«Իրանը խոսում է ՀՀ-ն զորացնելու անհրաժեշտության մասին․ Երևանը պատրա՞ստ է պաշտպանել այդ հնարավորությունը»․ Դավիթ Անանյան
51
Այսօր, 13:06
ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը խոսում է Հայաստանը զորացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ Երևանը արդյո՞ք պատրաստ է պաշտպանել այդ հնարավորությունը։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի իրական հավասարակշռություն։ Նա նաև հայտնեց Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և այդ գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու Թեհրանի մտադրության մասին։ Այս երկու ուղերձների համադրությունը հստակ քաղաքական իմաստ ունի: Իրանը Հայաստանի ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռության բաղադրիչ։ Իհարկե, Թեհրանն առաջնորդվում է սեփական շահերով, բայց այստեղ դրանք համընկնում են Հայաստանի կենսական շահի՝ Ադրբեջանի նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու հետ։ Եվ հենց այս պայմաններում հայտնվում է հակառակ ուղղությամբ մտահոգիչ ազդակ։ Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում մի շարք երկրներում չեղարկվում են իրանական ավիափոխադրողների չվերթները։ Սահմանափակումների վտանգի տակ են նրանց վառելիք և այլ ծառայություններ տրամադրող օտարերկրյա ընկերությունները։ Հայաստանում ևս արձանագրվել են չեղարկումներ: «Ա1+»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի Երևան–Թեհրան երեք չվերթից մեկը, իսկ հաջորդ օրվա երկուսից՝ մեկը։ Սակայն դրանց պատճառը և պատժամիջոցներին միանալու պետական որոշման առկայությունը հրապարակայնորեն հաստատված չեն։ Լրատվամիջոցը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխան չի ստացել։ Հենց այստեղ է իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Երբ հարևանը ռազմավարական գործընկերության պատրաստակամություն է հայտնում, իսկ երկկողմ հաղորդակցությունը խափանվում է արտաքին ճնշման պայմաններում, կառավարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ո՞վ է կայացրել որոշումը, ի՞նչ հիմքով և ի՞նչ քայլեր են արվում կապը պահպանելու համար։ Եթե չեղարկումները ամերիկյան ճնշմանը հարմարվելու հետևանք են, ապա «հավասարակշռված արտաքին քաղաքականության» մասին իշխանության խոսքը բախվում է իր առաջին իսկ գործնական քննությանը։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է թուլացնել այն կապը, որի ամրապնդմամբ հնարավոր է բարելավել սեփական բանակցային դիրքը։ ԱՄՆ-ի հետ գործընկերությունը զարգացնելիս իշխանությունը պարտավոր է պաշտպանել նաև Իրանի հետ Հայաստանի կենսական հաղորդակցությունը՝ բանակցելով դրա պահպանման գործուն լուծումների շուրջ։ Ինքնիշխանությունը չափվում է արտաքին ճնշման պահին սեփական շահը պաշտպանելու կարողությամբ։ Եթե ռազմավարական հնարավորություն ստանալու պահին իշխանությունը կարողանում է միայն հարմարվել ուրիշի պահանջներին, նրա հռչակած անկախությունը մնում է առանց գործնական բովանդակության»։