«Պնդում է, թե «պատմական շրջադարձ» է անում, բայց սպասարկում է թյուրքական օրակարգը»․ Արմեն Հովասափյան
62
Այսօր, 17:48
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը 405 թվականին գտնվել է նույն «խաչմերուկում», ինչ այսօր՝ 2026 թվականին», և որ այդ ժամանակ Մերսոպ Մաշտոցի ուղերձը պետք է ընկալել որպես նմանատիպ պատմական ընտրության արձագանք, առաջին հայացքից կարող է թվալ պատմափիլիսոփայական ընդհանրացում։ Սակայն իրականում այն ավելի շուտ քաղաքական հաղորդակցության հնարք է, որի միջոցով փորձ է արվում ներկա քաղաքական օրակարգը ներկայացնել որպես պատմական անհրաժեշտություն և այն կապել հայկական քաղաքակրթական ամենահեղինակավոր խորհրդանիշներից մեկի հետ։ Ինչ խոսք՝ 405 թվականը հայ պատմության մեջ առանձնահատուկ շրջադարձային ժամանակաշրջան էր։ Հայոց գրերի ստեղծումը տեղի ունեցավ խիստ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Մի քանի տասնամյակ առաջ Հայաստանը բաժանվել էր երկու գերտերությունների միջև, քաղաքական ինքնիշխանությունը խիստ սահմանափակված էր, իսկ հատկապես պարսկական տիրապետության գոտում ակնհայտ էր մշակութային և կրոնական ասիմիլացիայի վտանգը։ Այս պայմաններում հայ գրերի ստեղծումը ոչ թե պարզապես կրթական կամ մշակութային նախաձեռնություն էր, այլ քաղաքակրթական պաշտպանության նախագիծ։ Այն ուղղված էր հայ ժողովրդի լեզվական, կրոնական և մշակութային ինքնությունը պահպանելուն՝ ստեղծելով ինքնուրույն կրթական ու գրական համակարգ։ Այսինքն՝ Մաշտոցի նախաձեռնության բովանդակությունը պաշտպանական էր․ այն նպատակ ուներ ամրապնդել արդեն գոյություն ունեցող ինքնությունը և ապահովել դրա շարունակականությունը մի իրավիճակում, երբ արտաքին քաղաքական ճնշումները սպառնում էին այդ ինքնությանը։ Հետևաբար այդ պատմական դրվագի հիմնական գաղափարական առանցքն ինքնության պահպանումն էր, ոչ թե դրա վերաիմաստավորումը կամ վերաձևումը։ Եթե դիտարկենք ներկա՝ 2026 թվականի աշխարհաքաղաքական իրավիճակը, ապա որոշ մակերեսային նմանություններ, իհարկե, կարելի է գտնել։ Հարավային Կովկասում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, որոնք հատկապես արագացան արցախյան վերջին պատերազմից հետո։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվել է, Ադրբեջանը փորձում է ձևավորել նոր տարածաշրջանային կարգ, Թուրքիան ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, իսկ Ռուսաստանը և Իրանը շարունակում են մնալ կարևոր ռազմավարական դերակատարներ։ Սակայն հենց այստեղ էլ ավարտվում են իրական նմանությունները։ 5-րդ դարի սկզբի պատմական իրավիճակը և ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները բնույթով և տրամաբանությամբ էականորեն տարբեր են։ Մաշտոցի ժամանակաշրջանում հայ քաղաքական և եկեղեցական վերնախավը փորձում էր գտնել մեխանիզմներ, որոնք կպահպանեին ազգային ինքնությունը արտաքին ճնշումների պայմաններում, իսկ ներկայիս քաղաքական խոսույթում հաճախ շեշտադրվում է ոչ այնքան պահպանման, որքան վերաիմաստավորման գաղափարը։ Այս հանգամանքը Փաշինյանի կողմից առաջարկվող պատմական զուգահեռը դարձնում է բավականին վիճելի։ Փաշինյանի նման համեմատությունները սովորաբար ունեն քաղաքական հաղորդակցության հստակ նպատակ։ Առաջինը պատմության միջոցով ինքնալեգիտիմացումն է։ Նա փաստացի փորձում է իր քաղաքական քայլերը ներկայացնել որպես պատմական առաքելություն։ Այս կերպ քաղաքական որոշումները դուրս են բերվում սովորական քաղաքական բանավեճի դաշտից և ներկայացվում որպես պատմական անհրաժեշտություն։ Երկրորդ նպատակն գաղափարական փաթեթավորումն է։ Մաշտոցը հայկական քաղաքակրթության ամենաուժեղ խորհրդանիշներից մեկն է։ Նրա անվան օգտագործումը թույլ է տալիս քաղաքական ուղերձները ներկայացնել ոչ թե որպես կոնկրետ իշխանության քաղաքական ընտրություն, այլ որպես մշակութային կամ քաղաքակրթական վերափոխման գործընթաց։ Այս տեխնիկան քաղաքական հաղորդակցության մեջ հաճախ կիրառվում է այն դեպքերում, երբ իշխանությունը փորձում է բարդ կամ հակասական որոշումները ներկայացնել ավելի բարձր գաղափարական մակարդակում։ Երրորդ կարևոր գործոնը «խաչմերուկի» գաղափարի օգտագործումն է։ Փաշինյանը ստեղծում է այնպիսի իրավիճակի ընկալում, որտեղ ցանկացած արմատական որոշում կարող է ներկայացվել որպես անխուսափելի ընտրություն։ Այսպիսով՝ պատասխանատվությունը որոշ չափով տեղափոխվում է ոչ թե քաղաքական ղեկավարության, այլ պատմական իրավիճակի վրա։ Փաստացի սա Նիկոլի հերթական անհոդաբաշխ պնդումներին պատկանող մի մանիպույլատիվ պնդում է, որի միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն այսօր անում է մի «պատմական շրջադարձ», որը հավասար է գրերի գյուտին, իսկ իրականում նա, լինելով հակազգային, էպոտաժային մի կերպար, բացառապես սպասարկում է թյուրքական օրակարգը»։