Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի»․ Արամ Սարգսյան

83
Այսօր, 13:18
«Եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթը ոչ միայն քաղաքական ճգնաժամի լուծում է, այլև ընտրական համակարգը առողջացնելու հնարավորություն․
2026-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սահմանադրության նախագծի քվեարկությանը ընդդիմության չմիանալու մասին, ասաց. «Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել»։
2026-ի հոկտեմբերի 30-ին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման հնարավոր առաջարկին։ Ստացվում է՝ համոզել չհաջողվեց, և կարող է գործել արտահերթ ընտրությունների տարբերակը։ Մենք դեմ չենք, բայց եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի։
Ընտրություն կամ հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է ապահովվի գործընթացի արդարությունը, բացառվի ընտրակաշառքը, արտաքին միջամտությունը և վարչական ռեսուրսի չարաշահումը։ Արտաքին միջամտության բացառման արդյունք ապահոված և ՀՀ-ին մոտ օրինակ է Մոլդովայի տարբերակը, երբ ՌԴ-ից ուղղորդվող երկու կուսակցությունների մասնակցությունն արգելվեց։
Առաջարկս...
Ավելացնել ԿԸՀ-ի լիազորությունները, արգելել նախընտրական դաշինքները, որ այլ ընտրացուցակներ չխցկվեն, արգելված կուսակցությունների առաջին 10 համարներին 5 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։
Համոզված եմ, որ նման իրավիճակում ամեն ինչ կընկնի իր տեղը՝ թե՛ ընտրությունների և հանրաքվեի ընթացքում, թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական հարթությունում հստակություն կձևավորվի, և ՀՀ-ի ինքնիշխանության վրա ազդելու լծակները վստահաբար կպակասեն, ու՝ փառք Տիրոջը...»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան