Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«Հավաքվել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դավաճան քաղաքականությունը». Նարինե Մկրտչյան

70
Այսօր, 19:24
«Հավաքվել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դավաճան քաղաքականությունը». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «աշխարհահռչակ» «խաղաղության խաչմերուկի» աջակիցները՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոն և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անվանումներով, օրերս Դիլիջանում քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»։ Ես չեմ ցանկանում քննարկել մասնակցիներին անհատապես, թեպետ ոմանց ներկայությունն այդ ֆորումին, ում նաև ճանաչում եմ, առնվազն տարակուսանք է առաջացնում։
Ի՞նչն է միավորում նրանց՝ խաղաղությո՞ւնը, պատերազմի վա՞խը։ Այդ հավաք-քննարկումը վկայում է, որ նրանց միավորում է պարտվողականությունը և անարժանապատվությունը պաշտոնական գաղափարախոություն հռչակած ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը պաշտպանելու՝ ավելի ճիշտ, հաջակցություն այդ քաղաքականության հանրային աջակցության պատրանք ստեղծելու ձգտումը (հրահանգը)։
Դեմքերին լուրջ արտահայտություն տված այս մարդկանց միավորում են նաև տարբեր շահեր՝ մեկը դրամաշնորհներ է պարբերաբար ստանում, մյուսը հույս է տածում, թե առաջիկա ընտրություններում կհայտնվի աղետաբեր այս իշխանության կամ իշխանամերձ կուսակցությունների ցուցակներում, երրորդին՝ Դիլիջանում անվճար հանգստանալու պարզ մղումը։
Մենք հիշում ենք, թե ինչով ավարտվեց հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ հանձնաժողովի գործունեությունը․ հասարակական մերժմամբ և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու երազանքի փառահեղ տապալմամբ։
Ժամանակին այդպես հավաքվում էին նաև մեկ այլ տխրահռչակ կառույցի մասնակիցներ՝ Լազարևյան ակումբի անդամները՝ ռուսական ուղեծրում պտտվող գործիչներով, վերլուծաբաններով՝ որոնելու հայ-ռուսական հարաբերությունների խորացման, իրականում՝ Հայաստանի վասալացումն անշրջելի դարձնելու կրեմլյան քաղաքականությունը։
Դիլիջանյան ֆորումի մասնակցների ամենահայտնի դեմքերի վերլուծությունների հիմքում Արցախի հանձնման հաշվին՝ Փաշինյանի մուրացյալ խաղաղության ծրագրի պաշտպանությունն է։
Արդյո՞ք նրանք չգիտեն, թե ի՜նչ գին է վճարել ժողովուրդը և դեռ շարունակում վճարել այդ խաղաղության համար։ Եթե գիտեն և համաձայն են, ապա իրականում պարզ կոլաբորացիոնիստներ են, եթե գիտեն, համաձայն են չեն, բայց հայտարարում են, թե համաձայն են, ապա անձնական շահ են հետապնդում, իսկ եթե չգիտեն և չեն հասկանում, բայց լուրջ դեմք են ընդունում, թե հասկանում են, ապա հրահանգը շատ ուղիղ են հասկացել։
Ես չգիտեմ, թե այս կազմում եղե՞լ է գեթ մեկը, որը տարակարծիք է եղել հռչակված պաշտոնական պարտվողականությանը և հայ-ադրբեջանական ճարահատյալ երկխոսությանը։ Կասեք՝ ընդամենը վերլուծություն են ներկայացրել, սակայն վերլուծությունը միշտ էլ եզրահագնում է ունենում։ Ո՞րն է եղել այս հավաքի մասնակիցների եզրահանգումը։
Նայե՛ք Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի այսօրվա քարտեզներին և եզրահանգումը հստակ կերևա։ Նրանք հավաքվել են, որ հիմնավորեն և արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և այն հայաթափողների հետ երկխոսության գնալու դավաճան քաղաքականությունը։
Նայե՛ք Արցախի այսօրվա բացակա քարտեզին և հավաքի մասնակիցների համընդհանուր եզրահանգումը պարզ կդառնա»։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան