Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով

116
Այսօր, 12:43
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով՝ ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների երեք տարբերակ՝ նոր հարվածներ հասցնել, շարունակել Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը կամ գործարք կնքել։

Իր թիմի հետ հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է. «Հիմա մենք որոշում կկայացնենք»։ «Ես կնախընտրեի չավերել երկրի մնացած մասը, եթե դա հնարավոր լինի, բայց գուցե ստիպված լինեմ դա անել։ Շուտով կիմանաք»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրների տվյալներով, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտում է Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստությունը, թեև Վաշինգթոնից նոր հրահանգներ չի ստացել։

Axios-ը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածները վերսկսելու մտադրության ազդակներից մեկը կարող է լինել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիր հարվածային խմբի ժամանումը Մերձավոր Արևելք։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը և դրա հարվածային խումբը այսօրվանից սկսած մի քանի օր կանցկացնեն Սինգապուրում։ Նրանք Մերձավոր Արևելք կժամանեն նոյեմբերի կեսերից ոչ շուտ։