Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ
127
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., 11:30
ՀՀ Կառավարությունը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել էական զարգացումներ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է մեր երկրում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնումը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին: