«ԵԱՏՄ-ԵՄ հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում». Անդրանիկ Թևանյան
97
Այսօր, 00:48
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-ի, և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում, կամ էլ անգրագետ են։ Օրվա իշխանությունը կեղծ երկընտրանք է առաջ քաշել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չկա, դա գիտեն թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ Հայաստանում։ Քաղաքացի Նիկոլ Փ-ն շատ լավ գիտի, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։ Հայաստանում Եվրամիության անդամակցության գործընթացի մասին օրենսդրությունն ընդունվել է լրիվ այլ նպատակներով, այդ նպատակների մեջ անդամակցությունը չի մտնում, այդ օրենքը մեծագույն խաբեություններից է։ Նիկոլ Փ-ն հայտարարում է, որ իրենք ԵԱՏՄ-ում կմնան այնքան, որքան հնարավոր է ձգել և տնտեսական օգուտներ ստանալ, բայց մեր գործընկեր երկրներն արդեն ընտրության առաջ են կանգնեցնում մեզ։ Նրանց փաստարկները և ցանկությունները շատ հստակ են ու տրամաբանական։ Ասում են՝ եթե որոշել եք ԵՄ անդամ դառնալ, ապա որոշումը ձերն է, բայց դա չպետք է լինի ԵԱՏՄ-ի հաշվին։ Օրերս նաև համապատասխան վերլուծություն է ներկայացվել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դադարեցվի կամ սառեցվի մեր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ում։ Ըստ այդմ՝ Նիկոլ Փ.-ին առաջարկում են կողմնորոշվել, բայց նա չի ուզում ու նաև չի կարող հստակ դիրքորոշում հայտնել, քանզի Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին և դարձրել հակադրությունը սպասարկող մանրադրամ։ Նա դրսի տարբեր կենտրոններին միմյանց հակասող խոստումներ է տվել և աշխարհաքաղաքական ճողվածք ստացել։ Օրվա իշխանությունը ձգտում է երկու աթոռի վրա նստել, բայց դա անհնար է, հատկապես երբ այդ աթոռների ոտքերը երերուն են։ Ե՛վ, և՛-ի քաղաքականությունը հնարավոր չէ. ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են, ինչպես որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, հետևաբար «երկու մոր կաթ ուտելու» տարբերակը տվյալ դեպքում չի ստացվելու։ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քույր կառույցներ են, նույնը կարելի է ասել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, այնպես որ և՛, և՛-ը աբսուրդ է։ Քաղաքացի Նիկոլ Փ-ն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի հետ թշնամության կամ առնվազն լարվածության առաջացման միջոցով։ Դրանց գինը դարձան Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, Հայաստանի անվտանգային համակարգի թուլացումը և մեր պետականության կորստի հավանականության մեծացումը։ Հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրների համար ունեն կարևորագույն նշանակություն և առնչվում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական ոլորտին, մշակույթին և այլն։ Այս հարցերում պետք է հստակ դիրքորոշում լինի, լղոզվածությունն անթույլատրելի է։ «Մայր Հայաստան» կուսակցության մոտեցումները հետևյալն են. 1. Ռուսաստանը պետք է ունենա ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, 2. Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում, 3. Հայաստանը պետք է լիարժեքորեն վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, 4. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է շարունակի իր գործունեությունը, 5. Մեծամորի ատոմակայանի արդիականացումը և նոր ատոմակայանի շինարարությունը պետք է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցաբար, 6. Հայաստանի երկաթուղին պետք է զարգացնել ռուսական մեր գործընկերների հետ, 7. Հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացնել ԽՍՀՄ գլխավոր շտաբում առկա քարտեզները հիմք ընդունելով: Ռուսաստանն այս հարցում կարող է լինել միջնորդ-երաշխավոր։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը զուգահեռ պետք է զարգացնել Արևմուտքի հետ հարաբերությունները. ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում հակադրություն ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Վերջիններս մեր բարեկամ և գործընկեր երկրներ են։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փ.-ին, ապա նա այնքան է խճճվել աշխարհաքաղաքական խաղերի, արկածախնդրությունների ու ստերի մեջ, որ հիմա մնացել է շանտաժի հույսին։ Իր դրսի հովանավորներին ասում է, որ եթե իրեն չսատարեն, ապա կհեռանա։ «Սպառնում է» արտահերթ ընտրություններով, բայց դե նրան վաղուց դուրս են գրել, և շանտաժի տրվող չկա»։