Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան

68
Այսօր, 16:18
«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյոք ընդդիմությունը պատրաստ է կրել այն որոշման գինը, որը ճիշտ է համարում իր պետության համար, բայց կարող է տանել ինքնազոհաբերության։
Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության և հայ ժողովրդի պետական ողնաշարից անկախության հռչակագիրը վերացնելու համար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենարներ։ Սցենարների ելակետն այն է, որ պառլամենտական ընդդիմությունը այս պահի դրությամբ դարբնոցի մուրճով ֆիքսել է իր դիրքորոշումը՝ ոչ մի պարագայում կողմ չքվեարկել Ալիևի պահանջով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Սցենար Ա) Անհատական ճնշումներ պատգամավորների վրա: Փորձ է արվելու ընդդիմադիր խմբակցություններից քաղաքականապես խոցելի պատգամավորներին ստիպել կողմ քվեարկել նախագծին: Անհրաժեշտ է 7 ձայն, որը հեշտ չի լինելու։ Խորհրդարանական խմբակցությունը կարող է քաղաքական որոշում կայացնել, սակայն դա դեռ չի նշանակում, որ պատգամավորները ճնշման պայմաններում կպահպանեն այդ որոշումը։ Ընդդիմադիր խմբակցության առաջնորդների համար ցուցակով ԱԺ մտած յուրաքանչյուր պատգամավորին պաշտպանելու կամ զսպելու գինը թանկանալու է։ Այստեղ ընդդիմությունը կարող է կոտրվել։
Սցենար Բ) Հանրային ճնշում երկու փուլով: Առաջին փուլով հրապարակվելու է սահմանադրության տեքստը և սկսվելու են հանրային քննարկումները։ Իշխանությունը ներկայացնելու է Սահմանադրության նախագիծը, առաջարկելու է ընդդիմությանը մասնակցել քննարկումներին, մերժման դեպքում նախաձեռնել հանրային ճնշում, իսկ հետո հայտարարել, որ ընդդիմությունը խոչընդոտում է ժողովրդի՝ հանրաքվեով որոշում կայացնելու իրավունքին։
Զուգահեռ Փաշինյանը խնդրելու է Ալիևից տալ հավաստիացումներ, որ իբր Սահմանադրության փոփոխությունը վերջին պահանջն է Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար: Այդ մասին Փաշինյանը ազդանշան է ուղարկել Ադրբեջանի նախագահի իր ասուլիսի ընթացքում՝ չթաքցնելով վերջինս օգնության անհրաժեշտությունը։ Եթե նույնիսկ Ալիևը չի ուզում խաղաղություն, նա կարող է տալ այդ երաշխիքները, միևնույն է Բաքվի բռնապետի համար որևէ իրավական, բարոյական կամ քաղաքական սահմանագիծ չկա։ Այսպիսով, իշխանությունը համոզելու է հանրությանը, որ հանրաքվեն վերջին քայլն է խաղաղության և ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից: Իսկ ով դեմ է հանրաքվեին, հետևաբար կողմ է պատերազմին: Այս դեպքում ընդդիմությունը հայտնվում է անհավասար դիրքերում։ Նրա բոլոր առարկությունները Սահմանադրության փոփոխության դեմ հանրային բանավեճում ներկայացվելու են որպես խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձ։
Երկրորդ փուլով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախագիծը մտնելու է պառլամենտ և այդ քննարկումների ընթացքում Փաշինյանը մարզերի վարչական ռեսուրսը մոբիլիզացնելու է Երևանում՝ որպես «ժողովուրդ», որը պահանջում է «պատերազմի եռագլուխ» կուսակցություններից չխոչընդոտել խաղաղության հաստատմանը։ Չի բացառվում, որ իշխանությունը ԱԺ դարպասների մոտ այնպիսի ագրեսիվ իրավիճակ ստեղծի, որ ընդդիմադիր պատգամավորները յոթ օր յոթ գիշեր /միգուցե ավելի/ չկարողանան դուրս գալ շենքից մինչև որ կողմ չքվեարկեն հանրաքվեի նախագծին։ Ընդդիմության խնդիրն է հասկանալ՝ ինչպես պաշտպանել սահմանադրական գործընթացի նկատմամբ սեփական դիրքորոշումները և թույլ չտալ, որ այն ամբողջությամբ նույնացվի խաղաղությանը դեմ լինելու հետ։ Սա լինելու է երկընտրանքի կռիվ ռացիոնալի և իռացիոնալի միջև, որտեղ իռացիոնալը գրեթե միշտ հաղթում է։
Գ) Արտաքին քաղաքական ճնշում։ Չի բացառվում, որ տարածաշրջանում գեոպոլիտիկ ազդեցության համար պայքարող երկրները՝ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը ներքին կարգով ճնշում գործադրեն ընդդիմադիր խմբակցությունների վրա։ Վստահ եմ, իրենք կգտնեն համապատասխան արգումենտները և մեթոդները իրավիճակը Փաշինյանի և Ալիևի օգտին թեքելու համար։ Չեմ բացառում, որ ընդդիմությունը այստեղ ևս կարող է նահանջել։
Դ) Եթե բոլոր դեպքերում ընդդիմությունը տեղի չի տալիս կամ չի կոտրվում և Փաշինյանը ստիպված օգտագործելու է վերջին միջոցը՝ այն է տալ հրաժարական և նշանակել արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը հրապարակայնորեն չբացառեց արտահերթ ընտրությունները, եթե նոր Սահմանադրության ընդունման հարցում ընդդիմության հետ համաձայնություն չլինի։ Իհարկե, հենց սկզբից պարզ էր, որ այդ համաձայնությունը ձեռք չի բերվելու բարեկիրթ և կառուցողական երկխոսությամբ։ Շրջանառվում են կարծիքներ այն մասին, որ ընդդիմությունը շանս ունի վարչապետի հրաժարականից հետո առաջադրել թեկնածու և գեներացնել փողոց ի պաշտպանություն այդ թեկնածուի։ Սա անելու համար ընդդիմությունը պետք է պատրաստ լինի գնալ մինչև վերջ՝ կամ հաղթել կամ լքել քաղաքական դաշտը։ Ես չգիտեմ, արդյոք պատրաստ է ընդդիմությունը դրան, թե ոչ։
Հիմա հարց՝ ինչ անի խորհրդարանական ընդդիմությունը։ Եթե պառլամենտի երկու ընդդիմադիր խմբակցությունները վստահ են, որ միասնական և կուռ հաղթահարելու են Ա, Բ և Գ սցենարները, պրոցեսը հասցնեն Դ-ին և արժանապատվորեն գնան արտահերթ ընտրություններին, ապա արժի մինչև վերջ պառլամենտում կռիվ տալ։
Եթե վստահ չեն, որ Ա, Բ և Գ սցենարներում չեն կոտրվելու, ապա ունեն միայն մեկ ելք։ Մինչև Փաշինյանը իրենց մաշելով գործընթացը կհասցնի Դ սցենարին, հիմա կամովին հրաժարվում են մանդատներից և լքում խորհրդարանը՝ պարտադրելով Փաշինյանին ստիպված գնալու արտահերթ ընտրությունների՝ առանց երկրում քաոս և անկայունություն ստեղծելու»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան