Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

29
Այսօր, 00:24
«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը գրել է․ «2026 թվականի սեպտեմբերի 24-ին համացանցում տարածվեց մի զեկույց, որում խոսվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ճգնաժամի», նրա «յուրացման» և Եկեղեցու բարեփոխման անհրաժեշտության մասին՝ միաժամանակ բարձրացնելով Ամենայն Հայոց Հայրապետի հեռացման և նոր կաթողիկոսի ընտրության հարցը։
Սակայն հարցը այլևս միայն Գարեգին Բ Կաթողիկոսի անձը չէ։
Հարցն է՝ որտե՞ղ է ավարտվում պետության իշխանությունը և որտե՞ղ է սկսվում Եկեղեցու իրավունքը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։
Սա նշանակում է, որ Եկեղեցին կառավարության առընթեր մարմին չէ և չի կառավարվում աշխարհիկ իշխանության կողմից, այսինքն՝ խորհրդարանը Եկեղեցու Սինոդը չէ, իսկ վարչապետը՝ Եկեղեցու Կաթողիկոսը չէ։
Անշուշտ օրենքի առջև բոլորը հավասար են և օրենքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Եթե կան հանցագործություններ, դրանք պետք է քննվեն դատարանում։ Եթե կան ֆինանսական խախտումներ, պետք է գործեն օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Եթե կան եկեղեցական և կանոնական խնդիրներ, դրանց լուծումը պատկանում է Եկեղեցու իրավասու մարմիններին։
Սակայն Եկեղեցու ներքին կյանքը իշխանական հրամանով վերափոխելը այլ բան է։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է, խղճի և կրոնի ազատությունը։
Եվրոպական դատարանը, մասնավորապես «Հասան և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» գործով, ընդգծել է, որ պետության միջամտությունը կրոնական համայնքի ներքին կազմակերպմանը և ղեկավարության հարցերին կարող է խախտել կրոնի ազատությունը։
Հետևաբար հարցը ավելի քան հստակ է. Ո՞ր իրավական հիմքով է պետական իշխանությունն իրեն իրավունք վերապահում որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Եթե ոմանք հայտարարում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, այնուհետև նախաձեռնում են նոր ընտրական գործընթաց, ապա բնական հարց է առաջանում. որքանո՞վ է այդ ընտրությունը լինելու Եկեղեցու ազատ և ինքնուրույն կամքի դրսևորումը։
Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում՝ նրա կանոնական և ժողովական համակարգի միջոցով, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների, գող-ավազակների, հարբեցողների, դրամաշորթերի, ինչպես նաև նզովված կորյունների և այլասերված խորենների հետ համագործակցությամբ։
Ոչ ոք չի պահանջում Եկեղեցուն օրենքից վեր դասել։ Պահանջը շատ ավելի հստակ է. իշխանությունները իրենք պետք է մնան օրենքի սահմաններում։
Կարելի է պահանջել հաշվետվողականություն, բարձրաձայնել խնդիրներ, ինչպես նաեւ պահանջել բարեփոխումներ։
Սակայն այս ամենը վարչապետին չի դարձնում Եկեղեցու կանոնական իշխանության մարմին։
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը բոլոր ժամանակների համար են. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն»։
Սա պետության դեմ կոչ չէ, այլ հիշեցում իշխանության սահմանների մասին։ Վարչապետը ամենավերջին անձն է, որը կարող է միջամտել Եկեղեցու ներքին գործերին, քանզի նա չի հանդիսանում ոչ ծխական խորհրդի անդամ, ոչ թեմական խորհրդի անդամ և ոչ էլ Եկեղեցու որևէ հարակից մարմնի անդամ։
Եկեղեցին պետության թշնամին չէ, բայց պետությունը նաև Եկեղեցու վերադասը չէ։
Պետությունը պատասխանատու է օրենքի առջև։
Եվ այստեղ է հիմնական հարցը։ Եթե Դուք հայտարարում եք, որ Կաթողիկոսին պետությունը չի նշանակում, ապա ինչո՞ւ է իշխանությունը պահանջում Հայրապետի հեռացումը։
Եթե Եկեղեցու պետի ընտրությունը Եկեղեցու ներքին գործն է, ապա ինչո՞ւ է իշխանությունը նախապես որոշում, թե ով պետք է հեռանա և ով ստանձնի «բարեկարգումը»։
Եվ վերջապես՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքն է իշխանությանը տալիս Եկեղեցու ներքին կանոնական կառուցվածքը փոխելու իրավասություն։
Այս հարցերին պետք է պատասխանել ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ Սահմանադրությամբ և օրենքով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի հին է, քան մերօրյա քաղաքական կուսակցությունները և գործող պետական մարմինները։
Սա բոլորովին չի նշանակում, որ Եկեղեցին օրենքից վեր է։ Սակայն դա նշանակում է, որ ոչ մի քաղաքական իշխանություն իրավունք չունի փոխելու դարերով ամրագրված Եկեղեցու սրբազան ընթացքը։
Ուստի՝ պետությունը եկեղեցի չէ և ոչ էլ Եկեղեցին է պետություն։ Եվ նրանցից ոչ մեկը չպետք է պարտավորություն ստանձնի փոխարինելու մյուսին։
Թող Եկեղեցուն վերաբերող հարցերը լուծվեն Եկեղեցու ներսում՝ կանոնական և ժողովական ճանապարհով։
Թող հանցագործությունները քննվեն դատարաններում։ Թող իշխանությունը հարգի Սահմանադրությունը։
«Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ 22:22)։
Աբգար Եպս. Հովակիմյան
Առաջնորդ Կանադահայոց Թեմի
Մոնթրէալ, 25 Սեպտեմբեր 2026»։

Աղբյուրը`   Կանադահայոց թեմ