Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.

«Հենրիխի կենսագրությունը միայն ֆուտբոլի մասին չէ»․ Հակոբ Բադալյան

56
Այսօր, 15:18
«Հենրիխի կենսագրությունը միայն ֆուտբոլի մասին չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փյունիկը տեսանյութ է տարածել, թե ինչպես են պատրաստվում այսօր Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպմանy, որ տեղի է ունենալու մարզադպրոցի սաների մասնակցությամբ:
Քանիցս խոսել եմ այն մասին, որ Հենրիխը որոշակի իմաստով «ազգային հարստություն» է: Նկատենք՝ ոչ թե հպարտություն, այլ հենց հարստություն: Հարստություն է իր կենսագրությամբ, որովհետև այդ կենսագրությունը միայն ֆուտբոլի մասին չէ:
Այդ կենսագրությունը աշխատանքի մասին է, աշխատասիրության մասին է, նպատակասլացության մասին է, այդ կենսագրությունը կրթության ու կրթվածության մասին է, այդ կենսագրությունը՝ կայացածությունից բխող համեստության ու զսպվածության մասին է, այդ կենսագրությունն արժեքային ինքնության մասին է:
Ու դա հարստություն է, որովհետև սերունդները առաջ են գնում, ու իրենց պետականությունը իրապես առաջ են տանում նաև այդ ուղենիշներով ու օրինակներով: Եվ որքան շատ են այդ օրինակները՝ այդպիսի օրինակները, այնքան հարուստ է դրանք ունեցող սերունդը, որ կարող է տեսնել ու շոշափել այդ օրինակներն անմիջականորեն:
Հայաստանի համար սա այսօր առավել քան կարևոր է, երբ պետությունը հայտնվել է ըստ էության «ապակենսագրականության» ու դրանից բխող մարդկային և քաղաքական ամբարտավանության հատկանիշի մամլիչի տակ: Այդ «բնութագրի» բերումով է նաև, որ ըստ էության ջնջվում կամ «անվավեր» է հռչակում պետության ու հանրության ամբողջ հետխորհրդային կենսագրությունը:
Այդ պարագայում, Հենրիխները՝ որպես օրինակ, որպես մարդկային և հանրային որակական ուղենիշ, դառնում են այն ամուր սյունը, որ կարող է կանգնեցնել մամլիչը, թույլ չտալ ճակատագրական ու անդառնալի ճզմում: Եվ այդ առումով, կարծում եմ արդիական է կենսագրական այդպիսի ցանկացած օրինակի՝ անկախ մասնագիտական ուղղությունից, առավելագույն հանրայնացումը և այդ օրինակների հետ առնչության հարցում հանրային լայն ներառականությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան