«Մենք ականազերծելու ենք ձեր ականապատած իրավաքաղաքական դաշտը». Թագուհի Ղազարյան
40
Այսօր, 13:12
ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ հրապարակված Սահմանադրության նախագծի նախաբանը կարդալով՝ ընդդիմությունը զարմանքով հայտնաբերել է, որ «հայ ժողովուրդը» հանկարծ դարձել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ», և այնտեղից բացակայում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրին հղումը՝ իր մեջ պարունակող Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և «Արևմտյան Հայաստան» եզրույթի դրույթներով։ «Համախմբված ընդդիմությունը», բնականաբար, խաղաղության դեմ իր պայքարի տրամաբանության մեջ շտապել է այդ փաստաթուղթը պիտակել որպես «ալիևյան սահմանադրություն»։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Ճշմարտությունն այն է, որ դեռևս 1994 թվականին՝ մեր պետության առաջին Սահմանադրության նախագծում, Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական գործիչները հրապարակել են մի նախաբան, որում նույնպես եղել է հենց «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» ձևակերպումը, և որում բացակայել է հղումը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ է պատահել հետո։ Տարատեսակ բանակցությունների, քննարկումների ու փոխզիջումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը դեֆորմացվել է դաշնակցական մտածողության տարրերով։ 1994 թվականին չկար ո՛չ Ալիևը, ո՛չ էլ իբր թե նրա պահանջները, հետևաբար նա դժվար թե կարողանար Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, ՀՀՇ-ական մյուս գործիչների ու պատգամավորների առջև դնել այդպիսի պայմաններ։ Դա տարրական քաղաքական իրատեսության արդյունք էր։ 1994-95 թթ. դաշնակցական ապաքաղաքական իռացիոնալիզմը բավականաչափ համառ և հետևողական գտնվեց՝ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերում ցանելու կոնֆլիկտի, հետևաբար տարածաշրջանում առանց երաշխավորի գոյություն ունենալու անկարողության սերմերը, և խաթարելու պետականության բնականոն ընթացքը։ 2026-27 թթ. նրանց դա չի հաջողվելու։ Մեր քաղաքական սերունդը հաղթահարելու է այն պատմական խոչընդոտը, որին մեր նախորդները չկարողացան դիմադրել ու տեղի տվեցին։ Մենք մեր հաջորդ սերունդներին կոնֆլիկտ չենք ժառանգելու։ Մենք ականազերծելու ենք ձեր ականապատած իրավաքաղաքական դաշտը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության այս աղմուկին՝ պետք չէ նրանց խիստ դատել։ Սա ընդամենը սեփական ոչ վաղ անցյալի իրադարձությունների չիմացության, սեփական ժողովրդից ու սեփական պատմությունից կտրված լինելու արդյունք է։ Հատկապես ցավալի է «համախմբված ընդդիմության» շարքերում տեսնել այն գործիչներին, որոնք ընդամենը մեկ սերունդ առաջ այս տեքստի համահեղինակներն էին։ Հ.Գ. Ստորև ներկայացնում եմ 1994 թվականին հրապարակված Սահմանադրության նախագծի նախաբանը՝ բառացի արտագրությամբ (թերթի բնօրինակ լուսանկարը՝ կից). Նախաբան Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իրականացրած ինքնիշխան հայոց պետականության վերականգնման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, լի վճռականությամբ նվիրվելու նրա հզորացման եւ բարգավաճման գործին, ապահովելու համար մեր եւ մեր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով մեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Աղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 1994թ., ապրիլի 23, թիվ 76 (940), էջ 4»:«Ներկայացնում եմ 1994 թվականին հրապարակված Սահմանադրության նախագծի նախաբանը». Թագուհի Ղազարյան