Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«Իրանի դեմ պատերազմը Հայաստանի համար հղի է տնտեսական լուրջ ռիսկերով»․ Արշալույս Մղդեսյան

74
Այսօր, 17:18
«Իրանի դեմ պատերազմը Հայաստանի համար հղի է տնտեսական լուրջ ռիսկերով»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը Վենեսուելան ու նրա նավթային ռեսուրսները վերցրեց վերահսկողության տակ, իսկ այժմ պատերազմում է Իրանի հետ։ Վերջինս էլ փակել է Հորմուզի նեղուցը՝ միաժամանակ հարվածներ հասցնելով Ծոցի արաբական երկրներին և թիրախավորելով նրանց նավթագազային ենթակառուցվածքները։
Փաստացի, գոնե այս պահին, ամբողջապես կամ մասամբ փակվել է միջազգային շուկան էներգակիրներով սնուցող մի հսկա աղբյուր։ Նավթի խոշորագույն գնորդ երկու պետությունները՝ Հնդկաստանն ու Չինաստանը, այժմ զրկվել են այդ ռեսուրսի ձեռքբերման կարևոր աղբյուրներից։ Ընդ որում՝ Չինաստանը կորցնում է միանգամից մի քանիսը՝ Վենեսուելան, Իրանը և Ծոցի երկրները։ Մեծ հաշվով տուժում է նաև Հնդկաստանը՝ հաշվի առնելով նույն Իրանից և Ծոցի արաբական երկրներից էներգակիրների ներկրման բարդությունները։
Արդյունքում նավթի գինն աճում է՝ վերջին 1,5 տարում առաջին անգամ հատելով 83-84 դոլարը: Հնդկաստանն արդեն մտածում է ՌԴ-ից նավթի ներկրման ծավալներն ավելացնելու մասին։ Չինաստանը ևս ռուսական էներգակիրների խոշոր գնորդ է, և այլ այլընտրանք չգտնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, նույնպես կարող է մեծացնել ՌԴ-ից ներկրման ծավալները։
Նման զարգացումների դեպքում Ռուսաստան-Ասիա «հաշվենկատ ամուսնության» մեջ դիրքերի փոփոխություն տեղի կունենա։ Պեկինն ու Նյու Դելին գին և պայմաններ թելադրողի դիրքերից կարող են վերածվել դրանք ընդունողի։ Եթե անգամ նման դրամատիկ փոփոխություն չլինի, նոր իրողություններում գին և պայման թելադրելու հարցում Մոսկվայի ձայնն անհամեմատ ավելի լսելի կդառնա։
Սա ոչ լավ է, ոչ վատ. սա պարզապես նոր իրողություն է, եթե, իհարկե, Իրանում պատերազմը վերածվի տևական բախման՝ իր տարածաշրջանային ծավալներով ու հետևանքներով։ Թվում էր, թե Ռուսաստանի իրավիճակային դաշնակից Իրանի դեմ պատերազմը պետք է մեծ հարված լինի Մոսկվայի համար: Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դիրքերի թուլացման տեսանկյունից մեծ հավանականությամբ հենց այդպես է, բայց գոնե տնտեսական առումով՝ ամեն բան ավելի բարդ է: Մի խոսքով՝ «It's a complicated»:
Կարող է թվալ, թե այս իրավիճակից Հայաստանը մի փոքր կշահի, եթե այս պատերազմի պատճառով ոսկու և պղնձի գները շարունակեն աճել։ Պատերազմների և անկայունության ժամանակ սովորաբար այս երկուսն էլ մեծ պահանջարկ ունեցող ապրանքներ են. ոսկին սկսում են կուտակել որպես պահուստային ակտիվ, իսկ պղինձը էլ ավելի մեծ մասշտաբով կիրառվում է տարաբնույթ չիպերի և ռազմաարդյունաբերության մեջ։
Սակայն Հայաստանի պարագայում ռիսկերն անհամեմատ ավելի շատ են։ Նախ, սա լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությանը։ Երկրորդ՝ այն հղի է տնտեսական լուրջ ռիսկերով։ Հայաստանի արտաքին առևտրի 20-25%-ն անցնում է Իրանի տարածքով։ Դրան գումարած՝ Հայաստանն Իրանից գազ է ներմուծում բարտերային սխեմայով՝ դրա դիմաց վճարելով էլեկտրաէներգիայով»։