Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան

79
Այսօր, 11:30
«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օհո, Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, թե Փաշինյանը տնտեսական և քաղաքական հարցերում ՌԴ-ից կախվածության մասով ստացել է Քոչարյանի ժառանգությունը, և ցանկանա էլ՝ չի կարող այդ կախվածությունը վերացնել: Մամեդյարովը նաև հայտարարել է, թե Քոչարյանը չի կարող հանրություն մոբիլիզացնել, և Փաշինյանի շանսն ավելի մեծ է:

Շատ հետաքրքիր է, իհարկե, որ հաջակցություն Հայաստանի գործող իշխանության՝ միանում է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, անկասկած՝ ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Հիշեցնեմ, Մամեդյարովի գլխին Ալիևը կախել է նրա արտգործնախարար եղած շրջանում ձերբակալությունները, որպես իբրև չէ օտարերկրյա գործակալություն, միջոցների մսխում և այլն: Հետևաբար ցանկացած պահի կարող է «նոր ի հայտ եկած» հանգամանքի բերումով բանը հասնել նաևՄամեդյարովին:

Եվ ահա, ի հայտ է գալիս Մամեդյարովը՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի:

Սա իհարկե հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է: Բաքվին անհանգստացնո՞ւմ է նա: Թե՞ խնդիրն այն է, որ Բաքուն փորձում է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստանա իր համար այդքան կարևոր «սև-սպիտակը»: Որովհետև, ակնառու է, որ Հայաստանում ընտրական պրոցեսում ընդդիմադիր դաշտում առաջնորդող ուժը Ռոբերտ Քոչարյանը չէ: Դա բավականին տեսանելի է: Միաժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Քոչարյանի առանձին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է առաջնորդող Սամվել Կարապետյանի հանդեպ «սև-սպիտակ»՝ իր համար «փրկարար» բանաձևը կիրառելու հնարավորությունից:

Փաշինյանը, իշխանական քարոզչությունը նկատելիորեն փորձում է հանրային գիտակցությունը տեղափոխել դեպի Ռոբերտ Քոչարյան, կենտրոնացնել ուշադրությունը նրա վրա, այդպիսով գոնե այդ մակարդակում «սև-սպիտակի» ընկալում ստանալու համար, քանի որ այսպես ասած համոզիչ փաստարկի մակարդակում, կրկնեմ՝ Կարապետյանի հանդեպ չի ստացվում կիրառել այդ «նախկին-ներկան»:

Եթե Քոչարյանը չմասնակցեր առանձին, ապա այդտեղ Փաշինյանի համար ավելի հեշտ կլիներ ասել, թե Կարապետյանն է ներկայացնում նրա «շահերը»: Մինչդեռ, հիմա դա ասել հնարավոր չէ: Մնում է քարոզչությամբ կենտրոնացնել հանրային միտքը Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի գոնե ենթագիտակցական ընկալումների մակարդակում ընտրությունից ստանան «սև-սպիտակ» պատկեր: Եվ այս խնդիրը թերևս այնքան լուրջ է, որ օգնության է նետվում նաև Մամեդյարովը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան