«Ընդդիմությունը չպետք է սահմանափակվի ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ պարզապես «ոչ» ասելով». Մետաքսե Հակոբյան
89
Այսօր, 03:12
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՏԻՄ ընտրություններից անդին.․. Այս իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը պետք է գործի ոչ թե որպես իշխանության հերթական քաղաքական մրցակից, այլ որպես պետական շահի պաշտպանության ինստիտուցիոնալ ուժ։ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը կապում է Հայաստանի պետականության հարատևության, «խաղաղության համաձայնագրի» և նույնիսկ իր քաղաքական առաքելության շարունակության հետ։ Հետևաբար, ընդդիմության պատասխանը պետք է լինի իրավականորեն հիմնավորված, քաղաքականապես կոշտ և ռազմավարական առումով հաշվարկված։ Իմ գնահատմամբ՝ ընդդիմությունը չպետք է սահմանափակվի ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ պարզապես «ոչ» ասելով։ -Այն պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ։ -Թույլ չպիտի տա, որ իշխանությունը սեփական քաղաքական օրակարգը ներկայացնի որպես պետականության փրկության միակ ճանապարհ։ -Պետք է փաստարկներով վիճարկի իշխանության հիմնավորումները, ոչ թե պարզապես կրկնի, որ դեմ է փոփոխությանը։ -Ընդդիմությունը հրապարակային քննարկումներով, մասնագիտական եզրակացություններով և հստակ պատասխաններով՝ հատկապես պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանադրական շարունակականության և ազգային իրավունքների պաշտպանության հարցերում, պետք է ցույց տա այլընտրանքի հիմնավորումները։ Միաժամանակ պետք է տարբերակել երկու բան՝ արտաքին կողմի քաղաքական դիրքորոշումը և իրավական պարտավորությունը։ Դրանց նույնացնելը ճիշտ չէ, բայց արտաքին պահանջների ազդեցությունը սահմանադրական գործընթացի վրա պետք է բացահայտորեն քննարկվի։ -Ոչ մի պարագայում չթողնել, որ արտահերթ ընտրությունների սպառնալիքը վերածվի քաղաքական ճնշման գործիքի։ Փաշինյանն արդեն իսկ արտահերթ ընտրությունների հնարավորությունը կապել է Սահմանադրության փոփոխության շուրջ իր քաղաքական հանձնառության իրագործման հետ։ Ընդդիմությունը չպետք է վախենա այդ հնարավորությունից, բայց նաև չպետք է թույլ տա, որ երկրի սահմանադրական ապագան վերածվի մեկ անձի քաղաքական վստահության հանրաքվեի։ Նրա դիրքորոշումը պետք է լինի հստակ. ընտրությունները ժողովրդավարական գործիք են, ոչ թե միջոց՝ հասարակության վրա ճնշում գործադրելու կամ բարդ պետական հարցերը մեկ անձի շուրջ կենտրոնացնելու համար։ Եթե արտահերթ ընտրությունների հարցն իսկապես առաջանա, ընդդիմությունը պետք է ունենա միասնական քաղաքական նվազագույն օրակարգ, հանրությանը հասկանալի առաջարկներ և իշխանափոխությունից անդին պետական կառավարման հստակ ծրագիր։ -Արցախի հարցը չթողնել սահմանադրական քննարկումներից դուրս։ Սա հատկապես կարևոր է։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հստակ ցույց տա, թե նոր Սահմանադրության առաջարկվող դրույթներն ինչ կործանարար ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ազգային շահերի, Արցախի ժողովրդի իրավունքների, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության և Արցախի հարցի քաղաքական շարունակականության վրա։ Արցախի հարցը չպետք է զոհաբերվի որևէ կեղծ խաղաղության համաձայնագրի քաղաքական նպատակահարմարությանը։ -Պետք է գործել համակարգված, ոչ թե առանձին քաղաքական հաշվարկներով։ Անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր դիրքորոշում։ Սա չի նշանակում, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն ամեն հարցում կամ հրաժարվեն իրենց քաղաքական տարբերություններից։ Նրանք պետք է կարողանան համաձայնության գալով պետության կենսական շահերի շուրջ, Խորհրդարանը դարձնեն քաղաքական և իրավական վերահսկողության իրական հարթակ։ Ընդդիմությունը պետք է օգտագործի խորհրդարանական բոլոր օրինական գործիքները։ Պետք է տեղափոխվել քաղաքական կարգախոսներից դեպի փաստեր, իրավական դրույթներ և պետական շահի չափելի չափանիշներ։ -Անթույլատրելի է պարզապես դեմ լինել ամեն ինչին և այդպիսով իշխանությանը հնարավորություն տալ իրեն ներկայացնելու որպես միակ ուժ, որն ունի ապագայի ծրագիր։ -Անթույլատրելի է իշխանության օրակարգին արձագանքել նրա սահմանած կանոններով՝ անընդհատ արդարանալով, պաշտպանվելով և ուշացած հայտարարություններ անելով։ Ընդդիմությունը պետք է ինքը սահմանի քաղաքական օրակարգը։ Այն պետք է հստակ ասի՝ ինչպիսի պետություն է ուզում, ինչ սահմանադրական սկզբունքներ է պաշտպանում, ինչպես է պատկերացնում խաղաղությունը և ինչպիսի քաղաքականություն է առաջարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն քննադատություն, այլև այլընտրանքային պետական ծրագիր։ Եվ ի վերջո Խորհրդարանական ընդդիմությունը չպետք է թույլ տա, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներկայացվի որպես ընտրություն՝ Փաշինյանի քաղաքական առաքելության և Հայաստանի պետականության գոյության միջև։ Այդ երկուսը նույնացնելն արդեն իսկ քաղաքական մանիպուլյացիա է»։