Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.

«Իրանը հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը». Արթուր Խաչիկյան

86
Այսօր, 09:00
«Իրանը հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմն Իրանի դեմ. 16-րդ օր։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին։ Իրանը հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Ականատեսները հայտնում են, որ լսվում է «Շահեդին» բնորոշ ձայնը։
Մարտի 5-ի ֆոնդային շուկայի փլուզումից հետո, երբ DOE ինդեքսն անկում ապրեց 450 կետով, Թրամփը փորձում է ուժով բացել Հորմուզի նեղուցը և հանգստացնել շուկաները՝ ինդեքսներն ու նավթի գինը կայունացնելու նպատակով։
ԱՄՆ-ն ռմբակոծել է Խարք կղզին, որտեղ գտնվում է Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը։ Թրամփը պահանջում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի 20%-ը, հեղուկացված գազի 25%-ը և պարարտանյութերի համաշխարհային առևտրի 35%-ը։
Իրանը թույլատրել է հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Ֆրանսիան և Իտալիան բանակցություններ են վարում Իրանի հետ՝ նեղուցով ազատ անցման շուրջ։
Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 100 դոլարը մեկ գալոնի դիմաց և հասել 103 դոլարի։ Սա կարող է հանգեցնել պարենի և մնացած բոլոր ապրանքների գների աճի։ Ակնհայտ է՝ Թրամփը ձգտում է հանգստացնել շուկան՝ տնտեսական ճգնաժամը կանխելու նպատակով։
ԱՄՆ ծովային հետևակայինները և ռազմանավերը տեղափոխվում են Մերձավոր Արևելք, CBS News-ին հաստատել է երկու պաշտոնյա։ Խմբավորումը պետք է ղեկավարի Ճապոնիայում տեղակայված USS Tripoli դեսանտային ուղղաթիռակիրը։ USS Tripoli-ի հրամանատարության տակ գտնվող միավորումը սովորաբար ունենում է մոտ 5000 նավաստի և ծովային հետևակային, որոնք բաշխված են մի քանի ռազմանավերի միջև։
ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել Ուկրաինայի համար մշակված արհեստական բանականությամբ օժտված 10 հազար Merops որսացող ԱԹՍ, հայտնել է ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը, փոխանցում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է անօդաչու թռչող սարքերն օգտագործել, որպեսզի իրանական հարվածներից պաշտպանվելիս չվատնի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) թանկարժեք հրթիռային համակարգերը։
Թրամփը կոչ է արել դաշնակիցներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Մեծ Բրիտանիան դիտարկում է այդ հնարավորությունը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ֆրանսիան հրաժարվել է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց. նրա նավերը կմնան Արևելյան Միջերկրական ծովում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել պատերազմն այնքան, որքան կպահանջվի. նա հերքել է ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնագրի կնքումը։ Թրամփը պնդում էր, թե Իրանը պատրաստ է գնալ գործարքի։
Իրանը հայտարարել է, որ օգտագործում է իր նոր՝ «Սաջիլ» անվանումով բալիստիկ հրթիռները։
Ամերիկյան երկու ավիակիր՝ «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը», հեռանում են Իրանի ափերից։
Լիբանան
Իսրայելական զորքերը շարունակում են պատերազմը «Հեզբոլլահի» դեմ և գրավում են Լիբանանի ավելի ու ավելի շատ տարածքներ։ Ավելի քան 800 000 մարդ փախչում է իսրայելական ռմբակոծություններից։ Իսրայելական ուժերը հարձակվել են բժշկական կենտրոնի վրա՝ սպանելով 12 բուժաշխատողի։
Իրաք
Իրաքում պրոիրանական խմբավորումները հարձակվել են Բաղդադի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի՝ «Վիկտորի» ճամբարի վրա։ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին տարհանվել Իրաքից։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Քիրքուքում պրոիրանական «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» («Հաշդ ալ-Շաաբի» / PMF) բազաներին։ Իրանը հարձակվել է Բաղդադի օդանավակայանի և Էրբիլի վրա։
Մարտի 15-ին տված հարցազրույցում դեմոկրատ սենատոր Վան Հոլենը հայտարարել է. Թրամփը «գաղափար չունի, թե ուր է տանում այս պատերազմը, իսկ պաշտպանության նախարարը գաղափար չունի, թե ինչ է անում»։ «Այս պատերազմն Ամերիկային և նրա դաշնակիցներին դարձնում է ավելի անպաշտպան։ Նեթանյահուն ասել է, որ 40 տարի սպասել է սրան։ Նրա բախտը բերել է, որ գտել է ԱՄՆ այնպիսի նախագահի, ով բավականաչափ հիմար և անխոհեմ գտնվեց սրան գնալու համար»։
«Չկար ոչ մի անմիջական սպառնալիք։ Իրանը չէր պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Իրանը միջուկային զենք ստեղծելու շեմին չէր գտնվում։ Ոչ մի իրանական հրթիռ ի վիճակի չէ մոտենալ Միացյալ Նահանգների տարածքին»։
Պատերազմն օրական ավելի քան 1 միլիարդ դոլար է արժենում ԱՄՆ-ին։
«Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային այն բանի համար, որ նա ցանկանում էր պատերազմ սկսել Իրանի հետ, քանի որ վատ բանակցող էր։ Բայց Օբաման կնքեց ԳՀՀԾ-ն (JCPOA), իսկ Թրամփը խզեց այդ համաձայնագիրը»։
«Թրամփը չի կարողանում հստակ սահմանել իր ռազմավարությունը. այն անընդհատ փոխվում է», - ասել է սենատորը»:

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան