Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.

«Չի կարելի բացառել անօդաչուների «շփոթված» թռիչքներ, որոնք կարող են խախտել ՀՀ օդային տարածքը». Վարդան Բալյան

92
Այսօր, 10:24
«Չի կարելի բացառել անօդաչուների «շփոթված» թռիչքներ, որոնք կարող են խախտել ՀՀ օդային տարածքը». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզ համար չափազանց կարևոր է Թուրքիայի արձագանքը Նախիջևանի միջադեպին և քրդական գործոնին։ Երեկ թուրքերը հստակ դիրքավորվեցին որպես հանդիսանալով Նախիջևանի անվտանգության երաշխավոր ըստ 1921թ. Կարսի պայմանագրի, որի մասին հիշատակաությունը Իլհամ Ալիևը հանել է Նախիջևանի սահմանադրությունից։ Այս փաստն ինքնին շատ կարևոր է ու խոսուն։ Հիմա նայենք իրավիճակին հողի վրա։ Նախիջևանի ուղղությամբ անօդաչուի հարձակումից անմիջապես հետո թուրքական 3-րդ դաշտային բանակը սկսել է լրացուցիչ ուժեր և զրահատեխնիկա կենտրոնացնել Իգդիրի շրջանում՝ Նախիջևանի և Իրանի սահմանին։ Թուրքական F-16 կործանիչները և «Akıncı» անօդաչուները մշտական հսկողություն են սահմանել Նախիջևանի օդային տարածքում՝ իրանական նոր ԱԹՍ-ների ներխուժումը կանխելու պատրվակով։
Ըստ որում, պետք է նկատի ունենալ, որ Թուրքիան պաշտոնապես թշնամի է համարում քրդական ցանկացած զինված միավոր, միևնույն ժամանակ կարծես թե «աչք է փակում» քրդական կոալիցիայի գործողությունների վրա Իրանի ներսում։ Անկասկած է, իհարկե, որ քրդական ներթափանցումը հնարավորություն է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին առաջ մղել իրենց շահերը, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ըստ որում, Թուրքիան ստանում է հարմար պատրվակ միջամտության համար և կարող է օգտագործել իրավիճակը Նախիջևանում մշտական ռազմաբազա տեղակայելու կամ նույնիսկ Իրանի տարածքում «անվտանգության գոտի» ստեղծելու համար։ Կան տեղեկություններ, որ Անկարան արդեն պահանջել է Թեհրանից վերահսկել իր սահմանները և «զսպել իր իսկ զենքերը», հակառակ դեպքում սպառնալով պատասխան հարվածներով։
​Իրավիճակը շատ նման է «մեծ պայթյունի» նախօրեի։ Եթե քրդական կոալիցիային հաջողվի հասնել նրան, որ Իրանը կորցնի վերահսկողությունը իր արևմտյան սահմանների նկատմամբ, ապա թուրքերը երկար սպասեցնել չեն տա։
Արձանագրենք, որ մարտի 6-ի առավոտյան դրությամբ քրդական կոալիցիայի տեղեկատվական թևը բավականին ակտիվ էր՝ հրապարակելով նոր տվյալներ իրենց ռազմավարական առաջխաղացման վերաբերյալ։ Քրդերը հայտարարում եբ ռազմավարական «Միջանցքի» ստեղծման մասին, իսկ
​Կոալիցիայի հրապարակած նոր քարտեզները ցույց են տալիս, որ նրանց հիմնական նպատակն է ստեղծել անխափան կապ Իրաքյան Քրդստանի սահմանից մինչև Ուրմիա լճի հյուսիսային ափերը։ Ներկա դրությամբ քրդական ռազմական ջոկատները կենտրոնացած են Մակու-Խոյ-Սալմաստ եռանկյունու վրա։ Սա հենց այն հատվածն է, որը սահմանակից է Նախիջևանին և Թուրքիային։
​Քրդական ուժերը պնդում են, որ վերահսկողություն են հաստատել մի շարք լեռնային անցումների վրա, ինչը թույլ է տալիս զինամթերք տեղափոխել Իրանի խորքերը՝ շրջանցելով հիմնական մայրուղիները։ ​ Կոալիցիայի խոսնակը հայտարարել է, որ իրենք «թիրախավորում են միայն ռեժիմի ռազմական մեքենան» և կոչ են անում տեղի բնակչությանը, այդ թվում՝ ատրպատականցի թյուրքերին միանալ համընդհանուր ապստամբությանը։
​Ահա այս իրավիճակում ​Իրանի իսլամական հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մարտի 6-ի վաղ առավոտյան հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ ցանկացած «օտարերկրյա միջամտություն» կամ «ահաբեկչական ակտ» սահմաններին կստանա հուժկու պատասխան, այդ թվում՝ հարվածներ այն երկրներին, որոնք «ապաստան են տալիս» այդ խմբավորումներին։
​Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար
​Քանի որ բախումները տեղի են ունենում Նախիջևանի և Իրանի սահմանին, Հայաստանի համար սա ստեղծում է անվտանգային նոր մարտահրավերներ։
​Չի կարելի բացառել անօդաչուների «շփոթված» թռիչքներ, որոնք կարող են խախտել նաև ՀՀ օդային տարածքը»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան