Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.

Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»

61
Այսօր, 09:18
Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը չի միանալու Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» անվան տակ եկեղեցու դեմ իշխանության սանձազերծած պայքարի նոր փուլին։ Նախօրեին ընդդիմադիր պատգամավորները հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել Փաշինյանի՝ այս հարցով առաջարկվող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Հիշեցնենք․ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտնել էր, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվել Հայ առաքելական եկեղեցում առկա, իր բնորոշմամբ, «ճգնաժամի» վերաբերյալ։ Զեկույցը կազմել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ ծանոթացել է փաստաթղթի վերջնական նախագծին, իսկ դրա քննարկման նպատակով ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել։

Տեւական ժամանակ է, ինչ «Հայ եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը մասնակցող 10 բարձրաստիճան հոգեւորականները կամ, այսպես կոչված, տիրադավները ակտիվ գործունեություն չեն ծավալում, չեն շարունակում այս տարվա հունվարից սկսած ծրագիրը։ Որոշ տեղեկություններով՝ նրանք հասկացել են, որ անզոր են Եկեղեցու դեմ, հավատացյալներն իրենց անաստված փոքրամասնություն են համարում, ուստի տարբեր պատճառներով ցրել են Փաշինյանի՝ օրենքի հարցում իր հետ համագործակցելու առաջարկը: Մեզ ասացին, որ միայն Մասյացոտնի նախկին առաջնորդ Գեւորգ Սարոյանն է պատրաստակամ՝ մինչեւ վերջին շունչը պայքարել, որովհետեւ իր համար նահանջի տեղ չի թողել, մյուսները մերժում են Փաշինյանի առաջարկները՝ նրա հետ չեն հանդիպում, քայլեր չեն ձեռնարկում: Հենց այս նպատակով էլ Փաշինյանը փոխել է Եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը, հիմա էլ փորձում է ինչ-ինչ ուսումնասիրությունների հիման վրա հեղինակազրկել Վեհափառին եւ հոգեւոր դասին։ Մանավանդ՝ պատարագների տեքստը փոխելու նախաձեռնությունն էլ անփառունակ վախճան ունեցավ: Հիմա փորձում են այն, ինչ չստացվեց ուժային ու քրեական մեթոդներով, անել օրենքով։ Արդեն պատրաստ է եկեղեցում առաջացած «ճգնաժամի եւ դրա լուծման ուղիների վերաբերյալ զեկույցը»։ Մի քանի շաբաթ առաջ վարչապետը խորհրդարանում ակնարկեց նաեւ քայլերի հաջորդականությունը։

Ու թեեւ ընդդիմադիրները դեռ չեն քննարկել քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը, բայց ակնհայտ է, որ կհրաժարվեն մասնակցելուց: «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ իրենց պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է․ «Բնականաբար, այս ԱԺ-ի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական քննիչ հանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք։ Իսկ, առհասարակ, նախորդ խորհրդարանի՝ ՔՊ-ի կողմից կյանքի կոչված քննիչ հանձնաժողովների արդյունքները մենք տեսել ենք։ Հինգ տարի մարդկանց խաբեցին՝ իբր պատերազմի արդյունքներն են քննում, մինչեւ այսօր հանրությունն այդ հարցերի պատասխանը չունի»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը հիշեցնում է, որ իրենց շարժման հիմքում հենց Եկեղեցին իրենց ձեւով պաշտպանելու նպատակն էր։ Կառավարության նոր ծրագրերը պատգամավորը հակասահմանադրական է համարում․ «Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից։ Քաղաքական իշխանությունը որեւէ իրավասություն, լիազորություն չունի՝ միջամտելու եկեղեցու ներքին գործերին, եւ Ձեր հիշատակած հանձնաժողովը, ըստ այդմ, ապօրինի է լինելու»։

Ուշագրավ է, որ զեկույցը Փաշինյանին իբր այլ պնդումներ անելու հիմք է տվել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դեռ միայն իր սեղանին դրված զեկույցում եկեղեցու գործունեությանն առնչվող տարբեր դրվագներ կան, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտու հետ կապված․ «Այդ թեմային զեկույցում կա անդրադարձ, մանրամասներ, որոնք կարծում եմ, որ ճիշտ կլինի ամբողջության մեջ դիտարկվի։ Զեկույցը կհրապարակվի, կտեսնեք։ Առնվազն, այդ թվում ընտրական օրենսդրության խախտում է տեղի ունեցել, որովհետեւ, ՀՀ օրենսդրությամբ, կրոնական կազմակերպությունները քաղաքական քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունեն, եւ դա պետք է բերի հետեւանքների։ Այո, կա նաեւ այդպիսի խնդիր»։

Զեկույցին ծանոթանալով՝ Փաշինյանն ասում է, որ եկեղեցում իրավիճակը, իր բնորոշմամբ, «սարսափելի» է, եւ եկեղեցին զավթված է։ Նա համարում է, որ այդ «սարսափելի վիճակի» խնդիրը պետք է լուծվի նաեւ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով: Ասում է, որ եկեղեցու առաջնորդի փոփոխության հարցում պետությունը կարող է օրենքով սահմանել, թե ովքեր չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել էր, թե իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ առաքելական եկեղեցին եւ նրա առաջնորդ Ամենայն հայոց վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։ «Հակաքարոզչության հիմնական թեզը «Կրեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանն ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել»,- գրել էր Աշոտյանը։ Ըստ նրա՝ զուգահեռաբար հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է, այսպես կոչված, «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։ «Հակաքարոզչության հիմնական նպատակն է՝ «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա աչք փակելու համար: Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։ Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի»։