն տարածելով նաև միջազգային տարբեր հարթակներում։ Փաշինյանն իր մեկ համեմատությամբ փաստացի վերարտադրում է այդ քարոզչության առանցքային տրամաբանությունը՝ Մոնթեի կերպարը դուրս բերելով ազգային հերոսի և ազատագրական պայքարի մասնակցի պատմական համատեքստից ու տեղափոխելով ահաբեկչության հետ ասոցիացվող դաշտ։ Փաստորեն, այն, ինչ տասնամյակներ շարունակ փորձում է ապացուցել ադրբեջանական քարոզչությունը՝ Մոնթեին ներկայացնելով որպես ահաբեկիչ, այս անգամ հնչում է Հայաստանի վարչապետի բերանով։ Փաշինյանը նույնիսկ կարիք չունի ուղիղ կրկնելու այդ պիտակավորումը. Հունանյանի անվան հետ Մոնթեի թեման կապելը բավարար է նույն ասոցիացիան հասարակական ընկալման մեջ տեղադրելու համար։ Ահա այսպիսի հայտարարություններով է ադրբեջանական քարոզչության համար տարիներ շարունակ կառուցված թեզը ստանում նոր հնչեղություն՝ արդեն Հայաստանի բարձրագույն իշխանության մակարդակով։ Փաշինյանի այս հայտարարությունը տեղավորվում է նրա՝ ազգային հերոսների, պատմական իրադարձությունների և պետական հիշողության շուրջ ձևավորված քաղաքական մոտեցումների ավելի լայն համատեքստում։ Ըստ էության՝ ադրբեջանական քարոզչական համակարգին այլևս անհրաժեշտ չէ միայն սեփական հարթակներից պայքարել հայկական պատմական հիշողության և ազգային արժեքային համակարգի դեմ։ Այդ գործն այսօր, փաստորեն, կատարվում է նաև Հայաստանի կոլաբորանտ իշխանությունների հայտարարությունների միջոցով։ Նիկոլն իր քաղաքական խոսքով հատիկ-հատիկ քանդում է հայկական ինքնության այն պատմական ու արժեքային հենասյուները, որոնք Բոլթոնի ձևակերպմամբ՝ «պատմական կաղապարներ» են։ Իրականում, եթե Բոլթոնի համար դրանց վերացումը տարածաշրջանային քաղաքական նպատակների իրականացման հնարավորություն էր, ապա Նիկոլի համար դա դարձել է սեփական քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչը»։