Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՄ երկրները բյուջեի շուրջ համաձայնության չեն եկել». Կոշտա

84
Այսօր, 08:55
«ԵՄ երկրները բյուջեի շուրջ համաձայնության չեն եկել». Կոշտա

Եվրոմիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության չեն եկել ԵՄ բյուջեի հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Մենք ակնկալում էինք հետաքրքիր քննարկում (ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի վերաբերյալ - խմբ.), և այն իսկապես կայացավ ինչպես լիագումար նիստում, այնպես էլ տարբեր աշխատանքային խմբերում։ Սակայն համաձայնության հասնել չհաջողվեց»,- ասել է Կոշտան՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ քննարկումը կենտրոնացած էր երեք հիմնական հարցերի վրա՝ բյուջեի ընդհանուր ծավալի, ծախսային ուղղությունների միջև միջոցների բաշխման և ԵՄ-ի սեփական նոր ֆինանսական միջոցների հավասարակշռված փաթեթի։

ԵՄ անդամ որոշ երկրներ հանդես են եկել ընդհանուր բյուջեի ծավալը հետագայում կրճատելու առաջարկով, սակայն երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել լրացուցիչ կրճատումներին։ Որոշ անդամներ նույնիսկ առաջարկել են վերականգնել նախկինում կրճատված ֆինանսավորման մի մասը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել գյուղատնտեսության ոլորտին և համախմբման քաղաքականությանն ուղղվող ֆինանսավորման կրճատմանը։

Կոշտան հավելել է, որ չի հաջողվել համաձայնության գալ նաև Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո հատկացնելու հարցում։ Այդ որոշմանը աջակցել է ԵՄ 27 անդամ երկրներից 24-ը, իսկ Բուլղարիան համաձայնել է աջակցել միայն ոչ ռազմական նպատակներով նախատեսված ծախսերին։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ խորհրդակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 17-ին։